Home » 2012 » Հունվար » 26 » "Բարսելոնայի" համար "Ռեալին" հաղթելը ավելի է դժվարացել
13:04
"Բարսելոնայի" համար "Ռեալին" հաղթելը ավելի է դժվարացել
 Կատալունիայի "Կամպ Նոու" ֆուտբոլային թագավորությունում կեսգիշերն անց ավարտվեց Իսպանիայի "Արքայական գավաթի" խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը. "Բարսելոնան" ընդունել էր Մադրիդի "Ռեալին": Ի տարբերություն մեկ շաբաթ առաջ Մադրիդում կայացած "Էլ Կլասիկոյի"` այս անգամ խաղն աչքի ընկավ դիտարժանությամբ և շատ մեծ լարվածությամբ. քիչ է ասել, թե անչափ կարևոր խաղում գրանցվեց գոլառատ ոչ-ոքի` 2-2 վերջնական հաշվով, իսկ գավաթային այս դիմակայության ավարտին գրանցվեց 4-3 ընդհանուր հաշիվ` հօգուտ "Բարսելոնայի":
  Ֆուտբոլասերներին հայտնի է, որ այս թիմերի միջև կայացած առաջին` մադրիդյան խաղում հաղթել էին կատալոնացիները, սակայն "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում գրանցված 2-1 հաշիվը որոշակի ինտրիգ էր խոստանում պատասխան հանդիպման ժամանակ: Առաջին խաղակեսի սկզբնական 20 րոպեները բավականին խոստումնալից էին. երկու դրվագներում "Ռեալի" ֆուտբոլիստներն անչափ մոտ էին հաջողությանը, սակայն մի դեպքում Մեսութ Օզիլի հեռահար հարվածից հետո "Բարսելոնային" օգնության հասավ դարպասաձողը, իսկ մյուս դեպքում` կատալոնական ակումբի դարպասապահ Խոսե Պինտոն կարողացավ ուղղել իր իսկ թույլ տված կոպիտ սխալը Գոնզալո Հիգուայինի կատարած հարվածից հետո:
  Հրաշալի խաղային պահերը չօգտագործվեցին մադրիդցիների կողմից, և անմիջապես գործեց ֆուտբոլի չգրված օրենքը. ընդմիջումից ընդամենը երկու րոպե առաջ ձեռնարկած սուր հակագրոհի արդյունքում Պեդրոն կարողացավ արդյունավետ եզրափակել մադրիդցիների 
պաշտպանությունը կտրող Լիոնել Մեսսիի կատարած հաշվենկատ փոխանցումը: Հանդերձարան ուղևորվելուց վայրկյաններ առաջ էլ Դանիել Ալվեշը հուժկու հարվածով գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասի հեռավոր վերին անկյունը` դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ:
  Դիտարժան պայքարը շարունակվեց նաև երկրորդ խաղակեսում: Թիմերը շարունակում էին բաց և դիտարժան ֆուտբոլ ցուցադրել: Մադրիդյան հյուրերն ամեն կերպ փորձում էին ցանկալի արդյունքի հասնել, և դրվագներից մեկում դա նրանց հաջողվեց. տուգանայինն իրացնելուց հետո Սերխիո Ռամոսը կարողացավ գլխի հարվածով գրավել Պինտոյի պաշտպանած դարպասը, բայց հանդիպման գլխավոր մրցավարն ավելի վաղ արձանագրել էր Ռամոսի կողմից թույլ տված կանոնների խախտումը: Այդ խաղային դրվագն ամենևին էլ թևաթափ չարեց "Արքայական ակումբին", որի ֆուտբոլիստներն ավելի ուժեղացրեցին ճնշումը "Բարսելոնայի" պաշտպանական դիրքերի վրա, ինչը տվեց իր ցանկալի արդյունքը. հանդիպման 68-րդ րոպեին ստանալով Մեսութ Օզիլի հաշվենկատ փոխանցումը` Քրիշտիանու Ռոնալդուն աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց ընդառաջ դուրս եկած դարպասապահին, և գնդակը ցնցվեց "Բարսելոնայի" ցանցում` կրճատելով հաշվի տարբերությունը: Ընդամենը 4 րոպե անց գնդակը երկրորդ անգամ հայտնվեց տանտերերի դարպասում. աչքի ընկավ փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
 Խաղի հաշիվը հավասարվեց, և հանդիպման ինտրիգը կրկին վերականգնվեց: Զգալով, որ "Բարսելոնայի" պաշտպանությունը զգալի ճեղքեր է տալիս, "Ռեալի" ֆուտբոլիստները շարունակեցին իրենց գրոհները` փորձելով հաղթանակ կորզել, և մի քանի դրվագներում նույնիսկ մոտ էին դրան: Ամենավտանգավորը, թերևս, Քարիմ Բենզեմայի ունեցած հերթական նպաստավոր պահն էր, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը գնդակը կասեցնելիս մի պահ այն կորցրեց տեսադաշտից, և պահն ավարտվեց: Որքան էլ տարօրինակ հնչի` հանդիպման վերջնամասում "Բարսելոնայի" պաշտպանությունում որոշակի խուճապ նկատվեց, ինչից "Ռեալի" ֆուտբոլիստները փորձում էին արագորեն օգտվել յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում: Տարվելով գրոհներով` հյուրերը ժամանակ առ ժամանակ սուր հակագրոհներ էին բաց թողնում, որոնցից հերթականի արդյունքում արագավազ Լիոնել Մեսսին բավական մոտ էր արդյունքի հասնելուն, սակայն հեռու տարածությունից կատարած նրա հարվածը չնչին շեղությամբ դուրս անցավ դարպասաձողի կողքով: Հանդիպման անչափ մեծ լարվածությունն իր "տրամաբանական" հանգուցալուծումը գտավ խաղի 87-րդ րոպեին, երբ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց "Ռեալի" պաշտպան Սերխիո Ռամոսը: Ավելացված ժամանակի առաջին րոպեին դաշտի տերերը կարող էին խփել հաղթական գնդակը, բայց գնդակի ճանապարհին կանգնեց Իկեր Կասիլյասը... "Բարսելոնան" դուրս եկավ "Արքայական գավաթի" խաղարկության կիսաեզրափակիչ:
 Այսպիսով` ավարտվեց հերթական "Էլ Կլասիկոն": Այն նորից բազմաթիվ խոսակցությունների ու վեճերի տեղիք կտա մոտակա օրերի ընթացքում, բայց որ "գալակտիկոսները" կարողացան խաղով չզիջել մրցակցին, դա քննարկումից դուրս է: "Ռեալը" պարտվեց ընդհանուր հաշվով, բայց ոչ այսպիսի խաղով: Ժոզե Մոուրինյոն վերջապես կարողացավ հաղթահարել այն "վախը", որ կար իր մեջ "Բարսելոնայից" կրած 0-5 հաշվով պարտությունից հետո:
    Մոուրինյոն գտավ հաղթելու բանալին                                                                                                              Խաղը աչքի ընկավ կոպտությամբ
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 531 | Added by: Hartsat | Rating: 4.7/6
Total comments: 2