08:41 Շշուկներ կան Եվրոպայում. Մաս 5 | |
![]() *** Հոլանդական "Հերենվենի" մարրոկացի առաջատար հարձակվող Ուսսամա Ասսաիդին, ամենայն հավանականությամբ, իր հետագա ֆուտբոլային կարիերան կշարունակի թուրքական "Գալաթասարայում": Կողմերը վաղուց արդեն պայմանավորվել են: Կարծիք. Ընդամենը 1 տարուց տղան կարող էր անվճար բաժին ընկնել ինչ-որ թիմի, իսկ այսպես նրա համար գումար կվճարվի: *** Ռուսաստանի ֆուտբոլային միությունը լրջորեն մտադիր է իր երկրի ազգային հավաքականի մարզչի պաշտոնն առաջարկել իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելլոյին, ով ներկայումս աշխատանք չունի: Սպասվում է, որ մոտ ժամանակներս արդեն կսկսվեն մարզչին Ռուսաստան հրավիրելու կազմակերպված աշխատանքները, իսկ մինչ այդ ազգային թիմը կմարզի Ալեքսանդր Բորոդյուկը, ով "Դինամոյի" փոխնախագահն է: Նրա գլխավորությամբ ընտրանին օգոստոսի 15-ին ընկերական խաղի կմասնակցի: Կարծիք. Իհարկե, դեռ անհնար է թվում, որ ռուսները կկարողանան գրավել Ֆաբիո Կապելլոյին, սակայն ով գիտե, գուցե իտալացի հայտնի մասնագետը հետևի իր հայրենակից Լուչիանո Սպալետտիի օրինակին և սկսի մարզել Ռուսաստանի ազգային ընտրանին: *** Արգենտինական "Ռիվեր Փլեյթի" գլխավոր մարզիչ Մաթիաս Ալմեյդան, ով օրերս է նոր համաձայնագիր կնքել թիմի հետ, ասել է, թե թիմում ինչ փոփոխություններ են սպասվում` նշելով, որ իր հարձակվողներ Ֆեռնանդո Կավենագին և Ալեխանդրո Դոմինգեսը ստիպված են հեռանալ թիմից: "Շնորհակալ ենք նրանց իրենց կատարած աշխատանքի համար, բայց մեր թիմը պետք է լինի ավելի արագ և ագրեսիվ, իսկ այդ տղաները չեն համապատասխանում մեր նոր խաղաոճին",- ասել է "Ռիվեր Փլեյթի" գլխավոր մարզիչը: Կարծիք. Ֆեռնանդո Կավենագին, ամենայն հավանականությամբ, երևի թե Եվրոպա էլ չի վերադառնա, քանի որ նա այլևս անելիք չունի, իսկ ահա Ալեխանդրո Դոմիգեսը, ով պատկանում է իսպանական "Վալենսիային", կփորձի ցույց տալ, որ ունակ խաղացող է: *** Բրազիլական "Վասկո դա Գամա" ակումբի և Բրազիլիայի ազգային ընտրանու խաղացող Ռոմուլո Բորխես Մոնտեյրոն կարող է իր ֆուտբոլային կարիերան շարունակել Մոսկվայի "Սպարտակում": Խաղացողի համար առաջարկվում է 8 մլն եվրո, որը թերևս քիչ է նման խաղացողի համար, սակայն "Վասկո դա Գամայի" ղեկավարությունը պատրաստ է այդքանով էլ վաճառելու նրան: Կարծիք. Խաղացողի ծառայություններով ժամանակին հետաքրքրվում էին եվրոպական գրանդները` "Յուվենթուսը", "Նապոլին" ու "Ինտերը", որոնք ամեն ինչ անում էին նրան ձեռք բերելու համար, բայց "Սպարտակը" բոլորից շատ ու շուտ շահեց այս հարցում: *** Անգլիական "Լիվերպուլի" և իտալական "Ինտերի" նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով այսօր աշխատում է ոչ իր մասնագիտությամբ (Խմբ. նա ֆուտբոլային մեկնաբան է EuroSport հեռուստաընկերությունում), մերժել է իտալական "Ա Սերիա" վերադարձած "Սամպդորիայի" ղեկավարության` իրենց թիմը գլխավորելու առաջարկը: Ըստ որոշ տեղեկությունների` Բենիտեսը չի ցանկացել աշխատել մի թիմում, որը դեռ ամբողջովին կազմավորված չէ: Այժմ իտալական թիմը մտածում է Դիդյե Դեշամի մասին: Կարծիք. Իհարկե, հենց սկզբից էլ կարելի էր սպասել, որ Ռաֆա Բենիտեսը կմերժի, քանի