Պորտուգալական ոստիկանության էկոնոմիկական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը հետաքննում է 2010թ.-ին կայացած ֆուտբոլային տրանսֆերի մանրամասները, երբ պորտուգալական "Վիտորիա Գիմարայնշի" խաղացող Բեբեն տեղափոխվեց անգլիական "Մանչեսթեր Յունայթեդ": Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 7.5 մլն ֆունտ, սակայն տրանսֆերը հաստատող հաշվետվության մեջ "կորել" է 3 մլն ֆունտ: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է կորչել այդ գումարը: Ըստ բրիտանական Daily Mail պարբերականի ունեցած տեղեկությունների` հաղորդվում է, որ այդ գումարը փոխանցվել է ֆուտբոլիստի գործակալին, սակայն այն գործակալությունում, որտեղ աշխատում է վերջինս, դրա մասին ոչ մեկը ոչ մի բան չգիտի: Հիշեցնենք, որ Բեբեի տրանսֆերն Ալեքս Ֆերգյուսոնի համար իսկական ձախողություն էր, քանի որ ֆուտբոլիստը ոչ մի բան չկարողացավ ցուցադրել: Հավելենք, որ Սըր Ալեքսին հենց Կառլուշ Կեյրուշն էր խորհուրդ տվել գնել Բեբեին, ով այժմ վարձակալական հիմունքներով խաղում է թուրքական "Բեշիկթաշում":
|