Մադրիդի "Ռեալը", օրերս ձեռք բերելով Մատեո Կովաչիչին, այժմ պատրաստվում է թեթևացնել թիմի կազմը` հրաժարվելով այնտեղ ընդգրկված մի շարք ֆուտբոլիստներից: Հատկապես համալրված է "Ռեալի" կիսապաշտպանությունը, որը իսկական գլխացավանք է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի համար: Հատկանշական է, որ Մարկո Ասենսիոն արդեն նոր ակումբ է գտել ի դեմս "Էսպանյոլի", որտեղ առաջիկա մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը պետք է մինիմում 30 հանդիպման մասնակցի: Իսպանական պարբերականներն այժմ քննարկում են, թե "Ռեալի" որ ֆուտբոլիստը որտեղ կանցկացնի գալիք մրցաշրջանը:
Սպասվում է, որ թիմից կհեռանան Այսեր Իլյարրամենդին ու Լուկաս Սիլվան: Հատկապես վերջինիս` թիմից հեռանալն ամենահավանականն է, քանի որ նա չունի եվրոպական անձնագիր, իսկ ըստ կանոնակարգի` "Ռեալը" կարող է թիմի կազմում ունենալ ամրագրված թվով ոչ ԵՄ անդամ երկրների ֆուտբոլիստներ:
Ըստ իսպանական "Marca"-ի` 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով բազմաթիվ ակումբներ են հետաքրքրվում ինչպես Իսպանիայում` ի դեմս "Խետաֆեի" և "Մալագայի", այնպես էլ Եվրոպայում` ի դեմս "Ֆիորենտինայի", "Պարտուի", լիսաբոնյան "Սպորտինգի", "Համբուրգի", "Բրյուգգեի", "Բեշիքթաշի", "Ֆեներբախչեի" և "Սաութհեմփթոնի": Հատկապես անգլիական ակումբը մադրիդյան թիմի ղեկավարների կողմից դիտարկվում է որպես լավագույն տարբերակ ֆուտբոլիստի կարիերան շարունակելու տեսանկյունից:
|