Home » 2011 » Հունիս » 1 » Մանուչարյանը հատեց 50 գոլի սահմանագիծը
20:36
Մանուչարյանը հատեց 50 գոլի սահմանագիծը
 Հայաստանի առաջնության 11-րդ տուրում "Բանանցի" դարպասը խփած գոլն Էդգար Մանուչարյանի հոբելյանական' 50-րդ գնդակն էր Հայաստանի առաջնություններում: Նա այդ սահմանագիծը հատած 45-րդ ֆուտբոլիստն է: Նման ցուցանիշի հասնելու համար Մանուչարյանին պահանջվեց 76 խաղ: Բոլորից արագ 50 գոլի սահմանագիծը հատել է "Բանանցի" հարձակվող Աշոտ Բարսեղյանը: Նա ՀՀ առաջնություններում հոբելյանական` 50-րդ գնդակը խփել է 41-րդ խաղում:
Ի դեպ, հենց նա էլ Հայաստանի առաջնություններում առաջինն է հատել 50 գոլի սահմանագիծը` 1993թ. հունիսի 14-ին 11 մետրանոց հարվածով խոցելով Էջմիածնի "Զվարթնոցի" դարպասը:
Էդգար Մանուչարյանը դեռևս պատանեկան տարիքում էր դրսևորել ռմբարկուի իր հատկանիշները, ուստի պատահական չէր, որ "Փյունիկի"  մարզիչներն արդեն 2002թ.-ին 15-ամյա պատանուն թիմի հիմնական կազմում խաղալու հնարավորություն ընձեռեցին: Նրա նորամուտը կայացավ առաջնության անդրանիկ տուրում` 2002թ.-ի ապրիլի 13-ին. այդ ժամանակ "Բանանցի" հետ հանդիպման 89-րդ րոպեին "Փյունիկի" արգենտինացի մարզիչ Օսկար Լոպեսը Մանուչարյանին խաղադաշտ մտցրեց Արման Քարամյանի փոխարեն: Օգոստոսի 16-ին թիմի կազմում իր 3-րդ խաղում, 60-րդ րոպեին խաղադաշտ մտնելով, Էդգարը 8 րոպե անց գրավեց "Արցախի" դարպասը` բացելով գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Այդ միակ գոլը հաղթանակ պարգևեց "Փյունիկին", իսկ Մանուչարյանը դարձավ 15 տարեկանում բարձրագույն խմբում գոլ խփած առաջին և մինչ օրս միակ ֆուտբոլիստը: Այդ տարի առաջնությունում անցկացրած 10 խաղում պատանի ֆուտբոլիստը 2 գոլի հեղինակ դարձավ:
Խփելով 50-րդ գնդակը` Մանուչարյանը "Փյունիկի" բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցեց Լևոն Պաչաջյանին ու տեղ զբաղեցրեց լավագույն հնգյակում: Պաշտոնական մրցումներում Էդգարն արդեն 65 գոլի հեղինակ է ու լավ հնարավորություն ունի մոտակա տարիներին ընդգրկվելու ռմբարկուների խորհրդանշական "100-ի ակումբի" շարքերը: Նա ընդամենը 23 տարեկան է և եթե հետագա տարիներին էլ շարունակի ելույթները "Փյունիկում", ապա մի գեղեցիկ օր էլ առիթ կունենանք նրան շնորհավորելու ՀՀ առաջնություններում խփած 100-րդ գոլի առթիվ:
"Փյունիկի" ռմբարկուների  լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1.Արսեն Ավետիսյան` 154

2.Գեղամ Հովհաննիսյան` 68

3.Վարազդատ Ավետիսյան` 65

4.Արման Քարամյան` 61

5.Էդգար Մանուչարյան` 50

6.Լևոն Պաչաջյան` 49

7.Վարդան Մինասյան` 46

8.Գևորգ Ղազարյան` 43

9.Հայկ Մարգարյան` 42

10.Գալուստ Պետրոսյան` 33

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 410 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0