Home » 2011 » Հունիս » 14 » Հունիսյան տրանսֆերային ակնկալիքներ
12:22
Հունիսյան տրանսֆերային ակնկալիքներ
 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիս ամսվա վերջին շաբաթներում սպասվող բոլոր հավանական տրանսֆերների մասին պատմող մի խճանկար:

* "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչում կատալոնական "այլմոլորակայիններից" 1-3 հաշվով պարտություն կրած անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" սկսել է որոնումները մայիսի 31-ին պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտած անգլիացի հենակետային կիսապաշտպան Փոլ Սքոուլզին փոխարինող ֆուտբոլիստին գտնելու համար: Հավանական թեկնածուներից մեկը "Տոտենհեմ Հոթսփուր" ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է: Անգլիական հեղինակավոր Daily Mirror պարբերականի տեղեկացմամբ՝ Մոդրիչի տրանսֆերային գինը գնահատվում է շուրջ 25 մլն եվրո: Սակայն նրա տրանսֆերը դեպի "կարմիր սատանաներ" չի ցանկանում իրականացնել "խթանների" անգլիացի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, քանի որ անգլիացի մասնագետը խորվաթ կիսապաշտպանից մեծ ակնկալիքներ ունի հաջորդ մրցաշրջանում: Բացի Մոդրիչից, "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրության կենտրոնում է գտնվում նաև անգլիական "Բլեքպուլի" ավագ Չառլի Ադամը, որի ծառայություններով հետաքրքրված է նաև "Լիվերպուլը":

* Իտալական "Միլանը", անգլիական "Արսենալն" ու "Լիվերպուլը" միմյանց հետ պայքարում են լեհական "Ստանդարտի" բելգիացի տաղանդավոր ֆուտբոլիստ Ակսել Վիտսելին այս ամռանը ձեռք բերելու համար: Ինչպես հայտնում է իտալական La Stampa պարբերականը, այս երեք ակումբներից Վիտսելին իր թիմում տեսնելու համար ավելի մեծ ցանկություն ունի մերսիսայդյան "Լիվերպուլը": Ըստ պարբերականի՝ "Լիվերպուլի" սկաուտներից մեկը վերջերս ներկա է եղել լեհական "Ստանդարտի" խաղերից մեկին և հետևել է բելգիացու խաղին, որից հետո, վերադառնալով Անգլիա, մերսիսայդյան ակումբի ղեկավարներին խորհուրդ է տվել անհապաղ գնել բելգիացու տրանսֆերը:

* Հոլանդական սպորտային պարբերականները տեղեկացնում են, որ տեղի "Տվենտեի" հարձակվող Բրայան Ռուիսի նկատմամբ պորտուգալական գրանդներ "Պորտուն" և "Բենֆիկան" որս են հայտարարել և ցանկանում են ձեռք բերել նրան: Սակայն Ռուիսին ավելի շատ իրենց ակումբ են ցանկանում բերել իսպանական "Սևիլյան" և "Վալենսիան": Ռուիսը ցանկանում է հեռանալ "Տվենտեից", և հետագա կարիերան շարունակելու համար ունի մի քանի տարբերակներ, և ամեն ինչ կախված է հենց նրա կայացրած որոշումից:

* Իտալական  "Ուդինեզեի" մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր իտալական "Ա Սերիայի" նախորդ մրցաշրջանում աչքի են ընկել իրենց ցուցադրած բարձր մակարդակի խաղով, գտնվում են Թուրինի "Յուվենթուսի" ուշադրության կենտրոնում: Այդ ֆուտբոլիստների շարքում են գտնվում "Ուդինեզեի" հենակետային կիսապաշտպան Գենհան Ինլերը և առաջ քաշված չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը: Նշվում է, որ այս երկու ֆուտբոլիստների տրանսֆերները "Ծեր Սինյորայի" վրա կարող են նստել շուրջ 50 մլն եվրո, սակայն քանի որ չիլիացի երիտասարդ տաղանդին շատ է ցանկանում ձեռք բերել Պեպ Գվարդիոլայի "Բարսելոնան", վերջինիս տեղափոխությունը թուրինյան ակումբ գրեթե անհավանական է դարձել:

