Home » 2011 » Ապրիլ » 17 » "Սուպերկլասիկո". առաջին արյունն արդեն թափված է
10:08
"Սուպերկլասիկո". առաջին արյունն արդեն թափված է

 Մադրիդա-կատալոնական հակամարտությունն այս անգամ հաղթող չունեցավ. "Ռեալն" ու "Բարսելոնան" խաղաղ դաշինք կնքեցին Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում: Թե ում օգտին էր խաղի նմանատիպ ելքը, այս պահին դժվար է հստակ պատասխան տալ:
"Սուպերկլասիկոն" իսպանական ֆուտբոլի գլխավոր զարդ է եղել ու այդպես էլ կլինի դեռ այնքան ժամանակ, որքան կգոյատևի ֆուտբոլը: Ինչպիսին էլ, որ լիներ երկու աստղային թիմերի միջև խաղային տարբերությունը մրցաշրջանի այս հատվածում, դա որևէ նշանակություն չէր կարող տալ խաղի հետաքրքրությանն ու լարվածությանը, եթե իհարկե չավելացներ ու չստեղծեր նախախաղային ավելորդ քաշքշուքներ:
Թեև իսպանական "Լա լիգայում" կատալոնական թիմին գրեթե չեմպիոն կարելի էր համարել (թիմը 8 միավորով առաջ է անցել իրեն հետապնդող "Արքայական թիմից"), սակայն դրանից խաղի ինտրիգը չթուլացավ: 
Մադրդիյան թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյոն փորձեց խուսափել առաջին շրջանում թույլ տված սխալներից և խաղադաշտ մտցրեց մի թիմի, որի գլխավոր զենքը պիտի դառնար արագ հակագրոհների կազմակերպումը և մրցակցի նկատմամբ շատ ուժեղ կիրառված պրեսինգը: Իր հերթին "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ոչ մի անակնկալ չմատուցեց ֆուտբոլային մասնագետներին` խաղադաշտ դուրս բերելով "կապտանռնագույնների" լավագույն կազմը (խմբ. մենք անակնկալ չենք համարում Պույոլի` խաղադաշտում հայտնվելը, քանի որ դրա մասին վաղուց էին խոսում): "Բարսելոնայի" հզոր կիսապաշտպանության դեմ դուրս եկավ մադրիդյան թիմի հսկան` պորտուգալացի պաշտպան Պեպեն, ով, խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում, ամբողջ խաղի ընթացքում իրեն գերգերազանց դրսևորեց և արժանիորեն նվաճեց խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին գործում "Բարսելոնայի" խաղացողները, թեև առաջին հարվածն ուղղված էր դեպի Վալդեսի դարպասը. Ռոնալդուն 27մ հեռավորությունից տուգանային ուղիղ հարված կատարեց, իսկ Վալդեսը հեշտորեն տիրեց գնդակին: Հաջորդ իսկ գրոհի ժամանակ "Բարսելոնան" կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Մեսսիի խորոմանկ հարվածը թույլ ստացվեց և Կասիլյասը հանգիստ վերցրեց գնդակը: Ընդհանրապես առաջին խաղակեսն անցավ մի տեսակ հանդարտ պայքարում, թեև խաղակեսի ավարտն աչքի ընկավ բուռն գործողություններով. նախ մրցավարը Վիլյային տուգանայինում գցելու համար չպատժեց "Ռեալին", ապա լավ դիրքից վրիպեց Վալդեսի դեմ գրեթե մեն-մենակ մնացած Ռոնալդուն (նրան խանգարեց "կապտանռնագույն" Ադրիանոն): Մի քանի րոպե անց Վալդեսի դարպասին թույլ հարվածեց Բենզեման, սակայն դարպասապահը սխալվեց և գնդակը չկարողացավ որսալ` այն ուղարկելով անկյունային: Անկյունայինի խաղարկումից հետո Ռամոս-Ռոնալդու համագործակցությունից կարող էր գոլ ծնվել, սակայն այս անգամ էլ ամենահաս Ադրիանոն գնդակը հանեց դատարկ դարպասից: 
Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց. "Բարսելոնան" վերահսկում էր գնդակը, իսկ "Ռեալն" էլ, երբ ձեռք էր բերում այն, փորձում էր 2-3 փոխանցումով առջևի գծում գտնել Բենզեմա-Ռոնալդու-դի Մարիա եռյակից որևէ մեկին: Երկրորդ կեսում կրկրին առաջին վտանգավոր պահը ստեղծվեց Վալդեսի պաշտպանած դարպասին, սակայն դի Մարիան շտապեց ու շեղ հարված կատարեց: Հաջորդ իսկ գրոհի ժամանակ` խաղի 51-րդ րոպեին, Վիլյայի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղի համար մրցավարը նախ հեռացրեց Ալբիոլին, ապա Կասիլյասի դարպասին 11 մետրանոց հարված նշանակեց: Գնդակին մոտեցավ Մեսսին ու հարվածեց ուղիղ դեպի կենտրոն, սակայն Կասիլյասը կարող էր փրկել իր թիմին, եթե մի փոքր ավելի երկար ձեռքեր ունենար (սա Մեսսի առաջին պաշտոնական գնդակն էր Մոուրինյոյի ղեկավարած թիմերի դեմ խաղերում):
 1-0 հօգուտ "կապտանռնագույնների", իսկ Մոուրինյոյի թիմը մնացել է 10 հոգով: Պեպեն հետ քաշվեց դեպի պաշտպանության կենտրոն, իսկ ոգևորված ձեռք բերվածով` Գվարդիոլայի թիմն առաջ շարժվեց: Մոուրինյոն նման պարտություն չէր կարող հանդուրժել և Բենզեմայի փոխարեն խաղադաշտ մտցրեց Արբելոային. Ռամոսը տեղափոխվեց պաշտպանության կենտրոն, իսկ Պեպեն կրկին հայտնվեց հենակետային գոտում` հեշտությամբ կասեցնելով Խավիի ու Ինյեստայի ցանկացած գործողություն: Երբ Ալոնսոյի ու դի Մարիայի փոխարեն խաղադաշտում հայտնվեցին Օզիլն ու Ադեբայորը, "Ռեալի" գրոհները սկսեցին ավելի կազմակերպված ու խաղարկված լինել: Մինչդեռ Գվարդիոլան դաշտից հեռացրեց Պույոլին` նրան փոխարինելով հենակետային Կեյտայով. Բուսկետսը շարժվեց դեպի պաշտպանություն: Մինչև խաղավարտ Մոուրինյոյի թիմին հաջողվեց մի քանի հետաքրքիր պահ ստեղծել. նախ Ռոնալդուն կրկին տուգանայինից հարվածեց (գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին), ապա նպաստավոր դիրքից սխալ որոշում կայացրեց Ադեբայորը: 
Խաղը մոտենում էր իր ավարտին, սակայն "Ռեալը" նույնիսկ 10 հոգով չէր դադարում պայքարից: Հանդիպման 82-րդ րոպեին այդ պայքարի արդյունքում Օզիլ-Մարսելո գործողության շնորհիվ "Ռեալը" 11 մետրանոց հարվածի հնարավորություն ստացավ (մրցավարը կրկին աչքի ընկավ իր "անաչառությամբ". նա դաշտից չհեռացրեց կանոնները խախտած Ալվեշին): Ռոնալդուն մոտեցավ գնդակին և ապակողմնորոշեց Վալդեսին` իր կարիերայում առաջին գնդակը խփելով "Բարսելոնային":                                         
"Բեռնաբեուն" երգում էր, իսկ "սերուցքայինները", ոգևորված հաջողությամբ, առաջ շարժվեցին: Նախ սխալ որոշում կայացրեց Օզիլը (նա նպաստավոր դիրքից հարվածի փոխարեն թույլ փոխանցում կատարեց), ապա Խեդիրայի հարվածից հետո գնդակն իր վրա ընդունեց Վալդեսը: "Բարսելոնան" ոչնչով հետ չէր մնում իր ախոյանից, միայն թե թիմը միատեսակ էր գրոհում, այդիսկ պատճառով էլ մադրիդցիները հեշտությամբ փակում էին թե Վիլյային, թե Մեսսիին, թե Պեդրոյին փոխարինած Աֆելային:
Այսպիսով` 1-1. շատ հետաքրքիր պայքարի արդյունքում ծնված հաշիվ, որը ոչինչ չասաց Գավաթային եզրափակիչ խաղից առաջ: Թե Մոուրինյոն, թե Գվարդիոլան կարծես թե չցանկացան բացել իրենց խաղաքարտերը, իսկ թե ինչ կլինի ամսի 20-ին Վալենսիայի "Մեստալիա" մարզադաշտում, մնում է միայն սպասել:

Այս հանդիպման վտանգավոր պահերն ու գոլերը կարող եք դիտել մեր կայքում: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 701 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 10