Home » 2011 » Մայիս » 29 » Ժոզե Մոուրինյոյի կյանքի օրենքները
18:33
Ժոզե Մոուրինյոյի կյանքի օրենքները
 Ռուսական հեղինակավոր Sports.ru կայքն իր այսօրվա հղումներից մեկում ընթերցողների դատին է ներկայացրել իսպանական Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կյանքի օրենքները, որոնց մասին հենց ինքը` "Յուրահատուկը", խոսել է այս մեկ տարվա ընթացքում Marca, AS, El Mundo Deportivo, El Pais, Don Balon, The Guardian և The Telegraph պարբերականներին տարբեր առիթներով տված հարցազրույցների ժամանակ:
Հիշեցնենք, որ նա 48 տարեկան հասակում կարողացել է նվաճել Պորտուգալիայի, Անգլիայի և Իտալիայի ազգային առայնություններում բոլոր հնարավոր մրցանակները, ինչպես նաև իտալական "Ինտերին" և պորտուգալական "Պորտուին" դարձրել է "Չեմպիոնների լիգայի" չեմպիոն, իսկ վերջինիս դարձրել է նաև "ՈՒԵՖԱ"-ի (այժմ այն անվանվում է "Եվրոպայի լիգա") չեմպիոն: Այժմ պորտուգալացի մասնագետը, ում շատերը համեմատում են ֆաշիստ Ադոլֆ Հիտլերի հետ, փորձում է գրավել նաև Իսպանիան:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ժոզե Մոուրինյոյի կյանքի օրենքները.

*Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, հաճույք եմ ստանում իմ պրոֆեսիոնալ կյանքից:

*Ես գիտեմ ֆուտբոլի բոլոր դրական ու բացասական կողմերը: Գիտեմ նաև, որ կգա մի օր, երբ ինձ կհեռացնեն աշխատանքից:

*Ակումբը պետք է լինի հնարավորինս փակ: Այն, ինչ ասվում է մարզաբազայից այն կողմ, չպետք է ներթափանցի ակումբի դռներից ներս: Դրա շնորհիվ թիմը մնում է ուժեղ ու միասնական:

*Լրատվամիջոցների հետ խոսելը հեշտ չէ, բայց քանի որ դա կախված չէ քո ցանկությունից. ավելի լավ է այդ ամենից ինչ-որ դրական բան քաղել:

*Ես հավատում եմ խոսքի ազատությանը. դու ասում ես այն, ինչ ցանկանում ես, դու ազատ ես:

*Լրագրողների հետ հանդիպումները ես համարում եմ խաղի մի մասնիկը. իմ գլխում խաղը սկսվում է այն պահից, երբ գալիս եմ մամուլի ասուլիսի:

*Երբ գալիս ես մարզադաշտ, այնքան ես գերվում կախարդական մթնոլորտով, որ նունիսկ չես զգում խաղի կարևորությունը:

*Ես ապրում ու աշխատում եմ մի աշխարհում, որտեղ չպետք է ասես ու անես այն, ինչ մտածում ես, և երբեմն դու չպետք է ասես նույնիսկ իրականությունը: Այն, որ ես չեմ դարձել կեղծավոր, վախկոտ ու երկերեսանի, իմ գլխավոր բացասական կողմն է:

*Եթե ես ցանկանայի մնալ համեմատաբար հարմար ակումբում, ես չէի հեռանա "Պորտուից". գեղեցիկ կապույտ սեղան, "Չեմպիոնների լիգայի" գավաթ, Աստված, իսկ Աստծուց հետո` ես.... :

*Ինչքան մեծ է ճնշումը, այնքան ուժեղ եմ ես: Պորտուգալիայում մի ասացվածք կա. "Ինչքան մեծ է նավը, այնքան ուժեղ է փոթորիկը". բարեբախտաբար իմ նավը միշտ էլ մեծ է եղել:

*Ես ոչ հին, ոչ էլ նորարար մարզիչների պաշտպանն եմ: Ինձ համար կան լավերն ու վատերը, հաջողակներն ու անհաջողակները: Խնդրում եմ ինձ մի համարեք ամաչկոտ, քանի որ ես "Չեմպիոնների լիգայի" հաղթողն եմ, ու ես հատուկ եմ:

