Home » 2011 » Հուլիս » 14 » Շեյխ Մանսուր. նա եկավ, որպեսզի ֆուտբոլում մտցնի նոր կանոններ
07:22
Շեյխ Մանսուր. նա եկավ, որպեսզի ֆուտբոլում մտցնի նոր կանոններ
2008 թվականին արաբ Շեյխ Մանսուրը ձեռք բերեց անգլիական "Մանչեսթեր Սիթի" ակումբի բաժնետոմսերի 90 տոկոսը, իսկ ևս մեկ տարի անց գնեց ևս 10 տոկոսը: Ֆուտբոլային աշխարհում այդ օրվանից սկսեց գլուխ բարձրանալ միլիոնավոր դոլլարների վրա կառուցվող "Մանչեսթեր Սիթին": Շեյխ Մանսուր բին Զայեդ ալ-Նախյանը փորձեց կրկնել Ռոման Աբրամովիչի ճանապարհը, ով ֆուտբոլային ակումբ "Չելսին" շատ կարճ ժամանակահատվածում վերածեց Եվրոպայի ամենաուժեղ ակումբերից մեկի:
   Շեյխ Մանսուրը ծնվել է 1971թ.-ի օգոստոսի 5-ին` Աբու-Դաբիում` Արաբական Միացյալ Էմիրություններում:  Շեյխ Մանսուրը Էմիրատներում իշխող արքայական տոհմի անդամներից է:
   Deloitte Sports Business Group ընկերության վերլուծաբանները հաշվել են, որ Շեյխ Մանսուրի ծախսած գումարների արդյունքում "Մանչեսթեր Սիթին" գլխավորում է ֆուտբոլային ակումբների ցուցակը` ըստ գումարների վատնման (2010թ.-ի ամառ): 2010թ.-ի ամռանը "Մանչեսթեր Սիթիի" ծախսած 125 միլիոն եվրոն ռեկորդային ցուցանիշ էր անգլիական "Պրեմիեր լիգայի" համար, և երկրորդ տարին անընդմեջ "Սիթին" ամենաշատ գումարն էր ծախսել խաղացողներ ձեռք բերելու համար Անգլիայում` գրում է Bloomberg հանդեսը: 2008թ.-ից մինչև 2010թ.-ի ամառ "Մանչեսթեր Սիթին" նոր խաղացողների ձեռքբերման համար վատնել է ավելի քան 350 միլիոն եվրո:
   Կարծես թե ՈւԵՖԱ-ն ցանկանում է լուրջ վերահսկողություն մտցնել ֆուտբոլային ակումբների տրանսֆերային գործունեության մեջ, և թիմերին թույլ տալ գնել ֆուտբոլիստների` ըստ սեփական բյուջեի չափի: Սա ՈւԵՖԱ-ի համար լինելու է ծանրագույն մի գործընթաց, և ֆուտբոլի հետագա զարգացումը մեծապես կախված է այս հարցում ՈւԵՖԱ-ի վարած քաղաքականությունից:
   Արդեն իսկ այս ամռանը "Մանչեսթեր Սիթին" հասցրել է երկու տրանսֆեր իրականացնել, որոնք բավականին համեստ բնույթ ունեն: Սակայն արաբական մուլտիմիլիարդատերերից միշտ ավելին է պետք սպասել: Լուրեր են պտտվում Սերխիո Ագուերոյին ձեռք բերելու մասին, ինչը "Սիթիի" վրա կնստի ոչ պակաս, քան 40 միլիոն եվրո: Սակայն ոչ բոլոր դեպքերում են "Մանչեսթեր Սիթիի" կատարած տրանսֆերները համապատասխանում մարդկային բանականությանը. ասենք ինչո՞ւ անցած ամռանը Ռոբերտո Մանչինին գնեց եզրային երկու պաշտպանների` Ալեքսանդր Կոլարովին և Ժերոմ Բոատենգին, այն դեպքում, որ թիմում էր նաև Ուեյն Բրիդջը: Այս պաշտպաններից երկուսը նոմինալ ձախ պաշտպաններ են, իսկ Բոատենգը կարող է խաղալ նաև աջ եզրում, սակայն կարծես թե նրան գնել էին ձախ եզրում խաղալու համար, քանի որ աջ պաշտպան Միկա Ռիչարդսի հնարավորությունների վրա դեռևս ոչ ոք չի համարձակվում կասկածել: Առավել քան զարմանալի է այն, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ "Քաղաքայինների" գնած առաջին ֆուտբոլիստը հենց ձախ եզրային պաշտպան է` Գայել Կլիշին: Եվ այս ամենը, մեղմ ասած, զարմանալի է: Հատկանշական է "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարներից մեկի` Բրայան Մարվուդի հայտարարությունը. "Հաճելի է, որ մենք ունենք այնպիսի սեփականատերեր, ովքեր պատրաստ են իրենց հսկայական միջոցները ծախսել թիմի հզորացման համար":
   Որքա՞ն է շարունակվելու այս ամենը, հայտնի չէ և ոչ մեկին: Սակայն մեկ բան կամ ավելի ստույգ մեկ ցանկություն պարզ է բոլոր ողջամիտ ֆուտբոլասերների մոտ` այսպես շարունակվել այլևս չի կարող, և միլիարդավոր դոլլարների վատնումը ֆուտբոլում պետք է կասեցվի ՈւԵՖԱ-ի կողմից: Մնում է նաև մեկ անհայտ հարց` կկարողանա՞ արդյոք ՈւԵՖԱ-ն կասեցնել այս ամենը և ֆուտբոլը մաքրել մեգամիլիարդներից, ինչին շատերս արդեն իսկ չենք հավատում:
                                                                                                                           Նարեկ Ղարդյան
Աղբյուրներ` sportbox.ru
                     bfm.ru
                     ru.wikipedia.org
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 760 | Added by: mu | Tags: Նարեկ Ղարդյան, ՈՒԵՖԱ, Մանսուր բին Զայեդ ալ-Նախյան, Մանչեսթեր Սիթի, Շեյխ, Եվրոպայի ամենաուժեղ ակումբ, Աբու-Դաբի, դոլլար, Ռոման Աբրամովիչ, Չելսին | Rating: 5.0/10
Total comments: 8