11:36 Խաղ, որն արժեր դիտել | |
Իտալիայի Ուդինե քաղաքում մարտի 18-ի ուշ երեկոյան իտալական «Ա Սերիայի» 28-րդ տուրի շրջանակներում կայանում էր «Ուդինեզե»-«Նապոլի» անչափ կարևոր հանդիպումը: Միմյանց էին հանդիպում երկու թիմեր, որոնք օրեր առաջ դուրս էին մնացել եվրագավաթների խաղարկությունից: Բնականաբար դուրս մնալով համապատասխանաբար «Եվրոպայի լիգայի» և «Չեմպիոնների լիգայի» խաղարկություններից՝ թե՛ «Ուդինեզեն», թե՛ «Նապոլին» այժմ իրենց ամբողջ ուշադրությունը բևեռել էին երկրի ներքին առաջնությանը: Ֆուտբոլային խաղը սկսվում է շատ նյարդային. զգացվում է, որ երկու թիմերն էլ չեն պատրաստվում պարտվել: Ֆուտբոլիստներն անձնազոհությամբ պայքարում են խաղադաշտի յուրաքանչյուր սանտիմետրի համար՝ փորձելով արագ ու ճիշտ խաղարկվող գործողություններով անակնկալի բերել մրցակցի անզգույշ պաշտպանությանը: Հանդիպման առաջին խաղակեսում երկու թիմերն էլ գոլ խփելու նպաստավոր մի շարք հնարավորություններ են ունենում, սակայն ֆուտբոլային բախտը հանդիպման 28-րդ րոպեին ժպտում է միայն տանտերերի ֆուտբոլիստ Պինցիին, ով էլ կարողանում է գեղեցիկ ոճով գրավել մրցակցի դարպասը: Ընդմիջումից անմիջապես հետո՝ հանդիպման 52-րդ րոպեին, «Ուդինեզեի» անփոխարինելի առաջատար ու ավագ Անտոնիո դի Նատալեն կարողանում է կրկնապատկել խաղի հաշիվը՝ էլ ավելի ծանրացնելով հյուրերի տխուր վիճակը: Բայց այսպես շարունակվել չէր կարող, և այդ մասին գիտակցում էին «Նապոլիի» ֆուտբոլիստները, ովքեր արթնանում են մղձավանջից միայն խաղավարտին մոտ, երբ «Ուդինեզեն» մնում է 10 հոգով: Որոշ ժամանակ անց հեռացվում է նաև «Ուդինեզեի» գլխավոր մարզիչը, ինչը ծանր կացության մեջ է գցում Ուդինե քաղաքը ներկայացնող թիմին: «Նապոլին» անընդհատ գրոհում է, սակայն գերազանց են պաշտպանվում «Ուդինեզեիի» ֆուտբոլիստները, ովքեր ողջ թիմով նահանջել են և չեն թողնում «Նապոլիի» առաջատար Էդիսոն Կավանիին դիպուկ հարվածներ կատարել՝ անձնազոհաբար կանգնելով գնդակի առաջ: Երբ «Նապոլիի» առաջատարը չի իրացնում 11 մետրանոց տուգանային հարվածը, թվում է, թե վերջ. այս խաղում «Նապոլին» ստիպված կլինի բավարարվել դառը պարտությամբ: Սակայն հանդիպման 81-րդ րոպեին Կավանին կարողանում է տուգանային հարվածից գեղեցիկ գոլով կրճատել հանդիպման հաշիվը, իսկ երեք րոպե անց հավասարեցնել այն. հանդիպումն ավարտվում է ոչ-ոքի 2-2 հաշվով: Պատրաստեց՝ Գարիկ Հարությունյանը | |
|
Total comments: 0 | |