Home » 2011 » Դեկտեմբեր » 11 » "Լա Լիգայի" ԱՐՔԱՆ դեռևս "Բարսելոնան" է
08:42
"Լա Լիգայի" ԱՐՔԱՆ դեռևս "Բարսելոնան" է
Իսպանիայի "Պրիմերայի" 16-րդ տուրի շրջանակներում "Սանտիագո Բեռնաբեու" մադրիդյան մարզադաշտում կայացավ բոլորիս համար անչափ հետաքրքիր իսպանական "Էլ Կլասիկոն"` Մադրիդի "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի" միջև: Խաղից առաջ հնչած կանխատեսումների համաձայն չնչին առավելություն ուներ "Ռեալը" , քանի որ "Արքայական ակումբը" վերջին խաղերի ընթացքում խաղային առումով ավելի կայուն ելույթներ էր ունենում, քան կատալոնական ակումբը:
Հանդիպման մեկնարկը չափազանց հաջող էր "Ռեալի" համար, որի ֆուտբոլիստները խաղը սկսելով դաշտի կենտրոնից, սուր գրոհ կազմակերպեցին և արդեն 20-րդ վայրկյանին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման` օգտվելով Խերարդ Պիկեի դիրքային սխալից (հյուրերի պաշտպանը փակել էր "խաղից դուրս" իրավիճակը), մոտ տարածությունից ռմբահարեց Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը` խփելով "Էլ Կլասիկոյի" պատմության ընթացքում ամենարագ գոլը:
Նշենք, որ այս գոլում մեղքի մեծ բաժին ուներ կատալանների դարպասապահ Վիկտոր Վալդեսը: Խփած գոլից հետո ևս "Ռեալի" ֆուտբոլիստները շատ ակտիվ էին ու առաջին խաղակեսի առաջին հատվածն ամբողջովին անցավ հենց վերջիններիս ճնշող առավելությամբ: Հանդիպման 25-րդ րոպեին "Բարսելոնայի" դարպասը գրավելու գերազանց հնարավորություն ստացավ "Ռեալի" պորտուգալացի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, սակայն անչափ նպաստավոր դիրքից նա չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Գուցե հենց այդ դրվագն էլ այս խաղում դարձավ բեկումնային, քանի որ հետագայում խաղային ու տարածքային առավելությունն աստիճանաբար անցավ "Բարսելոնային", որի ֆուտբոլիստները սկսեցին ավելի անկաշկանդ գործել ու սպառնալ Իկեր Կասիլյասի դարպասին: Նմանատիպ սպառնալիքներից մեկն էլ, հանդիպման 30-րդ րոպեին, ավարտվեց դարպասի գրավմամբ. ստանալով Լիոնել Մեսսիի ոսկերչական ճշգրտությամբ կատարված փոխանցումը` "Բարսելոնայի" չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հաշվենկատ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը:

"Բարսելոնայի" առավելությունն ավելի մեծացավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում, քանի որ կատալոնացիները գերգերազանց օգտագործում էին հակագրոհներ կազմակերպելու յուրաքանչյուր հնարավորությունը, մինչդեռ "Ռեալը" չէր կարողանում գրոհել անգամ: Հենց այդպիսի հակագրոհներից մեկի արդյունքում` հանդիպման 53-րդ րոպեին, գնդակը երկրորդ անգամ հայտնվեց "Ռեալի" դարպասում. Չավին հեռու տարածությունից գեղեցիկ ու հաշվենկատ հարված կատարեց դեպի "Ռեալի" դարպասը, գնդակը դիպավ տանտերերի պաշտպան Մարսելոյին, ապակողմնորոշեց Իկեր Կասիլյասին ու հայտնվեց ցանցում` հանդիպման հաշիվը դարձնելով 2-1` հօգուտ "Բարսելոնայի": Այս դրվագից հետո "Ռեալը" կոտրվեց ու ոչնչացավ:
Հանդիպման 66-րդ րոպեին կատալոնացիները ձեռնարկեցին իրենց հերթական կայծակնային հակագրոհը, որի արդյունքում աջ եզրից հետևեց Դանիել Ալվեշի օդային հաշվենկատ փոխանցումը դեպի "Ռեալի" դարպասային հրապարակի հեռավոր աջ անկյունը, որտեղ Սեսկ Ֆաբրեգասը գլխի դիպուկ հարվածով երրորդ գնդակն ուղարկեց "Արքայական ակումբի" դարպասը:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում խաղադաշտում հրաշալի, գեղեցիկ, անզիջում, փոխնիփոխ գրոհներով հարուստ պայքար ընթացավ, սակայն ֆուտբոլասերներն այլևս խփված գնդակի ականատես չեղան, թեև թե "Ռեալը", թե "Բարսելոնան" նպաստավոր պահեր ունեցան:
Այսպիսով` "Բարսելոնան" 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ "Ռեալի" նկատմամբ` միավորների քանակով հավասարվելով վերջինիս ու ողջ աշխարհին ապացուցեց, որ ինքը դեռևս "Լա Լիգայի" ու կարելի է ասել ողջ ֆուտբոլային աշխարհի ԱՐՔԱՆ է: Մադրիդի "Ռեալն" էլ ստիպված է գլխիկոր հետևել "արքաների" խաղին` փորձելով հասնել վերջինիս ու ցած նետել "կապտանռնագույններին" հաղթանակների գահից:


   
                     "Բարսելոնան" տոնում է իր հաղթանակը:                 "Ռեալն" այդպես էլ ուշքի չեկավ:                         "Ռեալի" պաշտպաններն անզոր էին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 616 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 3