Home » 2011 » Մայիս » 5 » "Մանչեսթեր Յունայթեդը" եզրափակչի մյուս մասնակիցն է
12:40
"Մանչեսթեր Յունայթեդը" եզրափակչի մյուս մասնակիցն է
 Երեկ կայացավ "Չեմպիոնների լիգայի" 2010/11 թվականների խաղարկության վերջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Եթե կային մարդիկ, ովքեր կասկածում էին արձանագրված արդյունքին, ապա դա միայն կապված էր հանդիպման ընդհանուր հաշվի հետ: Սըր Ալեքսի թիմը դեռևս մեկ շաբաթ առաջ պարզ էր դարձրել ամեն ինչ: Այնուամենայնիվ, հանդիպումը ստացվեց բավականին հետաքրքիր, քանի որ թիմերը խաղում էին բաց և հարձակվողական ֆուտբոլ:
   Հանդիպումը սկսվեց բավականին հանգիստ: "Յունայթեդն" ընդհանուր առմամբ խաղի ղեկը վերցրել էր իր ձեռքը: Սակայն առաջին վտանգը հենց անգլիացիների դարպասին էր. տուգանայինի մատույցներից վտանգավոր հարվածեց պերուացի Ջեֆերսոն Ֆառֆանը: 26-րդ րոպեին ձախողվեց "Շալկեի" կիսապաշտպանության կենտրոնը, իսկ Դարեն Գիբսոնի ողջ կիսադաշտով կատարած փոխանցումը շատ հանգիստ եզրափակեց հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Անտոնիո Վալենսիան: Բարեբախտաբար, ստացած ծանրագույն վնասվածքն այս խաղացողի կարիերայի վրա խաչ չքաշեց, և Վալենսիան հանդիպում առ հանդիպում մեծապես օգնում է "Յունայթեդին": 31-րդ րոպեին նույն Վալենսիան փոխանցում կատարեց Գիբսոնին, ում հուժկու հարվածին Մանուել Նոյերն այս անգամ պատրաստ չէր: Բոլորի համար անսպասելի կերպով, 35-րդ րոպեին Խուրադոն, օգտվելով "Յունայթեդի" կենտրոնական պաշտպանների անհամաձայնեցված գործողություններից, գնդակն ուղարկեց վան դեր Սարի պաշտպանած դարպասը: Դրանից հետո առաջին խաղակեսի ավարտն անցավ լարված պայքարում, ինչի հետևանքով մեկը մյուսի հետևից դեղին քարտեր էին ստանում Գիբսոնը, Սքոուլզը, Անդերսոնը:
Երկրորդ խաղակեսն անցավ գրեթե նույն սցենարով, չնայած "Յունայթեդն" ավելի շատ վտանգավոր պահեր էր ստեղծում: Անդերսոնի փայլուն հարվածը ֆանտաստիկ կերպով հետ մղեց Նոյերը, սակայն րոպեներ անց Լուիշ Նանին, ով` ի տարբերություն առաջին խաղակեսի, շատ լավ էր գործում, գեղեցիկ անցում կազմակերպեց և գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ առաջինը կողմնորոշվեց բրազիլացի Անդերսոնը, ում մասին մրցակցի դարպասներին կատարած շեղ հարվածների համար Անգլիայում լեգենդներ են պտտվում: Իսկ մի քանի րոպե անց նույն Անդերսոնը խփեց երկրորդ գնդակը: Այս հանդիպման ժամանակ բրազիլացին դարձավ ավելի շատ գնդակների հեղինակ, քան վերջին երկու տարիների ընթացքում:
   Հանդիպումն ընդհանուր առմամբ ստացվեց շատ հանգիստ, առանց էմոցիոնալ պոռթկումների և փոխադարձ վիրավորանքների: Ֆուտբոլիստների, մարզիչների ու երկրպագուների նման պահվածքը փոքր-ինչ անսովոր է պայթյունավտանգ "Էլ կլասիկոներից" հետո:
                   
Հանդիպմանը ներկա էր Պեպ Գվարդիոլան, ով ազատ ժամանակ էր գտել Մանչեսթեր այցելելու համար:
   Այսպիսով մայիսի 28-ին միմյանց դեմ են դուրս գալու "Մանչեսթեր Յունայթեդը" և "Բարսելոնան": Սպասենք այս անչափ գրավիչ հանդիպմանը` 2009 թվականի եզրափակչի կրկնությանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 2