Home » 2011 » Մայիս » 29 » Հաղթեց ուժեղագույնը և Եվրոպայում դարձավ լավագույնը
09:52
Հաղթեց ուժեղագույնը և Եվրոպայում դարձավ լավագույնը
Ահա և վերջ. հաղթեց ուժեղագույնը, և պատմություն դարձավ "Չեմպիոնների լիգայի" 2010-11թթ. խաղարկությունը, որն հարուստ էր ամեն ինչով. կային և սկանդալներ, և գեղեցիկ հույզեր, հիանալի գոլեր, աներևակայելի անցումներ, հոյակապ սահընկումներ, մի խոսքով ամեն ինչ կար: Խաղարկության հանգուցալուծումը տեղի ունեցավ ֆուտբոլի հայրենիքում` Անգլիայում. այդ եզրափակիչ խաղն արդարացրեց բոլորի սպասելիքները: Երկրպագուների կողմից ակնկալված ֆուտբոլային գեղեցիկ ներկայացումն իսկապես ստացվեց, որը մեզ պարգևեցին 21-րդ դարասկզբի 2 մեծագույն ակումբները` Գվարդիոլայի "Բարսելոնան" և Ֆերգյուսոնի "Մանչեսթեր Յունայթեդը":
Աշխարհում շուրջ 160 մլն ֆուտբոլասերներին հաճելի լարվածության մեջ պահած այս դիմակայությունն, ի վերջո, ավարտվեց ներկա դրությամբ աշխարհում ամենաթիմային ու ինտելեկտուալ ֆուտբոլը ցուցադրող կատալոնական "Բարսելոնայի" հաղթանակով` այն էլ 3-1 հաշվով: Կատալոնական թիմն իր պատմության մեջ 4-րդ անգամ տիրացավ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթին, սաակայն 3-րդ անգամ 21-րդ դարում` 2006-ին,  2009-ին և այս տարի:

Կարծում ենք` բոլոր մոլի ֆուտբոլասերների համար գաղտնիք չէր, որ մինչև երեկվա վճռորոշ եզրափակիչ խաղը, "Բարսելոնայի" արգենտինացի 23-ամյա "այլմոլորակային" հարձակողական ոճի կիսապաշտպան Լիոնել Մեսսիին չէր հաջողվել գոլի հեղինակ դառնալ Անգլիայում, որտեղ Մեսսին 8 պաշտոնական հանդիպում էր անցկացրել:
Երեկվա խաղում գրավելով "Մանչեսթեր Յունայթեդի" դարպասը, Լիոնելն Անգլիային "ընդգրկեց" աշխարհի այն 20 երկրների շարքում, որոնց տարածքներում ֆանտաստիկ ու "մարսեցի" այս ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ:
Հետաքրքիր ևս մեկ փաստ, կա, որը կապված "Բարսելոնայի" հետ. հանդիպման 27-րդ րոպեին գրավելով անգլիական ակումբի դարպասը, "Բարսելոնայի" իսպանացի 24-ամյա հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը (նախկինում` Պեդրիտո) դարձավ եվրագավաթների շրջանակներում կատալոնական ակումբի խփած թվով 900-րդ գոլի հեղինակը: Իդեպ, Պեդրոյի խփած հույժ կարևոր գնդակը նաև ընթացիկ մրցաշրջանի ընթացքում բոլոր առաջնություններով վերցրած "Բարսելոնայի" խփած 150-րդ գնդակն էր:
Լիոնել Մեսսիի խփած գնդակը նրա համար դարձավ " Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆ փուլերի շրջանակներում խփած 18-րդ գոլը և արգենտինացի "արտաերկրայինն" այդ ցուցանիշով հավասարվեց ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյին և իսպանացի Ռաուլին:
 "Մանչեսթեր Յունայթեդի" հոլանդացի դարպասապահ Էդվին վան դեր Սարը դարձավ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ խաղերին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը. ներկա պահին փորձառու դարպասապահը 40 տարեկան և 211 օրական է, ցավոք, նա ավարտում է իր ֆուտբոլային կարիերան, այլապես այս ռեկորդը կարող էր թարմացվել, այն էլ ուրախ նոտայի ներքո:
Ավելի վաղ այս առումով լավագույն ցուցանիշը պատկանում էր լեգենդար իտալացի Պաոլո Մալդինիին, ով 2006-07թթ. "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպման ժամանակ 38 տարեկան և 331 օրական էր, սակայն այն ժամանակ Մալդինին նվաճեց բաղձալի գավաթը, մինչդեռ երեկ հոլանդացին ձեռնունայն մնաց:
"Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի 25-ամյա հարձակվող Ուեյն Ռունին երեկվա խաղում գրավելով Վալդեսի դարպասը, "Չեմպիոնների լիգայում" խփած գնդակների քանակով հավասարվեց իր ակումբակից Պոլ Սքոուլզին.  իրենց խփած 24-ական գնդակներով, Ռունին և Սքոուլզը հանդիսանում են "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում լավագույն անգլիացի ռմբարկուները:
Նշենք նաև, որ ամբողջ խաղն անցավ "Բարսելոնայի" տարածքային առավելությամբ, թեև խաղային առավելության մասին դժվար է նույն բանն ասել: Մեկնարկային րոպեներին շատ ակտիվ գործեց "Յունայթեդը", բայց այդ ակտիվությունը ժամանակի ընթացքում մարեց, և ստացվեց այն, ինչ այժմ տեսնում ենք. 3-1 հաշվով հաղթեց "Բարսելոնան" և տիրացավ գավաթին: Հետաքրքիր է, որ այս խաղում աչքի ընկան միմիայն հարձակվողները. Պեդրո, Մեսսի, Վիլյա և Ռունի:
Վերջում հավելենք, որ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված "արտաերկրային ծագում ունեցող ֆուտբոլիստն" իր խփած 12 գնդակներով, դարձավ "Չեմպիոնների լիգայի" 2010-11թթ. խաղարկության լավագույն ռմբարկուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 626 | Added by: Hartsat | Rating: 4.3/6
Total comments: 111 2 »
1-10 11-11