Home » 2014 » Հուլիս » 1 » Դիտարժան ֆուտբոլին Ռամադանը վնաս չէ
13:30
Դիտարժան ֆուտբոլին Ռամադանը վնաս չէ

 1986 թ-ից հետո առաջին անգամ աշխարհի ֆուտբոլի առաջնության ընթացքն համընկավ բոլոր մուսուլմաններ համար սուրբ ամսին` Ռամադանին:

Գերմանիա-Ալժիր խաղից առաջ Ռամադանի մասին խոսակցությունները չափից դուրս շատ էին ու անգամ հոգնեցնող: Իհարկե, պատճառ կար այդքան երկար խոսելու համար. երկու հավաքականներում էլ բավականին մեծաթիվ մուսուլմաններ կային:

Ռամադանը պարտադիր պասի շրջանն է իսլամում: Ամսվա ընթացքում ուղղափառ մուսուլմանները հին ժամանակներում հրաժարվում էին լուսավոր ժամերին սնունդ ընդունել, խմել, ծխել ու կենակցել: Պասը սկսվում է արևագալի հետ և ավարտվում է մայրամուտին: Այս տարի Ռամադանը սկսվեց հունիսի 28-ին:

Աշխարհի առաջնության մասնակիցների մեջ շատ էին հենց ուղղափառ մուսուլմանները: Նրանց համար Ռամադանը համարվում է հատուկ փորձությունների շրջան, քանի որ նրանք պետք է շարունակեն մարզվել ու խաղալ` չնայած սննդի ժամերի փոփոխությանը:

Վերցնենք, օրինակ, Ֆրանսիայի հավաքականը: Թվում է, թե եվրոպական երկիր է, սակայն զգացվում է, որ այն զգալիորեն փոփոխվել է վերջին տարիներին: Հիմնական կազմից գրեթե կեսը մուսուլմաններ են` Պոգբա, Բենզեմա, Սանյա... և նրանք դեռ բոլորը չեն: «Եռագույն» թիմը, ի դեպ, պաս չի պահելու: Ըստ Սանյայի` իր հավաքականին ուժեր են պետք, որպեսզի լավ տեսք ունենան վճռորոշ խաղերում:

Նիգերիայի հավաքականում իսլամ են դավանում բոլորը, սակայն կրոնական օրենքը փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղից առաջ կարծես ոչ մեկին շատ չէր հուզում: Ինչպես ցանկացած աֆրիկյան երկրում, այստեղ ևս ֆուտբոլիստների մտքում միայն սպասվող հոնորարներն էին: Ֆինանսական խնդիրների պատճառով նիգերիացիներն անգամ մեկ պարապմունք էին բաց թողել: Ձևավորված ավանդույթի համաձայն` հարկ եղավ, որ երկրի նախագահը անմիջապես միջամտի խնդրին: Գումարը, որի համար էլ կոնֆլիկտ էր ծագել ու աղմուկ բարձրացվել, կազմում էր 4 մլն դոլլար:

Ֆրանսիացիների հետ խաղի երկրորդ խաղակեսում հաղթանակին շատ ավելի մոտ էին նիգերիացիները, սակայն հանդիպման հաշիվը բացել նրանց այդպես էլ չհաջողվեց: Միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում արթնացավ երիտասարդ հանճար Պոգբան, որի արդյունքում գրանցվեց առաջին գնդակը: Հանդիպման ավարտին մեկ րոպե էր մնում, երբ Յոբոն գնդակը ուղարկեց սեփական դարպասը. արդյունքում 2-0 հօգուտ Ֆրանսիայի:

Նիգերիացիները վերջապես տուն կվերադառնան ու արդեն այնտեղ կարող են հաշվել իրենց ստացած գումարները, ինչու ոչ նաև հետևել պասի կանոններին:

Ձեզ հետաքրքրե՞ց, թե էլ որ հավաքականները կարող են տուժել Ռամադանից: Իհարկե, Ալիժիրը: Այս երկրում իսլամը ազգային կրոն է: Գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչը Գերմաիայի դեմ խաղից առաջ շատ հիվանդագին ընդունեց Ռամադանի թեման: Նա անգամ հայտարարեց, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ինքն է որոշում, թե որն է ճիշտը:

«Դա յուրաքանչյուրի անձնական գործն է, ու եթե Դուք նմանատիպ հարց եք բարձրացնում, ապա դա նշանակում է, որ Դուք չունեք հարգանք ու էթիկայի զգացողություն: Ֆուտբոլիստներն այնպես կվարվեն, ինչպես կցանկանան, և ես կուզեի, որ ավարտեինք այս զառանցանքները»,- հայտարարեց Հալիլհոջիչը` կոշտ պատասխանելով լրագրողի հարցին:

Սովամահ լինել ալժիրցիները չէին պատրաստվում: Խաղից մեկ օր առաջ Ալժիրի կրոնական հարցերով նախարարությունը թույլատրեց ֆուտբոլիստներին նախաճաշել:

