Home » 2011 » Հունիս » 10 » Ռիկարդո Կակա. "Հասկանում եմ, որ չեմ կարողացնել արդարացնել երկրպագուների հույսերը"
12:15
Ռիկարդո Կակա. "Հասկանում եմ, որ չեմ կարողացնել արդարացնել երկրպագուների հույսերը"
 Մադրիդի Ռեալի բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական, ում շուրջը վերջին ժամանակներս շատ շշուկներ են պտտվում, ըստ որոնց՝ մոտակա ժամանակներս բրազիլացին կարող է հրաժեշտ տալ Մադրիդին, Jornal de Sao Paulo պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անկեղծացել է, որ նախորդ մրցաշրջանն իր կարիերայի ամենադժվար մրցաշրջանն էր: Այս ամենի հետ մեկտեղ բրազիլացին վստահորեն ասաց, որ հաջորդ մրցաշրջանը նա անցկացնելու է "Արքայական ակումբում": Ռուսական sport-express.ru կայքը մեջբերում է Կակայի խոսքերը. "Նախորդ մրցաշրջանն ինձ համար ամենադժվարն էր իմ կարիերայում: Իսկ ահա այն "Ռեալի" համար բավականին հաջողակ էր. մենք նվաճեցինք "Արքայական գավաթը", "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում հասանք մինչև կիսաեզրափակիչ, իսպանական "Պրիմերայում" գրավեցինք երկրորդ հորիզոնականը: Իհարկե, այնպիսի ակումբի համար, ինչպիսին "Ռեալն" է, դա շատ քիչ է, բայց, ընդհանուր առմամբ, նախորդ մրցաշրջանն այդքան էլ վատը չէր: Իսկ ինձ համար այն այդքան էլ լավը չէր, քանի որ մրցաշրջանի սկզբում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեցի առաջնության զգալի մասը: Այնուհետև շարք վերադարձա հունվարին, սակայն մարտին կրկին հայտնվեցի հիվանդանոցում: Ճիշտ է, մրցաշրջանի վերջին երկու ամիսները ես խաղադաշտում անցկացրեցի, սակայն ինձ համար դա շատ դժվար էր: Ցանկանում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել ակումբի մարզչին՝ Ժոզե Մոուրինյոյին: Հոգեբանական այդ դժվար պահին նա և ողջ մարզչական կազմն իմ կողքին էր, և նրանք ամեն կերպ ոգևորում էին ինձ, ինչպես կարողանում էին: Երբ դու վնասվածք ես ստանում, չես կարող ասել, թե կկարողանա՞ս արդյոք լիովին ապաքինվել և գտնել նախկին մարզավիճակդ: Հուսով եմ, որ այս նախապատրաստական երեք ամիսներում կկարողանամ իմ խաղընկերների հետ լավագույն մարզավիճակս գտնել, իսկ վնասվածքներն էլ ինձնից հեռու կլինեն: Ինչպես նաև հույս ունեմ, որ մրցաշրջանը կսկսեմ բավականաչափ լավ: Շատ լավ եմ հասկանում, որ չեմ կարողացել արդարացնել "Ռեալի" երկրպագուների հույսերը: Սակայն ինձ չի լքել լավ խաղալու և "Արքայական ակումբին" օգուտ բերելու ցանկությունը: Կարծում եմ, որ եթե կարողանամ շահել գլխավոր մարզչի վստահությունը, ապա կկարողանամ հաստատվել հիմնական կազմում: Շատերն ասում են, որ Մոուրինյոն չի ցանկանում ինձ տեսնել ակումբում, բայց Ձեզ վստահեցնում եմ, որ ամեն ինչ այդպես չէ: Նա ինձ հետ միշտ եղել է առավելագույնս անկեղծ և հետևողական: Ես նրանից միայն կարող եմ շնորհակալ լինել: Իմ երազանքը մնում է նույնը. հանդես գալ "Ռեալի" մարզաշապիկով: Հիմա ինձ ակումբը թույլ է տվել հանգստանալ Բրազիլիայում: Գիտեի, որ Բրազիլիայում հայտնվելուց առաջին իսկ րոպեներից իմ անվան շուրջը մի շարք շշուկներ կպտտվեն: Ես ցանկանում եմ մնալ "Արքայական ակումբում": Ինձ համար մեծ մարտահրավեր է վերագտնել նախկին խաղամակարդակս, որը ես ցույց էի տալիս "Միլանում": Չեմ փորձելու որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել: Պարզապես դուրս եմ գալու խաղադաշտ և խաղալու եմ ֆուտբոլ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1