Home » 2013 » Ապրիլ » 27 » ՆՈՍՏԱԼԳԻԱ. ԱԱ 2010-ում Կասիլյասի սեյվերը
18:17
ՆՈՍՏԱԼԳԻԱ. ԱԱ 2010-ում Կասիլյասի սեյվերը
 Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի "Ռեալի" ավագի թևկապով այս լեգենդին արդեն 4 ամիս չենք տեսել խաղադաշտում այն բանից հետո, երբ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում "Վալենսիայի" հետ հանդիպման ժամանակ Իկեր Կասիլյասը, բախվելով Արբելոային, վնասեց ձեռքը: Մինչև այդ վնասվածքն էլ արդեն նկատելի էր, որ մարզիչը քիչ էր վստահում Կասիլյասին՝ մեկնարկային կազմում ընդգրկելով թիմի երկրորդ դարպասապահ Ադանին:
  Կասիլյասի վնասվածքից հետո "սերուցքայինները" ձեռք բերեցին նոր դարպասապահի՝ Դիեգո Լոպեսին, ով շատ հաջող մեկնարկեց և աչքի ընկավ բազմաթիվ գեղեցիկ ու կարևոր սեյվերով: Սակայն ֆուտբոլասեր հանրությունը, հատկապես՝ "Ռեալի" երկրպագուները, դեռ կարոտում են իրենց իսկական ավագին: 
  Վնասվածքից ապաքինվելու ընթացքում (Խմբ. ապաքինման համար բժիշկները սահմանել էին 4 շաբաթ), Կասիլյասը հայտնել էր, որ շատ է ուզում շուտ վերադառնալ խաղադաշտ: Սակայն, ինչպես տեսնում ենք, արդեն 4-րդ ամիսն է, ինչ Կասիլյասը չի կարողանում վերադարձնել իր տեղը թիմի մեկնարկում:
  Մադրիդի "Ռեալի" սանը իր ժամանակին թիմի մեկնարկային կազմում փոխարինեց գերմանացի դարպասապահ Բոդո Իլգներին, ում կարիերան արդեն ավարտվում էր, և վերջինիս փոխարինող Բիզզարիին, ով շատ հաճախ էր սխալվում: Այդ ժամանակ մադրիդցիների գլխավոր մարզիչը Ջոն Տոշակն էր: Բիզզարիի հերթական սխալը Դել Բոսկեին ստիպեց, որ մարզչի երեսին ասի, թե արդեն ժամանակն է Իկերին վստահելու "սերուցքայինների" դարպասը, մարզիչն ընդունեց այդ դիտողությունը, բայց անհաջող մրցաշրջանից հետո Տոշակը հեռացավ մադրիդյան ակումբից՝ տեղը զիջելով հենց Վիսենտե Դել Բոսկեին: Այդպես դեռ 17-ամյա Իկերը հայտնվեց "Ռեալի" հիմնական կազմում, դարձավ ակումբի թիվ 1-ը և վստահ քայլերով սկսեց բարձրանալ ֆուտբոլային աստիճաններով:
 2000թ.-ի գարնանը Իկերը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը, ով հաղթել է "Չեմպիոնների լիգան": Իսկ մի քանի ամիս անց նա հրավիրվեց և ազգային հավաքական. 2002թ. ԱԱ մրցաշարից առաջ վնասվածք էր ստացել հավաքականի հիմնական դարպասապահ Սեսար Սանչեսը, բացառված էր նաև երկրորդ դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի մասնակցությունը: Եվ Իկերը դարձավ հիմնական կազմի խաղացող՝ փայլուն սեյվերով հիացնելով գրեթե բոլորին ու դարպասում իր տեղը երկարաժամկետ ամրապնդելով (Իռլանդիայի հավաքականի հետ խաղում նա հետ մղեց 11 մետրանոց հարվածը, 2 անգամ կարողացավ շեղել գնդակի ուղղությունը հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ):
  30 տարեկանում էլ ֆուտբոլում հնարավոր բոլոր տիտղոսները նվաճած դարպասապահը (Կասիլյասը անհատական տիտղոսներից չի արժանացել միայն ՖԻՖԱ-ի "Ոսկե գնդակին") տանջվում է, երբ գոլ է բաց թողնում, նույնիսկ եթե իր թիմը հաղթում է 5-1 հաշվով:
  Այժմ առաջարկում ենք ֆուտբոլասերներին ԱԱ 2014-ի մրցաշարին նախընթաց վերհիշել ԱԱ 2010-ում Իկերի կատարած սեյվերը, որոնք ևս մեծապես նպաստեցին իսպանացիների չեմպիոնությանը:
  Հ.Գ.: Հիշեցնենք, որ մինչև 2010 թվականը Եվրո 2008-ի չեմպիոն Իկեր Կասիլյասն իր հարցազրույցներում հաճախ նշում էր, որ իր միակ երազանքն է հաղթել Մունդիալում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0