Home » 2011 » Հոկտեմբեր » 12 » Փայլուն խաղ, ոչ փայլուն արդյունք...
19:52
Փայլուն խաղ, ոչ փայլուն արդյունք...
Ֆուտբոլի ազգային հավաքականն իր մրցելույթներն ավարտեց ԵՎՐՈ 2012 մրցաշարում:
Երեկ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ հայկական ֆուտբոլի պատմության կարեւորագույն խաղերից մեկը
. մեր ազգային ընտրանին բազմահազարանոց "Ավիվա" մարզադաշտում հյուրընկալվեց իռլանդացիներին: Չնայած ողջ խաղի ընթացքում (նույնիսկ 10 հոգով մնալուց հետո) մեր ընտրանու ցուցադրած գրագետ ու գեղեցիկ խաղին` իռլանդացիները կարողացան իրենց համար ցանկալի արդյունք ապահովել` 2-1 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տոնելով մեր հավաքականի նկատմամբ ու ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլի փլեյ-օֆֆ մրցափուլի ուղեգիր նվաճել:
Այդ վճռորոշ հանդիպումը ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական փուլի ընթացքում մեր թիմի ցուցադրած խաղի ու վաստակած արդյունքների յուրատեսակ ամփոփումն էր: Ինչ տեսանք խաղի ժամանակ...
Նախ նշենք, որ մեր ընտրանին երիտասարդ եւ ավագ սերնդի խաղացողներ Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի, Կառլեն Մկրտչյանի, Մարկոս Պիզելիի, Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի եւ մյուսների յուրատեսակ միահյուսումն է, որի կատարմամբ շատ հասուն ու գրագետ խաղի ականատեսը եղանք: Դա, անշուշտ, ուրախանալի փաստ է ու շատ խոստումնալից, քանի որ ընդամենը 1 տարուց սկսվելու են Բրազիլիայում 2014 թ-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումները, իսկ այդպիսի խաղով մեր ընտրանին հաստատ ասելիք կունենա թե՛ ահեղ Իտալիայի, թե՛ Դանիայի եւ թե՛ Բուլղարիայի դեմ խաղերում:
Երեկվա եւ ԵՎՐՈ 2012-ի ընտրական խաղերի ողջ ընթացքում մենք տեսանք կամային հատկանիշներ ձեռք բերած մի թիմի, որն ամեն խաղում, անկախ իր մրցակցի հզորությունից ու ստեղծված իրավիճակից, միտված է միմիայն հաղթանակի ու հանուն այդ հաղթանակի` ամբողջ 90 րոպեների ընթացքում առավելագույնս նվիրված խաղ է ցուցադրում:
Ակներեւ է, որ մեր թիմի լավագույն կողմերից մեկը հարձակումն է ու հարձակվողական ոճի խաղացողների լայն ընտրությունը, սակայն նույն բանը չենք կարող ասել պաշտպանության մասին. այստեղ դեռեւս կան խնդիրներ, որոնց հաղթահարումն ուղղակի օրակարգային է:
Խնդրահարույց է նաեւ դարպասապահի հարցը. Ռոման Բերեզովսկին իրեն արժանի փոխարինող դեռեւս չունի, ու դժվար է ենթադրել, թե ով կարող է հետագայում լրացնել նրա բացը. չէ՞ որ Բերեզովսկին երիտասարդ չէ ու շատ շուտով կարող է ավարտել ֆուտբոլային կարիերան:
Եւս մեկ ուրախալի փաստ. մենք ունենք գրագետ ու տաղանդավոր, միեւնույն ժամանակ շատ երիտասարդ գլխավոր մարզիչ` ի դեմս Վարդան Մինասյանի, ով որդեգրել է արագ ու խաղակցված ֆուտբոլային մարտավարություն, ինչի արդյունքները մենք արդեն տեսնում ենք:
Հուսանք, որ մեր տղաները կշարունակեն այդպիսի բարձր մակարդակի խաղ ցուցադրել ու դեռ կբարելավեն իրենց խաղի որակը: Այդ դեպքում, ինչ խոսք, հանգիստ կարող ենք ասել, որ մեր ընտրանին իրոք հզոր է ու հավասար պայքար կարող է մղել ցանկացած մրցակցի դեմ խաղալիս:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 416 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0