23:10 Վարդան Մինասյան. "Յուրաքանչյուր խաղում առավելագույն արդյունք ցույց տալ է պետք" | |
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մի ծավալուն հարցազրույց է տվել ArmFootball.com կայքին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ենք այդ հարցազրույցի առաջին մասը: - 2012թ.-ը մոտենում է ավարտին: Ինչպե՞ս կգնահատեք ազգային հավաքականի ելույթները: - Տեսականորեն մեր ցուցադրած արդյունքը չի արդարացրել մեր սպասելիքները, իսկ վիճակագրական առումով էլ կարող եմ ասել, որ մենք նախորդ տարիների համեմատ ավելի վատ արդյունքներ ենք արձանագրել: Իհարկե, դա ունի իր թե՛ օբյեկտիվ ու թե՛ սուբյեկտիվ պատճառները: - Իրենց տված հարցազրույցներում էլ ՀՖՖ նախագահն ու ֆուտբոլիստները խոսում էին այն մասին, որ թիմը մտադիր է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Իսկ Դուք էլ անընդհատ շեշտում եք, որ այդպիսի առաջադրանք հավաքականի առջև չեք դնում: Հակասություններ չե՞ք նկատում: - Ես նույնպես նշում եմ, որ պետք է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճենք: Յուրաքանչյուր խաղում մենք պայքարում ենք հաղթանակի համար: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա ես չեմ էլ լսել, որ նրանցից որևէ մեկը ասել է, թե անպայման խմբից դուրս ենք գալու: Այլ հարց է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Ինչպես գիտեք, նա իր բնավորությամբ մաքսիմալիստ է և միշտ բարձր նպատակներ է հետապնդում: Ես կզարմանայի, եթե նա այլ առաջադրանք տար մեզ: Ուղղակի մենք էլ այսպիսի տարբերակ ենք ընտրել` յուրաքանչյուր խաղում առավելագույն արդյունք գրանցել: - "Մենք չպետք է շտապենք, որպեսզի չընկնենք": Դա Իտալիայի ազգային հավաքականի դեմ խաղից հետո ասված Ձեր իսկ խոսքերն են: Բայց համաձայնեք նաև, որ ֆուտբոլիստը անվերջ չի էլ կարող խաղալ: Դա հիմա է, որ հավաքականի առաջատար ֆուտբոլիստները դեռ երիտասարդ են: Մի քանի ընտրական փուլից հետո նրանք ավելի մեծ կլինեն, դա այն դեպքում, եթե նրանց միշտ շրջանցեն վնասվածքներն ու խաղային պրակտիկայի բացակայությունը: Որքա՞ն ժամանակ է հարկավոր ստեղծել մի թիմ, որն ունակ է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: - Ինչ վերաբերում է շտապելուն, ապա ես չեմ ասում, որ պետք է այդքան երկար սպասել: Բայց դե այս ընտրական փուլում.... Տեսե՛ք, իրականությունը հետևյալն է, որ մենք շատ ուժեղ ընտրական խմբում ենք հայտնվել: Եվ եթե մինչ վիճակահանությունը խոսում էինք, որ մեր խմբում երեք ուժեղ հավաքական կա, բայց փաստորեն դրանք չորսն են, չհաշված մեր հավաքականը: Երկրորդ` տեսե՛ք, թե ինչպես է այս մրցափուլը մեզ համար դասավորվում: Եթե մի կողմ թողնենք Մալթայի ընտրանու դեմ հանդիպումը, ապա մյուս երկու խաղերում մենք խաղադաշտ ենք դուրս եկել առանց 3-4 առաջատար ֆուտբոլիստների: Այդ ամենը ազդում է արդյունքի վրա: Նույն Իտալիայի դեմ հանդիպումը: Ոչ լիարժեք կազմով մենք ցանկանում էինք առավելագույն արդյունքի հասնել և գիտեք, մենք մոտ էինք դրան: Բայց այդ օրը չստացվեց.... Ինչ վերաբերում է «շտապել-ընկնելուն», ապա իրոք, մեզ մոտ էլ այդ շտապողականությունը կա: Եթե շտապենք, ապա միայն կվնասենք մեզ: Իհարկե, այս մրցափուլում ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթանակ տանենք, բայց դե 2016թ.