Home » 2011 » Հուլիս » 21 » "Միկան" չկարողացավ փրկվել խայտառակությունից
21:19
"Միկան" չկարողացավ փրկվել խայտառակությունից
 Վերջ... այդքան սպասելի և միևնույն ժամանակ ձանձրելի հանդիպումն ավարտվեց: Երևանի "Միկան" սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց նորվեգական "Վալերենգային", որի կազմից հանդիպման 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆրեդի դոս Սանթոսը: Երկու հանդիպումների արդյունքում "Միկան" ընդհանուր 0-2 հաշվով պարտվեց և դուրս մնաց "Եվրոպայի լիգայի" հետագա պայքարից: Եվրագավաթների 2011/12թթ. խաղարկություններն ավարտված են Հայաստանի համար: Հայկական 4 ակումբներն էլ անհաջող հանդես եկան` չկարողանալով տոնել գոնե մեկ հաղթանակ: Հայկական թիմերն անցկացրած 8 խաղերում ընդամենը 2 գնդակ ուղարկեցին մրցակիցների դարպասը միաժամանակ սեփականը ընդունելով 18 գնդակ: Այդ 8 հանդիպումներից երկուսն ավարտվեցին միևնույն 1-1 ոչ-ոքի հաշվով, իսկ մնացած 6-ում ամոթալի պարտություններ գրանցվեցին: Այժմ մեզ մնում է սպասել մյուս տարվան և հուսալ, որ գոնե մյուս տարի մեր երկիրը նեկայացնող ակումբներն անփառունակ չեն գործի և գոնե կկարողանան հաղթանակ տոնել: Հանդիպման ավարտից հետո "Միկայի" և "Վալերենգայի" գլխավոր մարզիչները հանդիպում ունեցան լրագրողների հետ և պատասխանեցին նրանց հարցերին:
Երևանի "Միկայի" նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոսեֆ Բուբենկոն հետևյալ կարծիքը հայտնեց "Վալերենգայի" դեմ խաղից հետո.

Սա իմ առաջին մամուլի ասուլիսն է այստեղ: Հուսով եմ, որ լավ կհամագործակցենք Ձեզ հետ: Այս խաղը կարելի էր ոչ-ոքի ավարտել: Մեր առջև դժվար խնդիր էր դրված. խփել երկու գոլ, բայց նրանք ստանդարտից մեկ գոլ խփեցին, և խնդիրն էլ ավելի բարդացավ: Երկրորդ կեսում շատ դժվարացավ մեր վիճակը, երբ գոլ բաց թողեցինք: Առաջին կեսում թիմը շատ նյարդային էր գործում: Սխալ էր այն որ, առաջին կեսում կենտրոնով էինք փորձում գրոհել: Վերջում գոլ խփելու հնարավորություն ունեցանք: Խփած գոլը հոգեբանորեն կարող էր օգնել թիմին, սակայն չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ:

Ի՞նչ կարող եք ասել ընդհանուր թիմի մասին և ի՞նչ է պակասում:
Կարծում եմ, պակասում է արագությունը: Թիմը վստահ չի գործում, շատ են պարզագույն սխալները: Երբ մեկը մեկի դեմ են խաղում, շատ են սխալվում: Կարծում եմ, որ մարզումների միջոցով հնարավոր կլինի շտկել այդ սխալները:

Ի՞նչ առաջադրանք է դրված և կլինե՞ն նոր խաղացողներ:
Երկու առաջադրանք ունենք. ավելի լավ խաղալ և ավելի բարձր գտնվել մրցաշարային աղյուսակում, քան հիմա ենք: Երկու իսպանացիներ կփորձարկվեն թիմում, և եկել է Սամվել Մելքոնյանը: Մենք ցանկանում ենք աշխատել "Միկայի" ներկայիս ֆուտբոլիստների հետ, որպեսզի նրանք ավելի լավ արդյունքի հասնեն: Աղվան Մկրտչյանը միայն ցավի դեմ սրսկումով դուրս եկավ խաղադաշտ: Մինչև խաղի մեկնարկը չգիտեինք` կխաղա՞, թե ոչ: Ի վերջո նա սրսկումով խաղաց և չկարողացավ ցույց տալ իր լավագույն որակները:

"Միկայի" խաղաոճը կենթարկվի՞ փոփոխության:
"Միկայի" առաջին խաղը տեսա "Փյունիկի" դեմ, ապա Օսլոյում, իսկ հետո "Վալերենգայի" դեմ: Ես շատ կցանկանայի, որ թիմն ավելի շատ հարձակվեր և արագ հակագրոհներ կազմակերպեր: Պետք է շատ աշխատել, որպեսզի ֆուտբոլիստները փոխեն իրենց մտածելակերպը:

"Միկան" հաջորդ մրցաշրջանում կկարողանա՞ լավ տեղերի համար պայքարել:
Մենք ցանկանում ենք արդեն հիմա հասնել արդյունքի:

Իսկ ահա նորվեգական "Վալերենգայի" գլխավոր մարզիչ Մարտին Անդերսենը հետևյալ կարծիքը հայտնեց "Միկայի" դեմ խաղից հետո. "Խաղն ինձ հիասթափեցրեց, քանի որ միայն մեկ գոլ խփեցինք: Ես գիտեմ, որ "Միկան" վտանգավոր է, երբ տուգանայիններ են իրացնում, և նրանք հնարավորություն ունեին գոլ խփելու, բայց լավ է, որ գոլ չգրանցվեց: Ուրախ եմ, որ անցանք հաջորդ փուլ, սակայն գոհ չեմ մեր խաղից":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 468 | Added by: Hayk | Tags: Փյունիկ, Մարտին Անդերսեն, Աղվան Մկրտչյան, Երևան, Օսլո, Վալերենգա, Հայաստան, Եվրոպայի լիգա, Ժոսեֆ Բուբենկո, Միկա | Rating: 5.0/2
Total comments: 0