Home » 2012 » Օգոստոս » 5 » Տրանսֆերային ամառն իրոք հագեցած է իրադարձություններով
19:48
Տրանսֆերային ամառն իրոք հագեցած է իրադարձություններով
  Տրանսֆերային աշխարհում նորություններն այնքան շատ են, որ սխալ էլ կլիներ դրանք հատ առ հատ ներկայացնելը: Միայն վերջին 4-5 ժամերի ընթացքում այնքան նորություններ են տարածվել, որ եթե դրանց առանձին-առանձին անդրադառնանք, ապա ստիպված կլինենք կայքը թարմացնել յուրաքանչյուր րոպեն մեկ անգամ, ինչն ուղղակի անհնար է:
*** Իսպանական "Մալագան" դեռևս շարունակում է նորանոր կորուստներ կրել: Այս անգամ էլ թիմի 22-ամյա վենեսուելացի ուժեղ հարձակվող Սալոմոն Ռոնդոնն է հեռանում թիմից` տեղափոխվելով ռուսական "Ռուբին": Կազանը ներկայացնող այդ ակումբն արդեն 4 տարվա պայմանագիր է կնքել երիտասարդ հարձակվողի հետ, ով Իսպանիայի նախորդ առաջնությունում արժանիորեն դարձել էր 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
*** Բրազիլական "Սան Պաուլոյի" 19-ամյա աստղ Լուկաս Սիլվան, ով դեռևս անընդհատ շարունակում է եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում մնալ, իսկ մամուլն էլ երիտասարդին մե՛կ ուղարկում է իտալական "Ինտեր", մե՛կ Մադրիդի "Ռեալ", մե՛կ էլ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդ": Ի դեպ, ըստ բրիտանական մամուլի` հենց "Յունայթեդը" պատրաստվում է մոտակա 48 ժամերի ընթացքում էլ վերջնական ավարտին հասցնել 19-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցը: Թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մնացել է Անգլիայում, մինչդեռ իր թիմը մեկնել է Նորվեգիա` մասնակցելու հերթական ընկերական հանդիպմանը: Այս քայլից ԶԼՄ-ների ներկայացուցիչները ենթադրում են, որ այս տրանսֆերը վերջնական տեսք էլ կստանա մոտակա ժամերի ընթացքում: Հարկ է նշել միայն, որ "Յունայթեդը" պատրաստ է առավելագույնը 30 մլն ֆունտ վճարել տաղանդավոր բրազիլացու համար, մինչդեռ "Սան Պաուլոն" պահանջում է 36 մլն ֆունտ:
*** Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն օրերս իսպանացի լրագրողներին ասել է, որ իր թիմն արդեն հիմա պատրաստ է մեկնարկող մրցաշրջանին: "Մենք մեծ ջանասիրությամբ պատրաստվում ենք գալիք մրցաշրջանին, քանի որ գիտենք` այս անգամ ավելի դժվար է լինելու: Թիմի կազմը գրեթե պատրաստ է: Նրանք աշխարհի լավագույն խաղացողներն են ու շատ հետաքրքիր ֆուտբոլիստներ: Մենք այս տարի ցանկանում ենք նվաճել բոլոր մրցանակները` "Արքայական գավաթը", Իսպանիայի "Սուպերգավաթը", հերթական "Լա Լիգան" ու "Չեմպիոնների լիգայի" մրցաշարը, որին շատ մոտ ենք եղել վերջին 2 մրցաշրջանների ընթացքում: Իհարկե, գիտենք, որ դժվար կլինի նվաճել "Լա Լիգան" նույնքան ռեկորդային միավորներով, սակայն ֆուտբոլում գրեթե միշտ էլ հրաշքներ լինում են. եթե դու ուժեղ ես, ապա բախտը հաստատ գոնե մեկ անգամ կժպտա քեզ",- ասել է Ժոզե Մոուրինյոն:
*** Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալլիանին երեկ հայտարարել է, որ միլանյան թիմը չի կարողացել համաձայնության գալ ֆրանսիական "Մոնպելյեի" հետ վերջինիս պատկանող պաշտպան Մապու Յանգա-Մբիվայի տրանսֆերի հարցով: "Ֆրանսիական կողմը մերժել է մեր առաջարկը, իսկ դա նշանակում է, որ հարցն արդեն փակված է: Մենք չենք ափսոսում, քանի որ "Միլանն" այլ տրանսֆերներ էլ կարող է անել: Թե ում ենք ցանկանում գնել մոտակա օրերին, դեռևս թող գաղտնիք մնա, քանի որ այդ կերպ բարձրանում է խաղացողի տրանսֆերը, ինչը մեզ համար անընդունելի է: Ուզում եմ վստահեցնել մեր երկրպագուներին, որ այս թիմում նոր անուններ դեռ կլինեն: Դրանում կասկածի նշույլ անգամ չկա: Ինչ վերաբերում է Կակայի տրանսֆերին, ապա դա էլ կլինի",- ասել է "ռոսսոներիների" փոխնախագահը` հավելելով, որ Յանգա-Մբիվայի համար իրենք առաջարկել են շուրջ 7 մլն եվրո:
*** Իսպանական "Մալագայի" ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Ժերեմի Տուլալանի նոր գործակալ Մայքլ Մանուելլոն էլ այսօր հայտարարել է, որ իր հաճախորդը ստիպված է նոր ակումբ փնտրել, քանի որ իսպանացիները որոշել են հրաժարվել մի շարք խաղացողներից, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում: "Մենք "Մալագայի" ղեկավարներից տեղեկացել ենք, որ նրանց` ֆուտբոլային հայտնի աստղեր գնելու հոյակապ ծրագիրն այլևս հնարավոր չէ կյանքի կոչել ու շարունակել, քանի որ "Մալագայի" արաբ սեփականատերերը որոշակի ֆինանսական խնդիրներ ունեն: Թիմն այսօր էլ արդեն սկսել է վաճառել իր աստղերին, իսկ Ժերեմին նրանց թվում է: Այժմ փնտրում ենք, թե որտեղ կարող է նա շարունակել իր կարիերան: Վերջին շրջանում մեզ հետ կապ էր հաստատել երկրի փոխչեմպիոն "Բարսելոնան": Գուցե մի բան կստացվի այս հարցում",- ասել է ֆրանսիացու գործակալը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0