Home » 2012 » Հունվար » 13 » "Ռեալը" "Լա լիգայի"` հունվարի 15-ից սկսած 7 հանդիպումները կանցկացնի միայն Մադրիդի սահմաններում
14:47
"Ռեալը" "Լա լիգայի"` հունվարի 15-ից սկսած 7 հանդիպումները կանցկացնի միայն Մադրիդի սահմաններում
 Մադրիդի "Ռեալի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "սերուցքայինները" 7 խաղ անընդմեջ կխաղան միայն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Նշվում է, որ "բլանկոսներն" այդ 7 հանդիպումներից 5 խաղ հանդես կգան "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում, իսկ մյուս 2 հանդիպումները կլինեն Մադրիդը ներկայացնող երկու թիմերին` "Խետաֆեին" և "Ռայո Վալեկանոյին", հյուր: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն իսպանական "Լա լիգայում" հանդես եկող ֆուտբոլիստների կազմակերպած գործադուլն էր դեռևս օգոստոս ամսին, որի պատճառով հետաձգված առաջին տուրը, երբ պետք է խաղային "Ռեալն" ու '"Ատլետիկ Բիլբաոն", տեղի կունենա հունվարի 22-ին: Մինչ այդ հանդիպումը մադրիդցիները կհյուրընկալվեն "Մալյորկային" հունվարի 15-ին, որից հետո "Արքայական ակումբը" մինչև մարտի 11-ը չի լքի Իսպանիայի մայրաքաղաքը, երբ ստիպված կլինի մրցել "Բետիսի" դեմ վերջիններիս "Բենիտո Վիլմարինե" մարզադաշտում: Մինչ այդ հունվարի 14-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում "Սանտիագո Բեռնաբեուում" "Ռեալը" կընդունի Բիլբաոյի "Ատլետիկին", "Սարագոսային", "Լևանտեին", "Ռասինգին" և "Էսպանյոլին", որից հետո երկու հանդիպում կանցկացնի նախ "Կոլիզեում Ալֆոնսո Պերեզ", ապա "Էստադիո դե Վալեկաս" մարզադաշտերում: Այսպիսով, 7 խաղ առանց որևէ ինքնաթիռ նստելու, որը, իհարկե, շատ բան կտա Ժոզե Մոուրինյոյի սաներին: Բայցևայնպես, Իսպանիայի գավաթի շրջանակներում հունվար և փետրվար ամիսներին ամեն չորեքշաբթի տեղի կունենան 1/8, 1/4 և 1/2 եզրափակիչ հանդիպումները, որոնց պատճառով "Արքայական ակումբը" ստիպված կլինի հեռանալ Մադրիդից: Չպետք է մոռանալ նաև "Չեմպիոնների լիգան", սակայն այս մրցաշարի 1/8 եզրափակչի հանդիպումները սկսվում են հենց փետրվարի վերջին ու մարտի սկզբին, որն էլ շատ լավ է հենց մադրիդցիների համար:
     Հավելենք, որ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակներում "Ռեալը" փետրվարի 21-ին Մոսկվայի "Լուժնիկ" մարզադաշտում կխաղա "ԲԿՄԱ"-ի դեմ, իսկ ահա պատասխան հանդիպումը կկայանա "Սանտիագո Բեռնաբեուում" մարտի 14-ին: Ինչ վերաբերում է Իսպանիայի գավաթին, ապա "սերուցքայինները" այս մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակներում կհանդիպեն կատալոնական "Բարսելոնային":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 649 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0