Home » 2011 » Հուլիս » 20 » "Վիկտորիան" ստորացրեց "Փյունիկին"
08:11
"Վիկտորիան" ստորացրեց "Փյունիկին"

Երեկ Հայաստանի բազմակի "չեմպիոն" (այո, մեր թիմը չակերտավոր չեմպիոն է, քանի որ իսկական չեմպիոններին վայել խաղ երբեք ցույց չի տվել) "Փյունիկը" հերթական դժգույն տեսքն ուներ "Չեմպիոնների լիգայի" որակավորման երկրորդ փուլում չեխական "Վիկտորիայի" հետ հանդիպման ժամանակ: Արդեն չորրորդ տարին է, ինչ հայկական "սարքովի չեմպիոնը" "Չեմպիոնների լիգայի" որակավորման փուլում անփառունակ ելույթ է  ունենում` առանց դույզն-ինչ մտածելու, որ այդկերպ գետնովն է տալիս մեր երկրի վերջին շրջանում ձեռք բերած ֆուտբոլային պատիվը:
Այս տարի Վարդան Մինասյանի սաներն 2 խոշոր հաշվով պարտություն կրեցին՝ երկու հանդիպումների արդյունքում ընդհանուր 8 գնդակի տարբերությամբ զիջելով Պլզենի "Վիկտորիային", որին, հաստատ, եվրոպական միջակների շարքին նույնիսկ չի կարելի դասել:
Փաստն այն է, որ ամեն ինչ որոշվել էր դեռևս նախորդ երեքշաբթի Երևանում կայացած խաղում, որում "Փյունիկը" առանց ամոթի մրցակցին զիջել էր 0-4 հաշվով:
Երեկ պատասխան հանդիպումը նույնպես սկսվեց տանտերերի բացահայտ առավելությամբ, որոնք հենց խաղի մեկնարկից ցույց տվեցին, որ մտադիր չեն բավարարվել առաջին խաղում խփած 4 գնդակներով: "Վիկտորիան" իրեն հատկապես լավ էր դրսևորում եզրային գրոհներ կազմակերպելիս և կարողանում էր անարգել գրոհել. մեր թիմի "պաշտպանները" ոչինչ չէին էլ ձեռնարկում` կարծես թքած ունենալով խաղի վրա:
Առաջին 10 րոպեների ընթացքում տանտերերից Մարեկ Բակոշն էր բավական ակտիվ և 2 անգամ նրա շատ վտանգավոր հարվածներից հետո Կարեն Իսրայելյանը հրաշքով փրկեց "Փյունիկին": 16-րդ րոպեին Յիրաչեկի հարվածից հետո կրկին հաջող գործեց Կարեն Իսրայելյանը, իսկ երկու րոպե անց գնդակն արդեն թվում էր՝ հայտնվելու է դարպասում, սակայն վերջին վայրկյանին Արթուր Յուսպաշյանը կարողացավ մի կերպ  հեռացնել այն:
36-րդ րոպեին կրկին Բակոշը հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն հարվածեց ուղիղ Իսրայելյանի վրա: Երկու րոպե անց Բակոշը հասավ իր նպատակին, երբ Ռայտորալի լավ փոխանցումից հետո գլխի անկասելի հարվածով բացեց խաղի հաշիվը` սկիզբ դնելով "Փյունիկի" ոչնչացմանը: 42-րդ րոպեին նույն Ռայտորալի տպավորիչ ճեղքումից հետո Բակոշն արդեն դուբլ ձևակերպեց: Առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի զգալի տարածքային ու խաղային առավելությամբ, դա էր պատճառը որ 3-րդ գնդակն էլ հայտնվեց մեր թիմի դարպասում (արդեն ամաչում էլ ենք "մեր թիմ" ասելուց): Երրորդ գոլում մեղքի իր բաժինն ուներ դարպասապահ Կարեն Իսրայելյանը:
Երկրորդ խաղակեսը զարմանալիորեն հաջող սկսեց "Փյունիկը", և շուտով Էդգար Մալաքյանը գեղեցիկ ճեղքում կատարեց, ապա գրավեց տանտերերի դարպասը: 58-րդ րոպեին Կոլարը վերականգնեց 3 գնդակի տարբերությունը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում նաև 5-րդ գնդակը խփվեց հայկական թիմի դարպասը՝ 5-1. իսկական ֆուտբոլային ստորացում:
Երկու հանդիպումների արդյունքում "Փյունիկը" պարտվեց 1-9 ընդհանուր հաշվով: Նման խայտառակ, ստորացնող, տապալող հաշվով հայկական թիմերն առաջին անգամ են պայքարը թողնում "Չեմպիոնների լիգայի" որակավորման փուլում (ավելի լավ է չմասնակցեն, քան թե այսկերպ ելույթներ ունենան: Կարծում ենք ինձ հետ համամիտ եք):

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 493 | Added by: Hartsat | Tags: Փյունիկ, Մարեկ Բակոշ, Վիկտորիա, Հայաստան, Կարեն Իսրայելյան, Վարդան Մինասյան, Չեմպիոնների լիգա, Էդգար Մալաքյան | Rating: 5.0/2
Total comments: 3