Home » 2012 » Նոյեմբեր » 25 » Դամիեն լը Թալլեք. "Ցանկացած դեպքում "Շախտյորը" մնում է "Շախտյոր"
10:02
Դամիեն լը Թալլեք. "Ցանկացած դեպքում "Շախտյորը" մնում է "Շախտյոր"
 Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում Դոնեցկի "Շախտյորի" հետ կայանալիք խաղի մասին իր մտքերով Football.ua կայքի թղթակցի հետ կիսվել է "Հովերլայի" ֆրանսիացի երիտասարդ հարձակվող Դամիեն լը Թալլեքը:

 - Արդեն առաջին անգամը չէ, որ առաջնությունում խաղալու եք "Շախտյորի" հետ: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս խաղից և ի՞նչ եք կարծում` ի՞նչ հաշվով կավարտվի խաղը:
  - Հաշվի առնելով, որ "Շախտյորը" ներկա պահին լավագույն թիմն է Ուկրաինայում` սա առանձնապես հեշտ խաղ չի լինելու մեր թիմի` "Հովերլայի" համար: Վերջերս մենք Ուկրաինայի գավաթի խաղարկությունում խաղացինք "Շախտյորի" հետ և, չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին, պարտվեցինք այդ խաղում: Ինձ համար դա ևս մի հավաստիացում էր այն բանի, որ "Շախտյորը" շատ ուժեղ թիմ է:
  - Դուք` որպես հարձակվող, խաղից առաջ լրացուցիչ ուսումնասիրո՞ւմ եք, թե, ասենք, ինչպես է խաղում "Շախտյորի" կենտրոնական պաշտպանների` Կուչեր-Ռակիցկի զույգը:
  - Լրացուցիչ չենք զբաղվում դրանով: Ինձ համար սա սովորական, ստանդարտ խաղ է: Երբ ես խաղադաշտ եմ մտնում, մրցակիցների ազգանուններին չեմ նայում: Իհարկե, ես գիտեմ "Շախտյորի" պաշտպաններին, սակայն ինձ համար միևնույնն է` ում դեմ եմ խաղում: Ես հարձակվող եմ, ուստի հնարավոր ամեն բան պիտի անեմ, որ հարվածեմ "Շախտյորին":
  - Առաջնության վերջին խաղում արդեն "Շախտյորը" պարտվեց "Արսենալին": Դոնեցկ մեկնելուց առաջ Դուք և Ձեր թիմը վերլուծե՞լ եք այդ խաղը: Մտադի՞ր եք խաղալ այնպես, ինչպես "Արսենալը":
  - Անշուշտ: Ախր, դա ֆուտբոլ է: Պարտվում են նույնիսկ չեմպիոնները, ինչին էլ մենք ականատես եղանք Կիևում նախորդ շաբաթ: Ճիշտ է, այնպիսի ուժեղ թիմերը, ինչպիսին "Շախտյորն" է, հազվադեպ են մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ պարտվում, այդ պատճառով էլ մեզ համար շատ ավելի բարդ է լինելու, քան "Արսենալի" համար:
  - Լոնդոնյան "Չելսիի" հետ խաղի ժամանակ` հենց սկզբում, դարպասապահ Անդեյ Պյատովը "կամավոր" գոլ բաց թողեց պաշտպանությունում ստեղծված անհամաձայնության պատճառով: Փորձելո՞ւ եք դարանակալել Պյատովին այնպես, ինչպես Ֆեռնանդո Տորրեսը:
  - Իհարկե, կփորձեմ, բայց դա հեշտ չի լինելու: Չնայած Լոնդոնում գործած սխալներին` նա հրաշալի դարպասապահ է: Մեկ խաղում երկու սխալները ոչինչ չեն նշանակում` հաշվի առնելով, որ Պյատովը մշտապես օգնում է "Շախտյորին":
  - "Շախտյորն" այս խաղում անընդհատ գրոհելու է, ինչպես դա անում է բոլոր խաղերում: Քեզ համար, որպես շատ արագ ֆուտբոլիստի, այդ եղանակը շատ հարմար է, գրոհի համար կգտնվե՞ն ազատ գոտիներ:
  - Ազատ գոտինե՞ր, դա լավ է, բայց երբ խաղում ես "Շախտյորի" դեմ, դու պաշտպանների համար աննկատ մնալու հնարավորություն գործնականորեն չունես: Դրան գումարած` չկա պահերի անհրաժեշտ քանակ: Մենք փորձելու ենք նշանակալի ուշադրություն դարձնել պաշտպանությանը, այդ պատճառով ես ողջ խաղի ընթացքում կարող եմ ունենալ միայն մի պահ, որի ընթացքում ես պարտավոր եմ հարվածել: Ցանկացած թիմ, երբ խաղում է "Շախտյորի" հետ, կարող է ամբողջ խաղում ունենալ միայն 2-3 պահ: Ուստի, ես պարտավոր եմ հարվածել առաջին իսկ փորձից:
  - "Չեմպիոնների լիգայում" "Նորդշելանդի" հետ խաղի ժամանակ "Շախտյորը" թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ առումով 100 տոկոսով "արտահայտվեց": Ի՞նչ ես կարծում, "հանքափորների" այդպիսի հոգնածությունը կարող է հաղթաթուղթ լինել "Հովերլայի" ձեռքում:
  - Դա հնարավորություն է մեզ համար, բայց "Շախտյորը" 25-ից ավելի խաղացող ունի, ուստի շատ հնարավոր է, որ Լուչեսկուն կազմում փոփոխություն կատարի, և մեր դեմ դուրս գան ամենևին էլ չհոգնած խաղացողներ: Այդպիսով` ցանկացած դեպքում "Շախտյորը" մնում է "Շախտյոր": Մեզ շատ դժվար խաղ է սպասվում:
Հարցազրույցը թարգմանեց Հռիփսիմե Գալստյանը

   Հ.Գ.: Հիշեցնենք, որ "Շախտյոր"-"Հովերլա" խաղը կկայանա նոյեմբերի 24-ին Դոնեցկի "Դոմբաս Արենա" մարզադաշտում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 580 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0