-ին Ֆրանսիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնության մասնակցելը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավելացնել մասնակիցների թիվը: - Ազգային հավաքականը առաջին 3 խաղերում էլ 12 դեղին քարտ է ստացել: Դա մրցակցից գնդակը խլել չկարողանալու արդյու՞նքն է: - Ոչ, ես այդ քարտերը դրա հետ չեմ կապում: Ես մտածել եմ դրա մասին: Իրոք, մտածելու առիթ է: Իմիջայլոց, բացի դրանից մենք երկու կարմիր քարտեր էլ ունենք: Կարծում եմ, որ դա կապված է նաև մեր ֆուտբոլիստների շտապողականության հետ: Հասկանո՞ւմ եք, երբ շուրջբոլորը արդյունք են ակնկալում, ապա այդ ճնշումը անդրադառնում է ֆուտբոլիստների հոգեբանության վրա: Քարտերը` թիմի մեծ պատասխանատվության հետևանքն են: Փորձում ենք ֆուտբոլիստների այդ քայլը կապել խաղային կարգապահության պակասի հետ, բայց դա այդպես չէ: Այդ առումով ամեն ինչ կարգին է: Վերադառնալով Բուլղարիայի դեմ հանդիպմանը` ինքս կարող եմ նշել, որ նրանք առաջին անգամ էին այդպիսի երևույթի հետ առնչվում.... - Նկատի ունեք մրցակցի կոպիտ խա՞ղը.... - Ոչ, մեր դեմ միշտ էլ կոպիտ են խաղացել.... Բայց Սոֆիայում պրովոկացիաներ նույնպես եղել են: Երկրպագուները.... Ես ականատես չեմ եղել, բայց ինձ հետո ասացին, որ բուլղարների մարզիչն էլ նույնպես իրեն նմանօրինակ բաներ թույլ է տվել: Գնդակ մատակարարող տղաները: Մի խոսքով, նրանք մեր դեմ խաղին նպատակաուղղված նախապատրաստվել էին: Բայց ես էլ վստահ եմ, որ մեր թիմը, մյուս անգամ նմանօրինակ իրավիճակի բախվելով, ավելի զուսպ կլինի: Միակ բանը, որով դեռ կարող ենք դրան պատասխանել, դա ֆուտբոլ խաղալն է ու հաղթանակի մասին մտածելը: - Որոշ մարզիչներ, այդ թվում է մի շարք շատ հանրահայտ ֆուտբոլային մասնագետներ, փորձում են խաղի ընթացքում և դրա ավարտից հետո ազդել մրցավարների վրա: Դուք չեք կարծո՞ւմ, որ դա ավելի էֆֆեկտիվ է, քանի ուղղակի կողքից դիտելն ու նրանց գործողությունները չմեկնաբանելը: - Խոսքը հետխաղյա մամլո ասուլիսի մասի՞ն է, թե՞ նկատի ունեք խաղերի ընթացքում.... - Թե՛ բոլոր խաղերի ընթացքում, թե՛ նաև ասուլիսի ժամանակ: Ժամանակին մենք մեր կարծիքը չհայտնեցինք կապված տխրահռչակ Իտուրալդե Գոնսալեսի հետ, ով էլ սպասարկում էր Իռլանդիայի դեմ խաղը, արդյունքում Բուլղարիայի և Իտալիայի դեմ խաղերում մրցավարությունն իր բարձրության վրա չէր: - Ճիշտ եք նկատել, որ որոշ մարզիչներ.... Ես այլ վարքագծի կողմնակիցն եմ: Ես ժամանակին խոսում էի մի մարզչի հետ, անունը չեմ ուզում նշել, նա այսպիսի մի բան ասաց. "Ես խաղի ընդմիջման ժամանակ մտնում եմ մրցավարական սենյակ (մարզիչներն այդպիսի իրավունք ունեն այսօր) և ուղղակի կապված խաղի հետ մրցավարներին ինչ-որ բան եմ ասում, ուղղակի նրա համար, որ նա չկորցնի իր զգոնությունը": Նա այդպիսի ոճ է ընտրել: Դուք ասում եք, որ մենք ուշադրություն չենք դարձրել ու դեռ չենք խոսել Իռլանդիայի խաղի մասին.... Առաջին հերթին, եթե մենք պետք է ինչ-որ բան ձեռնարկեինք, ապա դա ես չէ, որ պետք է անեի: Ես էլ լրիվ այլ գործառույթներ ունեմ: Վստահ եմ, որ ֆուտբոլիստները ինձ հետ իսկապես համակարծիք են: Եթե կենտրոնանանք մրցավարի վրա, ապա սկսում ես նյարդայնանալ և չես կարող կատարել քո խաղային առաջադրանքը, դա չի ստացվում: Այնպես որ, դա անօգուտ բան է: Ձեզ մի փոքր գաղտնիք ասեմ: Դա ոչ երկրպագուներն են տեսնում, ոչ ոք չի տեսնում: Խաղերի շատ դրվագների հետ կապված ես միշտ զրուցում եմ չորրորդ մրցավարի հետ: Բնականաբար, ողջ ուշադրությունը բևեռված է խաղադաշտին, և դուք այդ ամենը չեք տեսնում: Ես շատ բաներ եմ փորձում մրցավարին հասցնել, բայց դա փոքր այլ կերպ է տեղի ունենում: Շատ հաճախ պահեստային մրցավարը ինձ ասում է, որ այո, իրոք, այստեղ մենք սխալվեցինք: - Այսի՞նքն, իրականում մրցավարների վրա ազդելու փորձեր արվո՞ւմ են: - Եվ հասկացեք` այդ գործողությունները կարող են իրենց հակազդեցությունը ունենալ: Հունաստանի հետ խաղում ես շատ էմոցիոնալ կերպով արձագանքեցի մրցավարի որոշմանը, և նա հեռացրեց ինձ դաշտից: Լինում են նաև գիտակցված ու չգիտակցված սխալներ, չգիտեմ.... Վերջիվերջո, դա ֆուտբոլիստների ու մարզիչների խնդիրը չէ: Եթե ֆեդերացիան հարկ համարի արձագանքել դրանց, ապա կանի դա: (շարունակելի)
| |
|
Total comments: 0 | |