Home » 2012 » Օգոստոս » 11 » Նորություններ ֆուտբոլի աշխարհից. Խճանկար
21:15
Նորություններ ֆուտբոլի աշխարհից. Խճանկար
  Աշխարհը շարունակում է ապրել ֆուտբոլով, իսկ լրատվական աշխարհը դեռևս չի մոռանում ամեն օր օպերատիվ կերպով անդրադառնալ ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցող նոր իրադարձություններին, տրանսֆերային շուկայի զարգացումներին ու նորություններին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում օրվա լավագույն ֆուտբոլային նորությունների խճանկարը:
*** Անգլիական "Պրեմիեր լիգայի" ներկայացուցիչ համեստ "Սուոնսիի" 22-ամյա երիտասարդ կիսապաշտպան Ջո Ալլենը երեկ պաշտոնապես դարձել է մերսիսայդյան "Լիվերպուլի" ֆուտբոլիստ: Երիտասարդ խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր, բայց թե ինչքան է վճարել նրա համար "Լիվերպուլը" ու թե որքան գումար կաշխատի ֆուտբոլիստը մերսիսայդյան "կարմիրների" կազմում, դեռևս հստակ հայտնի չէ: "Ինչ-որ տարօրինակ զգացումներ եմ ապրում: Բոլորին է հայտնի, թե ինչպիսի ավանդույթներ ունի "Լիվերպուլը" և ինչքան հարուստ պատմություն: Ես շատ ուրախ եմ, որ այսքան վաղ տարիքում հայտնվել եմ հենց այս ակումբում",- ասել էր երիտասարդ հարձակվողական ոճի կիսապաշտպանը, ով այս տրի խաղացել է նաև Մեծ Բրիտանիայի թիմում:
*** Մադրիդի "Ռեալի" արգենտինացի հարձակվող Գոնզալո Հիգուայինը մոտ օրերս նոր համաձայնագիր կկնքի "Արքայական ակումբի" ղեկավարության հետ, ըստ որի` մինչև 2018թ.-ը ինքը կհամարվի արդեն "սերուցքային": Ըստ նոր կնքվելիք պայմանագրի` արգենտինացին տարեկան կվաստակի 4.5 մլն եվրո: Հարկ է նշել, որ գործող պայմանագիրը վավերական էր մինչև 2013թ.-ի հունիսի 30-ը, իսկ այս տրանսֆերային պատուհանի բացվելուն պես 24-ամյա հայտնի ֆուտբոլիստը պաշտոնապես հրաժարվել էր Թուրինի "Յուվենթուս" տեղափոխվելուց:
*** Իտալական "Սամպդորիայի" երիտասարդ կիսապաշտպան Անդրեա Պոլին 2013թ.-ին կտեղափոխվի թուրինյան "Յուվենթուս", որը օրերս կարողացել է վերջնականապես համաձայնության գալ "Սամպդորիայի" ղեկավարության հետ: "Ծեր Սինյորան" արդեն հիմա գնել է խաղացողի տրանսֆերի մոտ 50 տոկոսը, իսկ մնացած մասը պարտավոր է գնել արդեն գալիք տարում` 2013թ.-ի ամռանը: Թե ինչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ եղել ֆուտբոլիստին գնելու համար, դեռևս ոչ ոքի հայտնի չէ: 
*** Միլանի "Ինտերը" լրջորեն դիտարկում է լոնդոնյան "Արսենալի" 23-ամյա եզրային կիսապաշտպան Թեո Ուոլքոթի շատ հավանական տրանսֆերը դեպի Իտալիա, սակայն թե ինչքան գումար է մտադիր ծախսել խաղացողին գնելու համար, դեռևս ոչ մի տեղ չի նշվում: Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի և "Արսենալի" ղեկավարության միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2013թ.-ի ամռան վերջը: Ավելին` ներկա պահին թե՛ Թեո Ուոլքոթը, թե՛ "Արսենալի" ղեկավարությունը երկկողմ բանակցություններ են վարում այդ նույն համաձայնագիրը երկարաձգելու կապակցությամբ, քանի որ անցած մրցաշրջանում 35 հանդիպման մասնակցած, 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ դարձած ֆուտբոլիստը բավական մեծ դերակատարում ունի Արսեն Վենգերի երիտասարդ թիմում և համարվում է ակումբի անձեռնմխելի ֆուտբոլիստների մեկը:
*** Ինչպես հայտնում են բրիտանական մարզական հայտնի լրատվամիջոցները, Լոնդոնի "Չելսիի" բելգիացի տաղանդավոր հարձակվող Ռոմելու Լուկակուն գալիք մրցաշրջանն արդեն վարձավճարային հիմունքներով էլ կանցկացնի "Վեսթ Բրոմվիչ" ակումբի կազմում: "Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ ես կկարողանամ այդ թիմի կազմում դուրս գալ խաղադաշտ: "Վեսթ Բրոմվիչը" "Չելսիի" պես ելույթ է ունենում "Պրեմիեր լիգայում", իսկ դա արդեն նշանակում է, որ այնտեղ խաղալն ինձ համար լավ դպրոց կլինի",- ասել է 19-ամյա սևամորթ հարձակվողը, ով անցած մրցաշրջանում է բելգիական "Անդերլեխտից" տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
*** Իսպանական "Մալագայի" գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ թիմից ու միայնակ թողնել ակումբին նման անպատեհ պահին: "Ես մնում եմ թիմում և պատրաստ եմ օգնել ակումբին դուրս գալ այս ծանր իրավիճակից: Հանգիստ կլինեմ այն ժամանակ, երբ վերջապես հասկանամ, թե ովքեր են մնալու թիմում, իսկ ովքեր կհեռանան: Ես պատասխանատու եմ այդ տղաների կարիերայի համար, քանի որ խնդրել եմ նրանց պաշտոնական բողոք չներկայացնել իրենց թիմի դեմ, որն անընդհատ ուշացնում է աշխատավարձը: Ես դեռ լավ հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության հետ և որևէ խնդիր չկա, որ ես շարունակեմ աշխատել "Մալագայի" հետ",- ասել է հայտնի մասնագետը:
*** Անգլիական "Լիվերպուլը" պատրաստակամություն է հայտնել լուրջ դիտարկելու իր 27-ամյա առաջատար պաշտպան Դանիել Ագգերին վաճառելու տարբերակը, եթե նրանով հետաքրքրվող թիմը կվճարի ավելի քան 25 մլն ֆունտ: Վերջերս դանիացի պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էր երկրի չեմպիոն "Մանչեսթեր Սիթին", որը պաշտպանի համար առաջարկում է 18 մլն ֆունտ: "Լիվերպուլի" ղեկավարությունը ֆուտբոլիստի հետ դեռևս գործող պայմանագիր ունի, համաձայն որի` դանիացին մերսիսայդյան "կարմիրների" կազմում դեռևս երկու մրցաշրջան պետք է անցկացնի, իսկ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններն արդեն ցայտնոտում են հայտնվել: Հարկ է նշել, որ եթե դանիացի ուժեղ պաշտպանը ամեն դեպքում հայտնվի "Սիթիում", չի բացառվում, որ "քաղաքայինների" 25-ամյա կիսապաշտպան Ադամ Ջոնսոնն էլ կարող է հակառակ ուղղությամբ գնալ:
*** Մադրիդի "Ռեալը" օրերս նոր համաձայնագիր է կնքել նաև թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի հետ, ըստ որի` 24-ամյա ֆուտբոլիստը "Արքայական թիմի" կազմում էլ հանդես կգա մինչև 2018թ.-ը: "Շատ ուրախ եմ, որ ակումբն ինձ հնարավորություն տվեց նոր համաձայնագիր կնքելու: Սա էլ նշանակում է, որ այստեղ գնահատում են իմ աշխատանքը: Ինձ շատ լավ եմ զգում որպես "Ռեալի" ֆուտբոլիստ",- ասել է անցած մրցաշրջանում 32 հանդիպման մասնակցած և 7 գոլի հեղինակ դարձած տաղանդավոր ֆուտբոլիստը:
*** Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն էլ հույս է հայտնել, որ իր ակումբակից բրազիլացի Կական կարիերան կշարունակի "Արքայական ակումբի" կազմում: "Կգնա՞, թե՞ կմնա Կական մեր թիմում, կախված է միայն անձամբ իրենից: Ես կարծում եմ, որ նա դեռևս պետք է մնա մեզ մոտ: Ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, իսկ բոլոր լավագույնները խաղում են աշխարհի լավագույն ակումբում` Մադրիդի "Ռեալում": Այնպես որ շատ կուզեի, որ բրազիլացի կիսապաշտպանը մնար մեր ուժեղ թիմում",- ասել է պորտուգալացի վիրտուոզ ֆուտբոլիստը:
*** Բիլբաոյի "Ատլետիկի" առաջատար հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեն օրերս մերժել է թիմի ղեկավարության` իր պայմանագիրը երկարաձգելու առաջարկը և արդեն պատրաստվում է հեռանալ թիմից: Թեև ըստ նոր պայմանագրի ֆուտբոլիստը կարող էր թիմում տարեկան 4,5 մլն եվրո վաստակել, սակայն Եվրոպայի 27-ամյա չեմպիոնը որոշել է այլևս չխաղալ "Ատլետիկի" կազմում: Ֆեռնանդո Լյորենտեն ցանկանում է հանդես գալ "Չեմպիոնների լիգայի" մրցաշարում, այդիսկ պատճառով էլ այլևս չի ցանկանում հանդես գալ "բասկերի" կազմում: Այս պահին տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է միմիայն թուրինյան "Յուվենթուսը", որը պատրաստ է մոտ 20 մլն եվրո առաջարկել հարձակվողի տրանսֆերը գնելու համար: Հարկ է նշել միայն, որ 27-ամյա խաղացողի պայմանագիրը "Ատլետիկի" հետ գործում է մինչև 2013թ.-ի հունիսի 30-ը:
*** Արգենտինական "Ռիվեր Փլեյթի" 18-ամյա տաղանդավոր ու բավական արդյունավետ հարձակվող Լուկաս Օկամպոսը, ով համարվում է Արգենտինայի ազգային ընտրանու ապագա հաղթանակների հույսն ու կերտող, մոտ ժամանակներս արդեն կդառնա ֆրանսիական "Մոնակոյի" ֆուտբոլիստ, որը ներկայումս պատրաստ է խաղացողի համար ավելի քան 14 մլն եվրո վճարել: "Ռիվեր Փլեյթը" կստանա այդ գումարի կեսը միայն, քանի որ այդ ակումբին է պատկանում խաղացողի տրանսֆերի միայն 50 տոկոսը, իսկ մյուս մասերը պատկանում են խաղացողի նախկին ակումբին` "Կիլմեսին", և ինչ-որ արգենտինական անհայտ մի ընկերության, որը գնել է այս տաղանդավոր խաղացողի տրանսֆերի մի մասը այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը դեռ նոր էր ֆուտբոլ խաղում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0