Home » 2011 » Նոյեմբեր » 25 » "Չեմպիոնների լիգա". Չոր հաշվարկ
01:44
"Չեմպիոնների լիգա". Չոր հաշվարկ
Այս տարվա "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում մնացել է անցկացնել ընդամենը մեկ խաղ: Շատերն արդեն լուծել են իրենց` փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու հարցերը, ոմանց համար էլ այդ խաղերը կարող են լինել վերջինը եվրոպական այս հեղինակավոր մրցաշրջանում: Այս մեծ մրցավազքում Ձեզ ենք ներկայացնում մեր նկատած հեռանկարները բոլոր մասնակիցների վերաբերյալ:
"A" խումբ
Այս բարդ խմբի խայտառակությունը կարելի է համարել "Վիլյառեալին": Պարզվում է, որ իսպանական ակումբն այս տարվա "Չեմպիոնների լիգայի" ամենաթույլ թիմն է ևս երկու այլ ակումների հետ, որոնք ոչ մի միավոր չվաստակեցին: "Բավարիան" շատ վստահ զբաղեցրեց առաջին հորիզոնականը նախավերջին տուրում Ռիբերիի դուբլի և Գոմեսի գոլի շնորհիվ առավելության հասնելով արդեն նշված ետնապահի հետ խաղում: Իսկ ահա Նեապոլում ավելի քան հետաքրքիր էր: Կավանին "Սիթիի" հետ խաղում առաջինը հասավ հաջողության, այնուհետև Սալվատորեն
ուղղակի գոլ նվիրեց Բալոտելլիին, բայց վերջնական խոսքը նորից Կավանիինն էր, ով հաղթանակ պարգևեց անկատրում "Նապոլիին": Եվ հիմա "Սիթիին" հետագա փուլ դուրս գալու համար միայն հաղթանակ է բավարարելու գերմանացիների հետ տնային խաղում: Իսկ ահա Մացարիի սաներին հաղթանակ է անհրաժեշտ Իսպանիայում, ինչն անելն ավելի հեշտ է, քան թե "Սիթին" կարող է հաղթել "Բավարիային":
"B" խումբ
Այս խումբը ինչ-որ չափով կարելի է նմանեցնել առաջին խմբին: Երկրորդ խմբում արդեն ևս հայտնի է առաջատարը` "Ինտերը", և արդեն տեսականորեն կարելի է խոսել նաև ետնապահի` ռուսական "ԲԿՄԱ"-ի մասին: Ինչո՞ւ տեսականորեն, որովհետև ռուսական ակումբը 5-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվելով ֆրանսիական "Լիլ"-ին հույս ունի դուրս գալ խմբից այն դեպքում, եթե իրենք Միլանում առավելության կհասնեն "Ինտերի" նկատմամբ, իսկ "Լիլ"-ը ոչ-ոքի կխաղա թուրքական "Տրաբզոնսպորի" հետ: Այս խմբում արդեն իմաստ ունի խոսել միայն Ֆրանսիայի չեմպիոնի և թուրքական "Տրաբզոնսպորի" մասին, որոնք վերջին տուրում ուժերը կչափեն Ֆրանսիայում: Միայն նշենք, ֆրանսիացիներին բավարարում է միայն հաղթանակը, իսկ թուրքերին նույնիսկ ոչ-ոքին:
"С" խումբ
