Home » 2011 » Սեպտեմբեր » 5 » Սլովակիա-Հայաստան. խաղից առաջ
18:51
Սլովակիա-Հայաստան. խաղից առաջ
 Ընդամենը ժամեր անց կկայանա ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան կարևորագույն հանդիպումը: Հանդիպումը խոստանում է լինել գերհետաքրքրիր, և համոզված ենք, որ սեպտեմբերի 6-ը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլի պատմության մեջ:
Դեռևս անցած աշնանն այս թիմերը հանդիպեցին միմյանց "Հանրապետական" մարզադաշտում: Հենց այդ հանդիպումն էլ դարձավ այն ալիքը, որը ոգեշնչեց և անչափ ուրախացրեց մեր հայ երկրպագուներին:
Սլովակիայի ազգային հավաքականը վերջին հանդիպմանը ոչ-ոքի խաղաց իռլանդացիների հետ: Դա առավել քան ոգեշնչող արդյունք էր մեր ընտրանու համար, քանի որ միավորների տարբերությունը հասավ ընդամենը երեքի: Եվ որքան էլ բուքմեյքերական ընկերությունները սլովակներին տալիս են բացարձակ առավելություն, կան մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք խոսում են մեր ընտրանու օգտին: Նախ պետք է նշել այն, որ սլովակները շատ բարդ հանդիպում անցկացրին իռլանդացիների հետ և դժվար թե ամբողջությամբ վերականգնված լինեն: Դրան հակառակ` մեր տղաները, չասենք հեշտությամբ, բայց առանց ուժերի գերծախսման ջախջախեցին անդորրացիներին: Սա Հայաստանի հավաքականի համար այն բացառիկ հանդիպումն է, երբ մեր ֆուտբոլիստները հանդիպում են շատ ուժեղ հավաքականի, որին սեփական հարկի տակ հաղթել են բոլոր չափանիշներով և վստահության պակաս մեր տղաները չպետք է ունենան: Սակայն այդ ամենը չպետք է վերածել ինքնավստահության: Եվս մեկ կարևոր ասպեկտ կարող ենք նշել. Սլովակիայի ազգային հավաքականի առաջատար Մարեկ Համշիկը դեռևս չի հավաքել անհրաժեշտ խաղային որակներ, քանի որ դեռևս չի մեկնարկել "Ա Սերիան": Իսկ ահա մեր ընտրանու հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը վերադարձել է և ամբողջ ուժով կմասնակցի հանդիպմանը:
Մենք հավատում ենք, որ սեպտեմբերի 6-ը մտնելու է պատմության մեջ: Եկեք անենք ամեն հնարավոր բան և աջակցենք մեր ընտրանուն հեռուստաէկրանների առջևից: Դե ուրեմն, եկեք հաղթենք, չէ որ մենք այնքան երկար ենք սպասել այս հաղթանակին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 3