որ "Սամպդորիան" դեռևս իր կազմում չունի համապատասխան ֆուտբոլիստներ, որոնց միջոցով կարելի է հավասարը հավասարի խաղալ ուժեղ թիմերի հետ: *** Կիևի "Դինամոյի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքսանդր Ալիևը օրերս հանվել է տրանսֆերի, քանի որ այսօր թիմի ղեկավարությունը ցանկանում է արագորեն ձեռբազատվել այդ խաղացողից: Անցած մրցաշրջանի վերջում Ալեքսանդր Ալիևն այլևս հիմնական կազմի խաղացող չէր և իմաստ չկա թիմում պահել բարդ բնավորության տեր այդ ֆուտբոլիստին: "Մենք հաստատ չենք ցանկանում այդպիսի բարձրակարգ ու փորձառու խաղացողին նստեցնել պահեստայինների շարքում, և լավ հնարավորություն ենք տալիս նրան, որպեսզի կարողանա շարունակել կարիերան",- ասել է թիմի գլխավոր մարզիչ, ռուս մասնագետ Յուրի Սյոմինը: Կարծիք. Վերջերս գնելով Նիկո Կրանչարին` կարելի էր սպասել, որ Ալեքսանդր Ալիևը կհանվի տրանսֆերի. ո՞ւմ է պետք այլևս: *** Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարան կարող է շատ մոտ օրերս տեղափոխվել իտալական "Միլան", որը լրջորեն ցանկանում է համալրում ունենալ կիսապաշտպանական գծում: Խաղացողն այժմ գտնվում է հեռավոր Ամերիկայում, որտեղ իր հանգիստն է վայելում, իսկ Եվրոպա վերդառանալուն պես նա կարող է դառնալ "Ռոսսոների": Կարծիք. Ժոզե Մոուրինոյն դժվար թե իր ձեռքից բաց թողնի ունիվերսալ այս խաղացողին, եթե իհարկե "Արքայական ակումբը" իր խաղացողին ցանկացող թիմից չստանա համապատասխան տրանսֆերային փոխհատուցում, որը շուրջ 20 մլն եվրո է կազմում: *** Անգլիական "Բլեքբեռնի" 29-ամյա արագավազ հարձակվող Յակուբու Այեգբենին իր հետագա կարիերան կշարունակի չինական "Հունաչժոու Ֆուլի" ակումբում, որի հետ արդեն 3 տարվա պայմանագիր է ստորագրել` բավական շահավետ աշխատավարձով: Կարծիք. Ինչո՞ւ պետք է անգլիական "Պրեմիեր լիգայից" խաղացողը մեկնի հեռավոր Չինաստան: Միմիայն փողի, փողի համար: *** Լոնդոնի "Չելսիին" պատկանող բելգիացի 20-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան այս տարի էլ կրկին վարձավճարային հիմունքներով կխաղա Մադրիդի "Ատլետիկոյում": Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, այս տարի էլ դարպասապահը կլինի թիմի առաջատարներից մեկը. նրան արդեն իսկ խոստացել են մշտական ելույթներ թիմի հիմնական կազմում: Կարծիք. Ամենայն հավանականությամբ, 2013/14 մրցաշրջանում էլ Տիբո Կուրտուան "Չելսիի" խաղացող դեռ չի լինի, քանի որ չեխ դարպասապահ Պետեր Չեխն ուղղակի հիանալի է կատարում իր աշխատանքը` տապալելով իր բոլոր մրցակիցներին: *** Կատալոնական "Բարսելոնայի" ղեկավարությունը երեկ հայտարարել է Խորդի Ալբայի տրանսֆերի կայացման մասին` նշելով, որ իսպանացի եզրային պաշտպանի համար վճարել են շուրջ 14 մլն եվրո տրանսֆերային փոխհատուցում: Այժմ Իսպանիայի ընտրանու կազմում Ուկրաինայում գտնվող խաղացողը հուլիսի 5-ին բժշկական զննում կանցնի ու 5 տարվա պայմանագիր կկնքի: Կարծիք. Ամեն դեպքում "Բարսելոնան" չկարողացավ այս անգամ կոտրել "Վալենսիայի" դիմադրությունը և վճարեց պանանջվող ամբողջ գումարը, ավելին` այդ գումարը պետք է վճարվի միանգամից, ոչ թե մոտակա տարիների կամ էլ ամիսների ընթացքում:
| |
|
Total comments: 0 | |