Home » 2012 » Նոյեմբեր » 5 » "Բանանցի" երկրպագուների բաց նամակը ակումբի նախագահին
20:03
"Բանանցի" երկրպագուների բաց նամակը ակումբի նախագահին
 Երևանի "Բանանց" ֆուտբոլային ակումբի ֆան շարժումը` "Proud Eagles"-ը, բաց նամակ է հղել ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանին: Ստորև ներկայացնում ենք երկրպագուների վերոնշյալ նամակը ամբողջությամբ.
   "Հարգելի պ-ն Սարգիս Իսրայելյան, մենք` "Բանանց" ՖԱ երկրպագուներս, հուսահատությամբ դիմում ենք Ձեզ, քանի որ հիշում ենք, որ տարիների ընթացքում Դուք միշտ արձագանքել եք մեր նամակներին, իսկ հիմա նորից եկել է ժամանակը, երբ մեր` երկրպագուների փոքր խումբը սպասում է Ձեր որոշիչ խոսքին: Այս պահին "Բանանցը" վերջին տեղում է, և իհարկե ակումբի համար դա չէ մրցաշարային նպատակը այս մրցաշրջանում: Հիմնավորումը` մեր սիրելի ակումբը որոշել է ապավինել միայն տեղական կադրերին և հույսը դրել է երիտասարդ ֆուտբոլիստների վրա` թիմի ապագան կառուցելու նպատակով: Խաղաշրջանի սկզբում "Proud Eagles"-ը ուրախությամբ, բայց նախազգուշական վախով ընդունեց այս լուրը: Չնայած դրան էլ` մրցաշրջանի ընթացքում թիմում կային լեգեոներներ, ովքեր էլ լքեցին ակումբը և այժմ "Բանանցը" կազմված է միայն տեղացի ֆուտբոլիստներից: Նմանատիպ քաղաքականությամբ են գործում նաև Բարձրագույն խմբի այլ ակումբներ, սակայն նրանց դիրքերն ավելի բարձր են աղյուսակում: Ուրեմն ո՞րն է խնդիրը. մենք համարձակվում ենք ենթադրել, որ դրա հիմնական պատճառը ակումբի գլխավոր մարզիչն է: Ռաֆայել Նազարյանը բավականաչափ լավ աշխատանք կատարեց անցած մրցաշրջանում, բայց հիմա թիմն առավել վատ է խաղում, քան երբևէ և դրա մասին Դուք ինքներդ էլ քաջատեղյակ եք: Անցյալ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում "Բանանցը" կրել է միայն 8 պարտություն, և հիմա արդեն 26-րդ տուրի ընթացքում "սպիտակ-կապույտներն" պարտվել են 14 անգամ: Բացի այդ, ամբողջ անցյալ մրցաշրջանում մեր թիմը չի "զիջել" երբեք 7-րդ տեղը, իսկ խաղաշրջանի վերջում կարողացավ պայքարել դեռ երկրորդ տեղի համար: Բացի այդ մրցաշրջանի վերջում առաջնության ռմբարկու դարձավ հենց "Բանանցի" ֆուտբոլիստը: Նաև մի մոռացեք, որ ընդամենը երկու տարի առաջ, այն տղաները, ովքեր այժմ նույնիսկ չեն կարողանում գոլ խփել, ապշեցնում էին երկրպագուներին իրենց տեխնիկայով և խաղով: Նրանցից ոմանք լքեցին ակումբը, իսկ հիմա այնպիսի խաղացողներ, ինչպես` Նորայր Գյոզալյանը և Արսեն Բալաբեկյանը, գտնվում են առաջնության ռմբարկուների ցանկում այն պարագայում, երբ Ռաֆայել Նազարյանի ղեկավարության ներքո այս խաղացողներին չէր հաջողվում ցուցադրել այն փայլուն խաղը, որ ցուցադրում են հիմա: Հարգելի պ-ն Սարգիս Իսրայելյան, վերը նշված փաստերը ևս մեկ անգամ հաստատում են ստեղծված տխուր իրականությունը, որում հայտնվել է ակումբը: Ցավոք, մարզիչ Ռաֆայել Նազարյանը սպառել է իր գաղափարները և այլևս չկա այն նորամուծությունը ու գաղափարախոսությունները, որ կային մեկ կամ երկու տարի առաջ: Սակայն առավել զարմանալի է այն փաստը, որ պ-ն Նազարյանը չի ընդունում իր մեղքը ակումբի ներկա վիճակի համար: Հարգելի պ-ն Սարգիս Իսրայելյան, մենք չենք կասկածում Ռաֆայել Նազարյանի "Բանանց"-ին նվիրված ու հավատարիմ լինելուն` պարզապես ժամանակն է ակումբում ինչ-որ բան փոխել և իհարկե պարոն Նազարյանը ի զորու չէ գլխիվայր փոփոխության, դրա համար մենք խնդրում ենք հստակ քայլեր ձեռնարկել ակումբը փրկելու համար, քանի որ երկրպագուներից ոչ ոք չի ցանկանում տեսնել "Բանանց" ակումբը Առաջին լիգայում: Պետք է հասկանալ, որ նման արդյունքը վատ է անդրադառնում ոչ միայն "Բանանցի", այլև Հայաստանի հավաքականների վրա: Հենց այս պահին "սպիտակ-կապույտներում" խաղում են հրաշալի ֆուտբոլիստներ, որոնց համար կարող է փայլուն ֆուտբոլային ապագա բացվել, բայց առանց հաղթանակի մեր տղաները չեն զարգանա և հաղթողի հոգեբանություն չեն ունենա: Մեր ակումբը խաղացել է 26 խաղ, բայց հաղթանակ է տարել ընդամենը 3-ում: Նման վիճակագրությամբ "Բանանցի" ֆուտբոլիստները չեն կարող իրենց ինքնավստահ զգալ ու օգուտ տալ Հայաստանի հավաքականին: Հարգելի պ-ն Սարգիս Իսրայելյան, "Proud Eagles"-ն հուսով է, որ Դուք կլսեք մեր ձայնը ու միջոցներ կձեռնարկեք, և շուտով "Բանանց-1" մարզադաշտը կրկին լցված կլինի բազմաթիվ երկրպագուներով, որոնք կվանկարկեն "Բանանց Երևան" արտահայտությունը":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 563 | Added by: Gag18 | Rating: 3.0/2
Total comments: 0