*Ես մի քանի ամիս շարունակ օրական մոտ 5 ժամ իտալերեն էի սովորում, որպեսզի կարողանամ շփվել խաղացողների, լրագրողների ու երկրպագուների հետ (նկատի ունի Իտալիայում անցկացրած նախորդ մրցաշրջանը): Կլաուդիո Ռանիերին, ով Անգլիայում աշխատել է շուրջ 5 տարի, մինչև հիմա չի կարողանում ասել նույնիսկ "բարի առավոտ" կամ "բարի կեսօր":

*Ավելի լավ է խաղադաշտ դուրս գալ 10 հոգով, քան ժամերով սպասել ավտոբուսից ուշացած ֆուտբոլիստին:

*Երիտասարդ խաղացողը շատ նման է ձմերուկի. միայն նրան բացահայտելուց ու փորձելուց հետո կարող ես իսկապես համոզվել, որ նա լավն է:

*Ֆուտբոլի բացասական կողմը հասարակության բացասական կողմն է: Մարդիկ հաճախում են մարզադաշտ` ֆուտբոլ դիտելու, և իրենց հետ մարզադաշտ են բերում մեր հասարակության վատ կողմերը:

*Երդվել եմ, որ ապագայիս համար չեմ վախենալու ու չեմ փոխելու իմ ոճը:

*Ես չեմ ցանկանում պարզապես գոյության համար պայքար մղել, քանի որ ես էությամբ այդպիսին չեմ: Միշտ լինելու եմ այնպիսին, ինչպիսին հիմա եմ, սակայն ժամանակի ընթացքում հնարավոր է` փոփոխվի պատասխանատվություն կրելու չափը:

*Պետք չէ լսել այն մարդկանց, ովքեր քեզ կոչ են անում ջութակ նվագել, երբ քեզ մոտ ավելի լավ ստացվում է դհոլ խփելը:

*Ֆուտբոլում այնքան էլ հեշտ չէ հայտնվել այն ազգանվան տակ, որի նախորդ կրողներն արդեն մեծ բաների են հասել: Ես սա տեսնում եմ որդուս դեպքում. նա արդեն իսկ ապրում է իմ ազգանվան ճնշման տակ: Դրա համար էլ շատ եմ հարգում Ռուի Ագուասին ու Պաոլո Մալդինիին, ովքեր կարողացան ապրել այդ ճնշման տակ ու հասնել զգալի հաջողությունների:

*Արսեն Վենգերը շատ հետաքրքրվողներից է. նա սիրում է մարդկանց հետևել: Գիտեք, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր գալիս են տուն ու մեծ հեռադիտակով հետևում են, թե ինչ է կատարվում իրենց հարևանների ընտանիքներում:

*Ինձ համար կյանքում ամենակարևոր գործոնը սերն է. կարծում եմ, որ պետք է սիրես ընտանիքիդ, աշխատանքդ, մարդկանց, որոնց հետ աշխատում ես: Եթե չես սիրում կնոջդ, ապա պետք է բաժանվես նրանից: Եթե չես սիրում երեխաներիդ, ապա դու մարդ չես ու ավելի լավ է ինքնասպան լինես: Եթե չես սիրում աշխատանքդ, ապա պետք է փոխես այն:

*Եթե իմ կյանքի մասին ցանկանան ֆիլմ նկարել, ապա իմ դերակատարը պետք է լինի Ջորջ Քլունին. նա հիանալի դերասան է, և կինս կարծում է, որ նա լավագույնս կհամապատասխաներ այդ դերին:

*Ինձ ավելի շատ մտահոգում է աշխարհով մեկ տարածված թռչնի գրիպը, քան ֆուտբոլը: Կարող եք ծիծաղել, սակայն ես լիովին լուրջ եմ խոսում:

*Ես պատրաստ եմ պատերազմին. Դուք իմ սանրվածքին նայեք:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 550 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 1