Home » 2011 » Մայիս » 4 » Ցտեսություն "Սուպերկլասիկո", ցտեսություն "Ռեալ"
09:19
Ցտեսություն "Սուպերկլասիկո", ցտեսություն "Ռեալ"
Երեկ կայացավ իսպանական "Էլ-Կլասիկոյի" եզրափակիչ` 4-րդ ու ավարտական մասը, այդ խաղի արդյունքում որոշվեց նաեւ "Չեմպիոնների լիգայի" եզրափակչի առաջին մասնակիցը:
Համաշխարհային ֆուտբոլի 2 գերգրանդների մասնակցությամբ հերթական ֆուտբոլային ներկայացումը տեղի ունեցավ  Բարսելոնայի "Նոու Կամպ" հսկա մարզադաշտում` "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպման շրջանակներում: Գեղեցիկ ներկայացման համար խոչընդոտ չկարողացավ հանդիսանալ նույնիսկ խաղից առաջ ու ողջ խաղի ընթացքում տեղացող հորդառատ անձրևը:
Առաջին խաղում` "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում ձեռք բերված 2 գնդակի առավելությունը, ինչպես և սպասվում էր շատ մասնագետների կողմից, Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատարը ձեռքից բաց չթողեց: Նշենք, որ այս խաղում ևս մի քանի մրցավարական սխալներ եղան, սակայն դրանց մասին չենք ցանկանում խոսել, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծվի: Չ՞է որ արդեն ամեն ինչ ավարտված է, ու ավարտված էր դեռ չսկսված:
Եվրոպայի խոշորագույն մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր նստած էին տանը` հեռուստաէկրանների առջև, տեսան պայքար, կիրք ու ֆուտբոլային դրամա: Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ վերջին 18 օրվա ընթացքում կայացած բոլոր 4 "Սուպերկլասիկոներում" էլ առաջին խաղակեսն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Ինչպես միշտ "Բարսելոնան" իր ձեռքն էր վերցրել գնդակի վերահսկումը, թիմն անընդհատ փոխանցումներ էր կատարում, մինչդեռ առանց գլխավոր մարզչի մնացած "Ռեալն" ամեն կերպ փորձում էր տիրել գնդակին: Հետաքրքիր է, որ այս մրցաշրջանում կայացած 5 "Սուպերկլասիկոներում" Գվարդիոլայի թիմը կատարել է 3817 փոխանցում, իսկ ահա "Ռեալը"` 1332 փոխանցում, այսինքն` 2495 փոխանցում պակաս:
 Թեև տարածքային առավելությունն "կապտանռնագույնների" կողմն էր ու թիմը կարող էր արդեն իսկ առաջին խաղակեսում մի քանի անգամ գրավել Կասիլյասի պաշտպանած դարպասը, սակայն "Ռեալի" ավագն ուղղակի փայլում էր:
Այս խաղում խփված առաջին գնդակին մարզասերներն ականատես եղան միայն երկրորդ խաղակեսում, երբ հանդիպման 54-րդ րոպեին կատալոնացիների հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, ստանալով Անդրես Ինյեստայի ոսկերչական ճշգրտությամբ արված փոխանցումը, մեն-մենակ հայտնվեց Կասիլյասի դեմ և փորձառու դարպասապահի կողքով սառնասրտորեն գնդակն ուղարկեց ցանցի մեջ:

Կատալոնացիների առավելությունն ավելի մեծացավ, սակայն "Ռեալի" ֆուտբոլիստները թևաթափ չեղան ու բաց թողած գնդակից ընդամենը 10 րոպե անց կարողացան պատասխանել դիպուկ հարվածով.  Անխել Դի Մարիայի գեղեցիկ անցումից ու հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ապա կրկին հայտնվեց արգենտինացու մոտ, վերջինս էլ այն փոխանցեց բրազիլացի Մարսելոյին, ով էլ գնդակն ուղարկեց դատարկ դարպասը:
Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավում չարձանագրվեց, և Գվարդիոլայի սաներն իրավունք ստացան մայիսի 28-ին խաղադաշտ դուրս գալու Լոնդոնի լեգենդար "Ուեմբլի" մարզադաշտում:

     *** Մի քանի հետաքրքիր փաստեր
Հարկ է նշել, որ այս խաղը հոբելյանական էր "Բարսելոնայի" ավագ Կառլես Պույոլի համար, ով "Չեմպիոնների լիգայի" մրցաշարում անցկացրեց իր 100-րդ հանդիպումը:
Մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո, "Բարսելոնայի" ֆուտբոլիստները յուրովի նշեցին իրենց խաղընկերոջ` Էրիկ Աբիդալի վերադարձը:
Սա "Ռեալի" կազմում անցկացրած առաջին հանդիպումն էր, երբ Ռոնալդուն ողջ խաղի ընթացքում ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 505 | Added by: Hartsat | Rating: 5.0/5
Total comments: 5