"Օցելուլը" շարունակում է պարտվել, բայց պայքարում ավելի լավ, քան իրեն "հավասարազոր" "Վիլյառեալը": "Բազելը" կարող էր զրկվել խմբից դուրս գալու բոլոր հնարավորություններից, սակայն Ալեքսանդր Ֆրեյը չի ծերանում: Հարձակվողի դուբլը և ևս մեկ վետերան` Շտրելլերի գոլը Ռումինիայում հաղթանակ պարգևեցին շվեյցարացիներին: Իսկ ահա Սըր Ալեքս Ֆերգյուսոնը "իր տպավորիչ ոճով" այս անգամ կարող է վատ ավարտել խմբային մրցաշարը: Պորտուգալական "Բենֆիկան" Մանչեսթերում արդյունավետ ոչ-ոքի խաղալուց հետո զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Պորտուգալացիներն անգլիացիներին գերազանցում են հյուրընկալվելուց ավելի շատ գոլեր հեղինակելու շնորհիվ: Հիմա "Բենֆիկային" իր հանգիստ կյանքը շարունակելու համար անհրաժեշտ է միայն տանը հաղթել "Օցելուլին", իսկ "Յունայթեդը" կուղևորվի Շվեյցարիա, որտեղ "Բազելին" միայն հաղթանակ է անհրաժեշտ:
"D" խումբ
Այստեղ ամեն ինչ ձանձրալի և ակնհայտ է: Եթե վերցնենք 5-րդ տուրը, ապա հետաքրքիր էր միայն երկրորդ տեղի համար պայքարը: "Այաքսը” Ֆրանսիայում "Լիոնի” հետ 0-0 խաղաց և հիմա նրանց` միմյանց հետ խաղացած 180 րոպեներում միայն զրոներ են: Այսինքն, եթե Ֆրանկ դե Բուրի թիմը, եթե սեփական հարկի տակ պարտվի "Ռեալի" երկրորդ կազմին, իսկ "Լիոնը" Զագրեբում հաղթի տեղի թիմին, ապա թիմերը կունենան հավասար միավորներ: Այդ ժամանակ հաշվի կառնվի բոլոր խաղերում թիմերի խփած և բաց թողած գնդակները: Այստեղ մի բան ակնհայտ է, որ "Այաքսի" գործը ավելի հեշտ է, քանի որ "Ռեալը" արդեն հասցրեց ծաղրել հակառակորդին իր երկրորդ կազմով և նոր ռեկորդ սահմանել "Չեմպիոնների լիգայում" առաջին 20 րոպեների ընթացքում խփելով 4 գնդակ: Հավանական է, որ հոլանդական թիմին դժվար չի լինի գոնե 1 միավոր վաստակել վերջին խաղում և դուրս գալ խմբից երկրորդ հորիզոնականով:
"Е" խումբ
5-րդ տուրում այստեղ թիմերին ուղեկցեց հաջողությունը: "Վալենսիան" Սոլդադոյի և թիմի այլ անդամների շնորհիվ 7-0 հաշվով, մեղմ ասած, ցավեցրեց բելգիական "Գենկին": Եթե չլիներ հյուրերի դարպասապահ Լասլո Կոտելեշը, ապա հաշիվը ռեկորդային կլիներ: Բոլորը խմբի ֆավորիտ համարում էին Լոնդոնի "Չելսիին", բայց Վիլլաշ-Բոաշի մշակված տակտիկան առայժմ չի գործում: Նախավերջին տուրում "արիստոկրատների" նախկին խաղացող Միխայել Բալլակն իր ներկայիս թիմի` "Բայերի" հետ հաղթանակ տարավ "Չելսիի" նկատմամբ: Այս անգամ ևս գովեստի խոսքերի է արժանի լոնդոնցիներիդարպասապահը` Չեխը, բայց Դերդիյոկի և Ֆրիդրիխի հարվածներից հետո չօգնեց նույնիսկ Պետրը: Ամեն ինչ պարզ և հասկանալի է. գերմանացիներին բավական է ոչ-ոքի խաղալ Բելգիայում, իսկ ահա "Սթեմֆորդ Բրիջում", եթե "Վալենսիան" համարձակվի 3 միավոր վաստակել, ապա Եվրոպայի լիգայում կունենանք արդեն մեկ գրանդ ակումբ` "Չելսին", իսկ Վիլլաշ-Բոաշը ստիպված կլինի նոր աշխատանք փնտրել:
"F" խումբ
