Home » 2011 » Մայիս » 1 » "Արսենալը" հաղթում է "Յունայթեդին" և ծայրաստիճան սրում չեմպիոնական պայքարը
20:53
"Արսենալը" հաղթում է "Յունայթեդին" և ծայրաստիճան սրում չեմպիոնական պայքարը
Անգլիական "Պրեմիեր լիգայի" 34-րդ տուրի "Արսենալ"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` նվազագույն 1-0 հաշվով: Առաջին և երկրորդ խաղակեսերն անցան տարբեր կերպ` չնայած երկու դեպքում էլ թիմերի տարածքային առավելությունը ոչ մի կերպ չէր ազդում վտանգավոր պահեր ստեղծելու վրա:
 Առաջին խաղակեսում տարածքային մեծ առավելություն ունեին դաշտի տերերը: Հիշատակվեցին "զինագործ" Ջեկ Ուիլշերի վտանգավոր հարվածը և "կարմիր սատանա" Ֆաբիո դա Սիլվայի անցումը: Առաջին խաղակեսի ամենահիշատակելի դրվագը մրցավարական կոպիտ սխալն էր, երբ Նեմանյա Վիդիչի ակնհայտ ձեռքով խաղը սեփական տուգանայինում աննկատ մնաց:
 Երկրորդ խաղակեսը ավելի ակտիվ սկսեցին հյուրերը, սակայն 55-րդ րոպեին բաց թողեցին մրցակցի արագ ու հոյակապ կազմակերպված հակագրոհը. գոլն իր հաշվին գրանցեց երիտասարդ Արոն Ռեմզին, ով վերջերս է ապաքինվել ծանրագույն վնասվածքից: Հանդիպման մնացած հատվածն անցավ փոքրիշատե "Մանկունիանցիների" առավելությամբ, ովքեր փորձում էին ճնշում գործադրել երիտասարտ Շչեսնիի վրա: Նախ Ուեյն Ռունիի տուգանայինից կատարած հարվածը փայլուն կերպով հետ մղեց Շչեսնին, ապա Նանին վրիպեց նպաստավոր դիրքից: Երկրորդ խաղակեսում ևս հանդիպման գլխավոր մրցավարը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում. փոխարինման դուրս եկած Մայքլ Օուենի նկատմամբ կարծես կանոնները խախտեց "Արսենալի" պաշտպանը, սակայն մրցավարի սուլիչը լռեց:
 Այսպիսով` "Յունայթեդին" չափազանց լարված հանդիպում է սպասվում "Օլդ Թրաֆֆորդում" մյուս շաբաթ "Չելսիի" դեմ, որն անասելի մեծ լիցքեր կարող է ստանալ "Յունայթեդի" այսօրվա պարտությունից հետո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 2