* Մադրիդի "Ռեալը" նույնպես ետ չի մնում Եվրոպայում տեղի ունեցող տրանսֆերային թեժ ամառից: "Արքայական ակումբի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շատ համառ բնավորություն ունի և ամեն կերպ ցանկանում է Մադրիդ բերել պորտուգալական "Բենֆիկայի" ձախ եզրային ունիվերսալ ֆուտբոլիստ Ֆաբիո Կոենտրաուին: Պորտուգալական ակումբն արդեն սահմանել է այն գինը, որի դեպքում պատրաստ է վաճառել Ֆաբիոյին. այն կազմում է 30 մլն եվրո:
Հարկ է նշել, որ 23-ամյա Կոենտրաուն համարվում է աշխարհի լավագույն ձախ եզրայիններից մեկը:

* Բրիտանական Daily Mirror պարբերականը տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս Մյունխենի "Բավարիան" պաշտոնական առաջարկով կդիմի Լոնդոնի "Արսենալին" նրանց դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտներին ձեռք բերելու համար: Սպասվում է, որ մյունխենյան ակումբը "զինագործներին" Բենդտների տեղափոխության համար կվճարի շուր 13 մլն եվրո:

* Նշվում է, որ անգլիական "Լիվերպուլը" ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի 2010-2011թթ. մրցաշրջանի չեմպիոն "Լիլի" առաջատար վինգեր Ժերվինյոյին: Սակայն քանի որ "Լիլի" ղեկավարները Ժերվինյոյի համար "Լիվերպուլից" պահանջում են շատ մեծ գումար, այդ պատճառով  "կարմիրները" ետ են դարձել Ժերվինյոյին գնելու մտադրությունից և իրենց ուշադրությունը սևեռել են "Մոնակոյի" ֆուտբոլիստ Բենջամին Մականջոյի վրա:
Հիշեցնենք, որ "Մոնակոն" դուրս է մնացել ֆրանսիական "Լիգա 1"-ից, որի պատճառով Բենջամինի տեղափոխությունը "Լիվերպուլ" ավելի հավանական է:

* Հոլանդական "Ֆեյենորդի" ղեկավարները հույս ունեն, որ կկարողանան երկարաձգել վարձակալության ժամկետը Ռիո Միյաիշի հետ, ով պատկանում է Լոնդոնի "Արսենալին": Երբ 18-ամյա ճապոնացին տեղափոխվեց "Ֆեյենորդ", հոլանդական մամուլը նրան սկսեց անվանել "Ռեդինյո"` ի պատիվ բրազիլացի Ռոնալդինյոյի: Իսկ ահա "զինագործների" գլխավոր մարզիչ ֆրանսիացի Արսեն Վենգերը հայտարարել է, որ պատրաստ է ետ կանչել ճապոնացուն Լոնդոն և տալու այն բոլոր հնարավորությունները, որոնցով նա կկարողանա հաստատվել ակումբի հիմնական կազմում:

* Անգլիական հզոր ակումբները միմյանց դեմ են դուրս եկել "Անդերլեխտի" խոստումնալից հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու համար: Դրանց թվում են "Արսենալը", "Տոտենհեմը", "Լիվերպուլը", "Չելսին" և "Մանչեսթեր Սիթին": Հարձակվողը լրագրողներին ասել է, որ վերջնական որոշում կկայացնի ամենաուշը հունիսի 29-ին:
Նշենք, որ այս անգլիական ակումբներից Լուկակուին գնելու ամենամեծ շանսերն ունի Ռոման Աբրամովիչի "Չելսին", իսկ ֆուտբոլիստն էլ դեմ չէ այդ տարբերակին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 538 | Added by: Hayk | Rating: 5.0/5
Total comments: 10