Շատ զարմանալի է, բայց փաստ, որ բրիտանական միայն մեկ թիմ կարող է իրեն հանգիստ զգալ այս ակումբային քառյակներում: Այս տարի Վենգերի սաները դաս են քաղել, որ չի կարելի խմբում զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, չէ որ հաջորդ քայլին քեզ կարող է կատալոնական "Բարսելոնան" սպասել: 5-րդ տուրում Դորտմունդի "Բորուսիայի" հետ խաղում նախ Ալեքս Սոնգը, այնուհետև Վերմալենը օգնեցին թիմի առաջատար դարձած Ռոբին վան Պերսիին դառնալ գոլերի հեղինակ, ինչպես վերջինս խաղից առաջ խոստացել էր Անդրե Սանթոսին: Այստեղ էական չէ, թե ով ում ինչ էր խոստացել, էական է այն, որ հոլանդացի ավագի խաղը նույն տեմպով շարունակվելու դեպքում նա ''Արսենալի'' նախկին 4 ավագների նման կհայտնվի այլ ուժեղ ակումբում: Այսքանից արդեն հասկանալի է, երևի, որ անգլիացիներն ապահովել են առաջին տեղն իրենց խմբում: Հասկանալի է, որ երկրորդ տեղի համար պայքարը կախված է նաև "Արսենալից". եթե Վենգերը "Օլիմպիակոսի" հետ վերջին խաղում խաղադաշտ դուրս բերի "դպրոցականների", ապա հույների շանսերը կմեծանան: Քիչ հավանականություններ ունեն այս դեպքում "Բորուսիան" և "Մարսելը":
"G" խումբ
Իհարկե ցավալի է, բայց "Շախտյորը" այս տարի ավարտում է իր ելույթները Եվրոպայում: Անցնենք միանգամից մյուս 3 թիմերին, որտեղ պայքարը մեծ է ու շատ թեժ: 5-րդ տուրում "Պորտուին"` Ուկրաինայում արտագնա հաղթանակից հետո մնում է միայն հաղթել "Զենիթին", ինչն այնքան էլ հեշտ չէ, քանի որ եթե "Շախտյորը" չկարողացավ օգտվել պորտուգալացիների պաշտպանների և դարպասապահի սխալներից, ապա ռուսները չեն ների և կարող են հրաշքներ գործել: Ռուսական թիմը, իհարկե, կմեկնի Պորտուգալիա հաղթելու համար, բայց և ոչ-ոքին էլ լավ կլինի: Ինչ վերաբերվում է այս տարվա սենսացիոն թիմին` "ԱՊՕԷԼ"-ին, ապա նրանք արդեն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակչում, իսկ թե որ հորիզոնականով նրանք դուրս կգան, պարզ կլինի "Շախտյորի" հետ տնային հանդիպումից հետո:
"H" խումբ
Բացահայտ խումբ, որը 5-րդ տուրում Միլանում մեզ հիանալի հանդիպում պարգևեց: "Միլանը" չկարողացավ միավոր կորզել "Բարսելոնայից", բայց համառ պայքար մղեց` երկու անգամ հավասարեցնելով հաշիվը: Այս խաղը նման էր Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությանը, երբ "Ռեալը" երկու անգամ հավասարեցրեց խաղի հաշիվը, բայցևայնպես պարտվեց 2-3 հաշվով, "Արքաների" պես "Միլանը" չկարողացավ կանգնեցնել Մեսսիին: Այստեղ երրորդ հորիզոնականում ամենայն հավանականությամբ կհայտնվի Պլզենի "Վիկտորիան", քանի որ դժվար թե գտնվի մեկը ով կասի, որ "ԲԱՏԷ"-ն "Նոու Կամպում" կարող է հաղթանակ տոնել, սակայն ոչ-ոքին չի կարելի բացառել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 533 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0