Home » 2012 » Նոյեմբեր » 7 » Մխիթարյան. "Իմ շահերը ներկայացնում եմ ինքս"
22:36
Մխիթարյան. "Իմ շահերը ներկայացնում եմ ինքս"
 Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" առաջատար Հենրիխ Մխիթարյանը այսօր ծավալուն հարցազրույց է տվել "Украинский футбол" պարբերականին, որը Ձեզ ենք ներկայացնում առանց խմբագրման:
  - Ձեր թիմակից Տոմաշ Հյուբշմանը կարծում է, որ "Շախտյորը" կարող է հաղթել նաև Անգլիայում: Իսկապե՞ս այդպիսի վստահություն կա, որ երկու անգամ անընդմեջ կարող եք հաղթել "Չելսիի" պես թոփ-ակումբին:
  - Հարցն այն չէ, ինչ կարող ենք, և ինչ չենք կարող: Պարզապես մենք գիտենք մեր ուժը ու հավատում ենք դրանց: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ հնարավորություն իրոք ունենք:
  - Ի՞նչ դժվարությունների հետ կարող է բախվել "Շախտյորը" "Սթեմֆորդ Բրիջ" մարզադաշտում: 
  - Ասեմ, որ Դոնեցկում էլ ավելի հեշտ չէր, քան կարող է լինել Լոնդոնում: Մեր Միստերը մեզ գործողությունների հստակ ծրագիր է տվել, այնպես որ եթե այն իրագործենք, ամեն ինչ լավ կլինի:
  - Կարո՞ղ է թիմը փոխվել երկու-երեք շաբաթվա ընթացքում:
  - Խաղաոճն, իհարկե, չի փոխվի:
  - Հետևե՞լ եք "Չելսիի" խաղերին այս ընթացքում:
  - Նայել եմ միայն "Չելսիի" խաղը "Մանչեսթեր Յունայթեդի" դեմ, որտեղ նրանք պարտվեցին 2-3 հաշվով: Մյուս խաղերը չեմ էլ հասցրել դիտել, քանի որ մենք էլ հանդիպումներ ունեինք: Այդ խաղում "Չելսին" պարտվում էր 0-2 հաշվով, հետո հավասարեցրեց խաղի հաշիվը, ցանկանում էր հաղթել, սակայն երրորդ գոլը բաց թողեց: Ֆուտբոլիստներն առաջ նետվեցին, մոռացան պաշտպանության մասին, այդ պատճառով էլ պարտվեցին:
  - Որակազրկման պատճառով վերջերս բաց թողեցիք Զապորոժիեի "Մետալուրգի" դեմ կարևոր հանդիպումը, լոնդոնյան ճանապարհորդությունից առաջ դա օգնե՞լ է ուժեր խնայել:
  - Խաղի ժամանակ կերևա: Խոստովանեմ` շատ էի ցանկանում խաղադաշտ դուրս գալ շաբաթ օրը, սակայն, ստացվել էր այնպես, որ որակազրկված էի:
  - "Շախտյորի" ու "Դինամոյի" նախկին ֆուտբոլիստ Օլեգ Մատվեևը կարծիք է հայտնել, որ անպայման կգերազանցեք Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների ռեկորդը (22 գոլ): Դուք նույնպես այդպե՞ս եք կարծում:
  - Ինձ համար ռեկորդը կարևոր չէ: Կարևոր է, որ "Շախտյորը" հաղթի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, հաջող հանդես գա "Չեմպիոնների լիգայում": Իսկ եթե ռեկորդ սահմանեմ, ուրախ կլինեմ: Եթե չստացվի, չեմ հիասթափվի, որովհետև գիտեմ, որ դեռ շատ պետք է աշխատեմ: Երբեք չի կարելի բավարարվել ձեռք բերածով, միշտ պետք է առաջ գնալ:
  - Շատ մասնագետներ Ձեզ նոր Մեսսի են անվանում, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
  - Շատ հաճելի է նման գնահատականը, սակայն կարծում եմ` մենք շատ տարբեր խաղաոճեր ունենք: Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է:
  - Վերջերս էլ Վլադիմիր Պյատենկոն, որի գլխավորությամբ Դուք խաղացել եք Դոնեցկի "Մետալուրգում", ասել էր որ մոտ ապագայում Դուք կարող եք խաղալ մեծ ակումբում: Ֆուտբոլային գործակալներն արդեն գրոհո՞ւմ են Ձեզ: 
  - Ես ուշադրություն չեմ դարձնում դրան: Պետք է լավ աշխատել, այդ ժամանակ հաջողություններ էլ կլինեն: Ես Դոնեցկի "Մետալուրգ" եմ տեղափոխվել առանց գործակալի, "Շախտյոր" եմ եկել կրկին առանց գործակալի, այդ պատճառով պետք է մարզվել ու խաղալ, իսկ գործակալների մասին չարժե մտածել:
  - Ամեն դեպքում, Դուք գործակալ ունե՞ք: 
  - Այսօրվա դրությամբ ես ֆուտբոլային գործակալ չունեմ: 
  - Իսկ ո՞վ է ներկայացնում Ձեր շահերը: 
  - Ես` ինքս: 
  - Հավատու՞մ եք Վիլիանի ուժերին, ով ասել է, որ կփորձի գոլ խփել "Չելսիին" Լոնդոնում:
  - Տա Աստված, որ նրան հաջողվի դա անել: Իսկ եթե հաղթենք, կրկնակի կուրախանանք:
  - Կօգնե՞ք նրան:
  - Իհարկե, եթե այնպիսի իրավիճակ լինի, երբ պետք է փոխանցում կատարեմ: Եվ ոչ միայն Վիլիանին, այլ նաև մյուս թիմակիցներիս: Ես երբեք ժլատություն չեմ անում, խաղում եմ թիմի համար, իսկ թիմի հաջողությունը բոլորիս հաջողությունն է:
  - Հենրի՛խ, առաջ գոլային շատ պահեր չէիր իրացնում, այժմ իրավիճակը միանգամայն այլ է:
  - Ամեն ինչ այնքան հարթ չէ, ինչպես ասացիք: Լինում է, որ հարմար դիրքից էլ վրիպում եմ: Սակայն ես դժբախտություն չեմ սարքում դրանից: Շարունակում եմ աշխատել: Եվ ես չեմ թուլացնում աճմանս տեմպերը, եթե այսօր 14 գոլ խփել եմ, մնացածը իրենք իրենց չեն հայտնվելու դարպասում (ծիծաղում է):
  - "Շախտյոր"-"Չելսի" խաղից առաջ դեռևս Դոնեցկում էլ Միստերին հարցրել են. արդյո՞ք թիմը հասունացել է լոնդոնյան ակումբի պես թոփ թիմերի հաղթելու համար, ինչին նա դրական պատասխան է տվել:
  - Չեմ սիրում խոսել այդ թեմայով: Եթե կկարողանանք, կհաղթենք նաև Լոնդոնում, հակառակ դեպքում` ոչ: Չեմ պնդի, որ պարտադիր հաղթանակ ենք տանելու, ամեն ինչ հնարավոր է:
  - Դուք կարծո՞ւմ եք, որ լոնդոնյան հանդիպումը վճռորոշ կլինի E խմբի առաջատարին որոշելու համար:
  - Ոչ, քանի որ դեռ երկու հանդիպում էլ առջում է` Դանիայում և Իտալիայում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 529 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0