Home » 2011 » Հոկտեմբեր » 10 » Իռլանդիայի հավաքական. ովքեր են նրանք
11:36
Իռլանդիայի հավաքական. ովքեր են նրանք
 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Իռլանդիայի ազգային հավաքականին, ում վիճակված է մասնակիցը դառնալ հայկական ֆուտբոլի կարևորագույն հանդիպմանը: Կփորձենք հնարավորինս մանրամասն ներկայացնել այն հավաքականին, որը խաղալու է մեր տղաների դեմ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:
  Իռլանդիայի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2012-ի նախընտրական հանդիպումներում տարել է 5 հաղթանակ, կրել 1 պարտություն, 3 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի: Իռլանդացիները նախ հաղթեցին Հայաստանի հավաքականին 1-0 հաշվով: 2-րդ տուրում Իռլանդիան սեփական հարկի տակ երեք գնդակ ուղարկեց Անդորրայի դարպասը` սեփականն ընդունելով մեկը (Խմբ. հարկ է նշել, որ դա անդորրացիների առայժմ միակ գնդակն է նախընտրական այս ենթախմբում): 3-րդ տուրում Իռլանդիան սեփական հարկի տակ համառ պայքարում պարտվեց Ռուսաստանին` վերջինիս զիջելով 2-3 հաշվով: 4-րդ տուրում Իռլանդիան մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց Սլովակիայի հետ` այն ավարտելով 1-1 հաշվով: 5-րդ և 6-րդ տուրերում իռլանդացիները երկու անգամ հաղթեցին մակեդոնացիներին` նախ սեփական հարկի տակ` 2-1, ապա մրցակցի հարկի տակ 2-0 հաշիվներով: 7-րդ տուրում իռլանդացիները հերթական ոչ-ոքին խաղացին սլովակների հետ` 0-0 հաշվով, ապա նույն հաշիվը գրանցեցին Ռուսաստանի դեմ հանդիպմանը` Մոսկվայում: Իսկ ահա Հայաստանի հետ հանդիպումից առաջ իռլանդացիները 2-0 հաշվով հաղթեցին Անդորրային` մրցակցի հարկի տակ:
  Իռլանդիայի հավաքականի կազմում կան մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր եվրոպական մեծ ճանաչում ունեն: Հավաքականի դարպասը պաշտպանում է Շեյ Գիվենը, ով այժմ խաղում է "Ասթոն Վիլլայում": 34-ամյա դարպասապահը շատ բարձր որակավորում ունի անգլիական "Պրեմիեր լիգայում": 2009թ.-ին Գիվենը տեղափոխվեց "Մանչեսթեր Սիթի", սակայն Ջո Հարտի վերջնականապես "Սիթի" տեղափոխվելուց հետո` 2010թ.-ի ամառվանից Գիվենը դարձավ մանչեսթերյան ակումբի պահեստային դարպասապահը: Նման կարգավիճակով Գիվենը մնաց 1 տարի, որից հետո տեղափոխվեց բիրմինհեմյան ակումբ: "Պրեմիեր լիգայի" ընթացիկ առաջնությունում Գիվենը ընդունել է 5 գնդակ:
  Ռիչարդ Դան. այս ֆուտբոլիստը Գիվենի նման տեղափոխվել է "Ասթոն Վիլլա" "Մանչեսթեր Սիթիից"` 2009թ.-ին: Մասնակցել է "Ասթոն Վիլլայի" բոլոր հանդիպումներին այս մրցաշրջանում, որոնցից մեկում արժանացել է դեղին քարտի: Ֆուտբոլիստը ունի 188 սմ հասակ, 95 կգ քաշ:
  Ջոն Օ’Շի. Իռլանդիայի հավաքականի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը, ով ֆուտբոլային աշխարհին հայտնի է "Մանչեսթեր Յունայթեդում" ունեցած ելույթներով: Ջոն Օ’Շին երկար տարիներ խաղում էր Ալեքս Ֆերգյուսոնի թիմում, որտեղ իր ուրույն դերն ու նշանակությունն ուներ: Նա Ալեքս Ֆերգյուսոնի յուրատեսակ ջոկերն էր, ով շուրջ 10 տարի խաղաց մոլորակի ուժեղագույն ակումբներից մեկում: Այս ամռանը Օ’Շին տեղափոխվեց "Սանդեռլենդ", որի կազմում անց է կացրել 4 հանդիպում, որոնցից մեկում արժանացել է դեղին քարտի:
  Գլեն Ուելան. "Սթոք Սիթին" ներկայացնող այս ֆուտբոլիստը մասնակցել է հավաքականի ԵՎՐՈ 2012-ի նախընտրական փուլի բոլոր հանդիպումներին: Կիսապաշտպանը մասնակցել է "Սթոք Սիթիի" հանդիպումներից հինգին, որոնցից մեկում արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել:
  Էյդեն Մակգիդի. Իռլանդիայի հավաքականի ուժեղագույն կիսապաշտպաններից մեկը, ով խաղում է Մոսկվայի "Սպարտակում": Մակգիդին մասնակցել է հավաքականի նախընտրական բոլոր հանդիպումներին, որոնցից երկուսում գոլի հեղինակ է դարձել:
  Դամիեն Դաֆ. ֆուտբոլիստ, ումից մշտապես կարելի է լուրջ վտանգ սպասել: Մեծ հարգանք է վայելում անգլիական ֆուտբոլային շրջանակներում: Մասնակցել է Իռլանդիայի հանդիպումներից չորսին: Ֆուտբոլիստը խաղում է "Ֆուլհեմում", որի կազմում այս մրցաշրջանում, անց է կացրել 5 հանդիպում:
   Քևին Դոյլ. 28-ամյա այս հարձակվողը հանդես է գալիս "Վուլվերհեմփթոնում": Ազգային ընտրանու կազմում ԵՎՐՈ 2012-ի նախընտրական փուլում խաղացել է 6 հանդիպումներում և խփել 2 գնդակ:
  Եվ վերջապես, Ռոբի Քին. Իռլանդիայի ազգային հավաքականի ավագը, հավաքականի ամենահայտնի ֆուտբոլիստը: Ֆուտբոլիստը հայտնի է ֆուտբոլային աշխարհում "Տոտենհեմի" կազմում իր ունեցած փայլուն ելույթներով, որտեղից տեղափոխվեց "Լիվերպուլ", ուր նրա կարիերան այնքան էլ լավ չդասավորվեց և վերադարձավ "Տոտենհեմ", որտեղից այս ամռանը տեղափոխվեց "Լոս Անջելես Գելեքսի": Նախընտրական այս հանդիպումներում Քինը խաղացել է բոլոր խաղերում, որտեղ խփել է 5 գնդակ:
  Իռլանդիայի հավաքականը, անկասկած, շատ լուրջ մրցակից է, սակայն մերոնք էլ երկնքից չեն իջել: Չենք ցանկանում որևէ արդյունք ենթադրել այս հանդիպման համար, սակայն յուրաքանչյուր հայ իր սրտի խորքում մեկ երազանք ունի, իսկ թե որն է այդ երազանք, ենթադրեք ինքներդ...
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 552 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 1