Գերմանիան ևս, որ այսօր խաղացել է Ալժիրի հետ, կարող էր խնդիրներ ունենալ: Թիմում իսլամ դավանող ֆուտբոլիստներից էին երկու առաջատարները` Օզիլը ու Խեդիրան: Բայց Բունդեսթիմի երկրպագուները խուճապի մեջ ընկնելու կարիք չունեին:

«Մեր թիմում Ռամադանը որևէ է դեր չունի և քննարկման թեմա չէ: Իսլամում մի քանի բացառություններ թույլ են տրվում տարբեր առիթների համար: Օրինակ, եթե խոսքը վերաբերում է հղի կանանց ու պրոֆեսիոնալ մարզիկներին»,- խաղից առաջ հայտարարել էր Լյովը:

Գլխավոր մարզչի խոսքը հաստատել էր նաև Օզիլը. «Ցավում եմ, որ չեմ կարող պաս պահել: Ուրիշ մեթոդներ ես չեմ էլ դիտարկել»:

Իհարկե, այսպիսի ուղղափառ մուսուլմաններ խաղում են նաև Բելգիայի ու Շվեյցարիայի ազգային հավաքականներում:

Հայաստանում երբեք Ռամադանը խնդիրներ չի առաջացրել, որովհետև պաշտոնապես երկրում գրեթե չկան մուսուլմաններ: Իհարկե, կան իրանցիներ, սակայն վերջիններիս թեման այլ է: Հայաստանում մուսուլման ֆուտբոլիստներ գուցե և կան, սակայն այս օրերին նրանք վայելում են իրենց հանգիստը կամ պատրաստվում են գալիք մրցաշրջանին:

Օրինակ, խնդիրն այլ է բազմազգ Ռուսաստանում: Ինգուշեթիայի «Անգուշտ» թիմի գլխավոր մարզիչ Բորիս Ստուկալովը, խոսելով «Советский спорт» լրատվամիջոցի թղթակցի հետ, նշում է, թե ինչպիսի ազդեցություն ունի Ռամադանը ֆուտբոլիստների վիճակի վրա:

«Երբ գնում էի «Անգուշտ»-ում աշխատելու, հասկանում էի, որ հարկ է լինելու բախվել այս խնդրին: Ռամադանի ժամանակ շատ խաղացողների համար դժվար է լինում: Արևագալից մինչև մայրամուտ նրանք ոչինչ չէին ուտում ու խմում: Գիտեք, ինձ թվում է, որ խիստ պասը իր դերը խաղաց, որ մենք վերջին տեղը գրավեցինք: Ամեն դեպքում դժվար է նորմալ պատրաստվել, երբ սահմանափակում ես քեզ ամենակարևոր հարցերում: Սակայն, սա կրոնի օրենքն է, ինչը մենք պետք է ընդունենք»,- ասել է Ստուկալովը:

Իսկ ի՞նչ են կարծում բժիշկները: ՖԻՖԱ-ի բժշկական բաժնի ղեկավար Իրժի Դվորժակն իր տեսակետն ունի այս հարցում. «Մենք ընդհանուր հետազոտություն ենք իրականացրել ֆուտբոլիստների շրջանում հենց Ռամադանի ժամանակ: Եզրակացությունն այն էր, որ եթե հետևեն պասին համապատասխան կերպով, ապա խաղացողների մոտ ֆիզիկական վիճակի ոչ մի խնդիրներ էլ չեն ծագի»:

Արդյո՞ք հասարակական կարծիք կա այս հարցում: Օրինակ, կրոնական ոլորտի վերաբերյալ Գերմանիայի խոշորագույն թուրքական կրոնական համայնքի` «Թուրք-իսլամական միության» ղեկավար Իզետա Էրի կարծիքով` Ղուրանը հստակ կանոններ չի տալիս այնպիսի միջոցառումների համար, ինչպիսին Աշխարհի առաջնությունն է:

«Ֆուտբոլիստները պետք է ինքնուրույն որոշում կայացնեն»,- հայտարարել է Էրը: Նա նաև հավելել է, որ մուսուլմաններն ուղղակիորեն չեն կարող մերժել սուրբ ամիսը` Ռամադանը. ծայրահեղ դեպքում նրանք պետք է պաս պահեն մրցաշարի ավարտից հետո:

Հ.Գ.: Ինչ խոսք, մուսուլմանների սուրբ ամիսը` Ռամադանը, մի փոքր աշխուժացրել է ԶԼՄ-ներին, սակայն առավել կարևոր է, որ այն ոչ մի կերպ չի խամրեցրել աշխարհի ֆուտբոլի առաջնության դիտարժանությունը:

Հեղինակ` Հարություն Ծատրյան

Հոդվածը պատրաստվել է «Советский спорт» լրատվամիջոցի հետ համատեղ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 657 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0