Home » 2011 » Հունիս » 4 » Մեր երկրպագուները "Պետրովսկում". թվեր և փաստեր
11:25
Մեր երկրպագուները "Պետրովսկում". թվեր և փաստեր
 Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է, սակայն Հայաստանին հատկացված տոմսերն առայժմ ցանկալի արագությամբ չեն սպառվում (հիշեցնենք, որ ռուսական կողմը, համաձայն կանոնակարգի, ընդհանուր տոմսերի 10 տոկոսը (մոտ 2000 տոմս) հատկացրել է հայկական կողմին): Ռուսաստան-Հայաստան հանդիպման տոմսերը վաճառվում են Երևանում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Երևանում տոմսերի վաճառքով զվաղվող Visa Concord-ից լրատվամիջոցներին հայտնեցին, որ առանձնակի աշխույժություն չի նկատվում և դեռ բավական քիչ քանակությամբ տոմսեր են սպառվել: Դա ինչ-որ տեղ բնական է, քանի որ Երևանից մրցավայր հասնելը թանկ հաճույք է. ավիատոմսերը միջինը վաճառվում են 200 հազար դրամով (երկու ուղղությամբ), որին պետք է հավելել գիշերավարձը և սննդի ծախսերը, իսկ խաղի տոմսերն արժեն 800-2300 ռուբլի (10-29 հազար դրամ):
Ի դեպ, նախատեսվում էր, որ Երևանից 50 տեղանոց ավտոբուսով Սանկտ Պետերբուրգ կմեկնեն FAF-ի անդամները, սակայն այսօր հայտնի դարձավ, որ ավտոբուսը չի մեկնել Ռուսաստան: Ֆան ակումբի անդամներն ավելի փոքր քանակով մրցավայր կուղևորվեն ինքնաթիռով՝ իրենց հետ տանելով մեծ քանակությամբ ատրիբուտիկա:
Մոսկվայում ևս տոմսերի վաճառքն իրականացնում է Visa Concord-ը. այնտեղ վաճառքը սկսվել է մայիսի 28-ից, սակայն դեռ 30-35 տոմս է իրացվել: Մոսկվայից հայտնեցին, որ հայտեր ավելի շատ ստացվում են Սանկտ Պետերբուրգից, և տոմսերի մեծ մասը կիրացվի հենց հանդիպման օրը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:
Սանկտ Պետերբուրգում իրոք իրավիճակն այլ է. Ռուսաստանի հայերի միության Սանկտ Պետերբուրգի գրասենյակից մեր լրատվամիջոցներին և մարզական պարբերականներին տեղեկացրին, որ կառույցի երիտասարդական թևն ակտիվ աշխատանք է կատարում, և տոմսեր ցանկացողների թիվն օրեցօր մեծանում է: Այս կառույցին հատկացված մոտ 300 տոմսերն արդեն մոտ են սպառվելուն:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում բնակվող հայերի թիվը գերազանցում է 100 հազարը:
Մերձբալթյան երկրներում բնակվող հայերը ևս ցանկություն ունեն ներկա գտնվել հանդիպմանը, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում հատկապես Էստոնիայի Տալին քաղաքում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 434 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2