Home » 2012 » Ապրիլ » 30 » "Մանչեսթեր Սիթի"-"Մանչեսթեր Յունայթեդ". խաղից առաջ
19:00
"Մանչեսթեր Սիթի"-"Մանչեսթեր Յունայթեդ". խաղից առաջ
 Անգլիական "Պրեմիեր լիգայի" 36-րդ տուրի շրջանակներում այսօր կայանում է առաջնության կարևորագույն և ամենասպասված հանդիպումը: "Սիթին" այլևս միայն աղմկոտ հարևան չէ "Յունայթեդի" համար, այլ զարգացող ակումբ, որը կարողացավ խոշտանգել "Յունայթեդին" "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում 6-1 հաշվով: Դա կատարյալ հաղթանակ էր "Սիթիի" համար, և, միաժամանակ, կատարյալ պարտություն Սըր Ալեքսի և նրա երիտասարդ թիմի համար: Անգամ հոկտեմբերյան այդ հանդիպումից ամիսներ անց փոքր-ինչ շփոթմունք եմ ապրում. ինչպես հանճարեղ Դավիդ Սիլվան կարողացավ հաղթել "Երազանքների թատրոնում" խոշորագույն հաշվով: Այդ հանդիպումից հետո որոշ բաներ փոխվել են, իսկ ամենակարևորը` փոխվել է առաջնության առաջատարը: "Սիթին" զիջում է "Յունայթեդին" 3 միավորով, սակայն նա գերազանցում է ընդհանուր խփած և ընդունած գնդակների քանակով, ինչը նշանակում է մեկ պարզ բան. հաղթել դերբիում և զբաղեցնել առաջին հորիզոնականը: Մի բան, որի իրականություն դառնալը կարող է կաթվածահար անել մանկունիական գվարդիայի կարմիր հատվածին, քանի որ "Պրեմիեր լիգայի" ավարտից ընդամենը վեց տուր առաջ "Յունայթեդը" 8 միավորի առավելություն ուներ "աղմկոտ" հարևանների նկատմամբ և անձամբ Ռոբերտո Մանչինին ավարտված էր համարում չեմպիոնական մրցավազքը: Սակայն Մանչինիի նման դիվանագիտական հայտարարության տակ թաքնված էր "Յունայթեդին"` ժամանակից շուտ հաջողությանը հավատացնել տալը: Դժվար է հավատալ, որ Ֆերգյուսոնը խաբվեց Մանչինիի հայտարարությամբ, սակայն ունենք այն, ինչ ունենք:
  Մանչեսթերյան դերբիներից մեծագույնը վերջին տասնամյակների ընթացքում այսօր կկայանա "Էթիհադ Ստեդիում" մարզադաշտում: Մանչեսթերյան ակումբների երկրպագուները, հավանաբար, կհիշեն վերջին տարիներին կայացած այս թիմերի խելագար հանդիպումները, որտեղ Մայքլ Օուենը վերջին վայրկյանին գնդակ խփեց և "Յունայթեդը" հաղթեց 4-3 հաշվով, երբ Փոլ Սքոուլզը նույն վերջին վայրկյանին նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց "Յունայթեդին", երբ Ուեյն Ռունիի շրջադարձ հարվածը մտավ պատմության մեջ` որպես անգլիական և եվրոպական ֆուտբոլի գեղեցկագույն գնդակներից մեկ, երբ Յայա Տուրեի խփած միակ գնդակը երկարատև սպասված հաղթանակ պարգևեց "Սիթիին" մայր "Ուեմբլիում", երբ Սըր Ալեքսի երիտասարդությունը շտկեց երկու գնդակի տարբերությունը, ապա հաղթեց Մանչինիի թիմին 3-2 հաշվով Անգլիայի "Սուպերգավաթում" և երբ Դավիդ Սիլվան կապիտուլյացիայի ենթարկեց "Օլդ Թրաֆֆորդը": Վերջին հանդիպումը կայացել է 2012թ.-ի սկզբին` Անգլիայի գավաթում, որտեղ "Յունայթեդը" հաղթեց 3-2 հաշվով: Սակայն պետք է նշել, որ այդ հանդիպումը մեծապես փչացրին մրցավարական կոպիտ գործողությունները, երբ խաղադաշտից անհիմն հեռացվեց Վինսեն Կոմպանին: Այս թիմերի միջև կայացած ցանկացած հանդիպում լի է իրադարձություններով, սակայն այսօր թիմերը պայքարում են չեմպիոնության համար: Չեմպիոնություն, որի համար թիմերից մեկը վատնել է միլլիարդավոր դոլլարներ, իսկ մյուսը չեմպիոնական ռեկորդներ է սահմանել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ֆուտբոլային հանճարի շնորհիվ: 
   Մեզ սպասվում է ֆուտբոլային գրեթե իդեալական հանդիպում, հանդիպում, որտեղ Ռոբերտո Մանչինին կփորձի վերջ տալ Սըր Ալեքսի հիերարխիային Մանչեսթերում և ընդհանրապես ողջ Անգլիայում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0