Home » 2011 » Հունիս » 4 » Հարություն Վարդանյանը. "Ռուսական ֆուտբոլը մեզ լավ ծանոթ է և այդ առումով նրանց դեմ ավելի հեշտ կլինի խաղալ"
10:11
Հարություն Վարդանյանը. "Ռուսական ֆուտբոլը մեզ լավ ծանոթ է և այդ առումով նրանց դեմ ավելի հեշտ կլինի խաղալ"
 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանը ԵՎՐՈ 2012 մրցաշարի շրջանակներում հունիսի 4-ին Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ լավատես է և գտնում է, որ հայ ֆուտբոլիստները կարող են դրական արդյունքի հասնել Սանկտ Պետերբուրգի "Պետրովսկի" մարզադաշտում: Մեր ընտրանու նախկին ավագը հարցազրույցի ժամանակ նշեց, որ վերջին շրջանում Հայաստանի հավաքականը միայն դրական տպավորություն է թողնում ինչպես իր, այնպես էլ երկրպագուների վրա:
"Շատ ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականում մեծ թվով երիտասարդներ կան: Դա նշանակում է, որ մեր թիմին լավ ապագա է սպասվում: Ընտրական այս փուլում մեր հավաքականի խաղը միայն դրական տպավորություն է թողել: Հիմնական արդյունքներն ուրախացրել են ինձ: Ուժեղ մրցակիցների դեմ խաղում Հայաստանը կարողանում է արժանի ֆուտբոլ ցուցադրել: Ակնկալում եմ այս ամենի շարունակությունը տեսնել Ռուսաստանի հետ խաղում: Մեր հավաքականը միշտ էլ կռիվ է տվել խաղադաշտում և աչքի է ընկել բնավորությամբ:  Ռուսական ֆուտբոլը մեզ լավ ծանոթ է և այդ առումով նրանց դեմ ավելի հեշտ կլինի: Ռուսները ֆիզիկապես լավ են պատրաստված, սակայն տեխնիկապես ուժեղագույնը չեն Եվրոպայում և նրանց համար խնդիրներ կարելի է ստեղծել: Երբ Ռուսաստանի հավաքականում գերակշռում էին "Սպարտակի" ֆուտբոլիստները, նրանք այլ ֆուտբոլ էին խաղում և բարդ էր Ռուսաստանի դեմ: Բայց այժմ իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Ռուսաստանի հավաքականի առաջատար Արշավինն էլ ստվերում է և նախկինի պես չի փայլում":
Գյումրիի "Շիրակի" նախկին ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի բոլոր օղակներում էլ տեսնում է խաղացողներ, որոնք կարող են եղանակ ստեղծել խաղադաշտում. "Մեծ համակրանք ունեմ մեր ողջ կազմի նկատմամբ, սակայն կան ֆուտբոլիստներ, որոնց կընդգծեի: Ունենք հուսալի դարպասապահ Բերեզովսկի, պաշտպանությունում շատ ամուր կանգնած է Հրայր Մկոյանը, կիսապաշտպանությունում հիանալի խաղ է ցուցադրում Հենրիխ Մխիթարյանը, որին որպես մարդ էլ շատ եմ սիրում ու հարգում, հարձակման գծում հիացնում է Յուրա Մովսիսյանը: Այս տղաները մեծ դեր են խաղում ներկայիս հավաքականում":
Խոսելով 1999թ.-ի Ռուսաստանի հետ կայացած ընտրական 2 հանդիպումների մասին՝ Վարդանյանը նշեց. "Այն ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբերությունն ավելի մեծ էր: Տարիների ընթացքում այն կրճատվել է":
Հարություն Վարդանյանը եզրափակեց հարցազրույցն այսպես. "Ֆուտբոլային հաջողություն եմ մաղթում մեր տղաներին, որը նրանց շատ պետք կգա հունիսի 4-ին: Մնացածը նրանք ունեն և կարող են կրկին ուրախացնել բոլորին: Թող ամենավատ արդյունքը ոչ-ոքին լինի":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 415 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0