Home » 2011 » Մարտ » 2 » "Յունայթեդը" նորից հեռանում է "Սթեմֆորդ Բրիդջից" առանց միավորների
15:39
"Յունայթեդը" նորից հեռանում է "Սթեմֆորդ Բրիդջից" առանց միավորների
Երեկ կայացավ Անգլիական "Պրեմիեր լիգայի" 18-րդ տուրից հետաձգված "Չելսի"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը: Հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրություն էր առաջացել Անգլիայում և ողջ Եվրոպայում: Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել մեծ պատրասվածությամբ և տրամադրվածությամբ: Առաջին րոպեները անցան "Չելսիի" խաղացողների առավելությամբ: Հետզհետե նախապատվությունը անցավ Սըր Ալեքսի սաներին, որոնք որոշակի խաղային առավելություն ունեին 10-ից 30-րդ րոպեներն ընկած ժամանակահատվածում: Հանդիպման այդ հատվածում "մանկունիանցիները" փոքր ինչ խաղային առավելություն ունեին, իսկ ընդհանուր առմամբ ողջ հանդիպումը անցնում էր "արիստոկրատների" առավելությամբ: 29-րդ րոպեին Ուեյն Ռունիի` հեռու տարածությունից կատարած հարվածը հասավ իր նպատակին: Սակայն այդ գնդակը ոչ այնքան "Յունայթեդի" խաղացողների ակտիվության արդյունք էր, որքան անհատական վարպետության: Առաջին խաղակեսի վերջում "Մանչեսթերը" միայն հրաշքով փրկվեց վերահաս գոլից, երբ տուգանայինից կատարված փոխանցումը մեծ իրարանցում առաջացրեց տուգանային հրապարակում, և միայն վան Դեր Սարի հաջող խաղը հնարավորություն տվեց Սըր Ալեքսի թիմին ընդմիջման գնալ հաշվի մեջ առավելությամբ: 
Այդ գերլարված հանդիպման երկրորդ խաղակեսն անցավ լոնդոնյան ակումբի թելադրանքով: "Յունայթեդը" երկրորդ խաղակեսում ակնհայտ թույլ գտնվեց "Չելսիից", և դա, միգուցե, կապված էր հոգնածության և այն բանի հետ, որ հարձակվողական ոճի խաղացողների բացակայության պատճառով հակագրոհների ժամանակ թիմն ագրեսիվ չէր գործում: Նանին, ով անցկացրեց տարբեր խաղակեսեր, խաղի երկրորդ հատվածում ընդհանրապես չէր երևում: "Չելսիի" պաշարումը հետզհետե ճեղքեր էր առաջացնում "Յունայթեդի" պաշտպանությունում: Կառլետտոյի թիմը երկրորդ խաղակեսում` հատկապես առաջին գնդակից հետո, ոգևորվածության ալիքի վրա հետզհետե սեխմեց "կարմիր սատանաներին" և հասավ ցանկալի արդյունքի: Առաջին գնդակը հեղինակեց բրազիլիացի պաշտպան Դավիդ Լուիսը, ով "Չելսիի" կազմում, ըստ մեզ, լավագույնն էր: Իսկ երկրորդ գնդակը "Չելսին" խփեց Յուրի Ժիրկովի` հաջող խաղի մեջ մտնելու շնորհիվ.  տուգանային հրապարակում Սմոլինգը գցեց ռուս կիսապաշտպանին, իսկ Ֆրենկ Լեմպարդի հարվածը անկասելի էր: 
Խաղի վերջին րոպեներին` երկրորդ դեղին քարտից հետո խաղադաշտից հեռացվեց Նեմանյա Վիդիչը: Սակայն ծայրաստիճան լարված հանդիպումն առանց մրցավարական սխալների չանցավ: Հաջող խաղ անցկացրած Դավիդ Լուիսը երկու դեպքում խուսափեց երկրորդ դեղին քարտից, երբ արմունկով հարվածեց Էրնանդեսին, ապա ոչ խաղային իրավիճակում հարվածեց Ռունիի ծնկին: Սակայն այդ դրվագները, բարեբախտաբար, այնպիսին չէին, որ ազդեին հանդիպման վրա: "Չելսին" ֆանտաստիկ անցկացրած երկրորդ խաղակեսի շնորհիվ սրեց չեմպիոնության համար մղվող պայքարը, որն առանց այն էլ բավականին թեժ էր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 585 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0