20:48 "Ռեալը" գնում է Մոդրիչ, սակայն մերժում է "ՊՍԺ"-ի ֆանտաստիկ առաջարկը | |
Այսօր բավական հետաքրքիր երկու` միմյանցից տարբեր լուրեր են տարածվել Մադրիդի "Ռեալի" վերաբերյալ: Նախ կեսօրից հետո բրիտանական մարզական լրատվամիջոցները սկսեցին հաղորդել, թե իբր այսօր լոնդոնյան "Տոտենհեմի" խորվաթ 26-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ամեն դեպքում կդառնա "Արքայական ակումբի" լիիրավ խաղացող, ընդ որում` տաղանդավոր ֆուտբոլիստի համար "Ռեալը" կվճարի մոտ 32 մլն եվրո և ոչ ավելին: Իր հերթին էլ "Տոտենհեմը" ստացված գումարի մի մասը կօգտագործի ֆրանսիական "Ռենն" ակումբի 22-ամյա խաղացող Յանն Մ'Վիլլային գնելու համար: Այդ տրանսֆերը գնահատվում է մոտ 15 մլն եվրո: Իհարկե, ավելի վաղ հաղորդել էինք, որ "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը որպես խորվաթ ֆուտբոլիստի փոխարինող տեսնում էր "Պորտուի" առաջատար Ժոաու Մոուտինյոյին, սակայն պորտուգալական ակումբն իր առաջատար խաղացողի համար պահանջել է մոտ 40 մլն եվրո, ինչը դուր չի եկել "Տոտենհեմի" ժլատ ու համառ ղեկավարությանը:
Ավելի ուշ` երեկոյան էլ իսպանական հանրահայտ պարբերականները սկսեցին գրել, թե իբր այսօր Մադրիդի "Ռեալը" պաշտոնական առաջարկ է ստացել ֆրանսիական "ՊՍԺ"-ից, որը ցանկություն է հայտնել շուրջ 40 մլն եվրոյով գնելու "սերուցքայինների" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային: Թե՛ ֆուտբոլիստը, թե՛ իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կտրուկ կերպով չեն ցանկացել նման տրանսֆեր, ինչի արդյունքում էլ առաջարկը մերժվել է: Այժմ սպասվում է, որ "ՊՍԺ"-ն հանդես կգա նոր առաջարկով: | |
|
Total comments: 0 | |