Home » 2012 » Նոյեմբեր » 26 » "Շախտյորի" ֆուտբոլիստների ֆոտոշարքը
21:27
"Շախտյորի" ֆուտբոլիստների ֆոտոշարքը
 Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի խաղացողներ Անդրեյ Պյատովը, Դարիո Սռնան, Ռազվան Ռացը, Ալեքս Տեյշերան ու թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը լուսանկարվել են գովազդային վահանակների ու ակումբային պաստառների համար:
   "Մենք փորձում ենք մարզադաշտ բերել ոչ միայն ակումբի հավատարիմ ֆանատներին, այլ նաև նրանց, ովքեր սովորություն էլ չունեն մարզադաշտ գնալ: Այս գովազդային վահանակները պետք է բոլորին ցույց տան, որ "Դոնբաս Արենան" ընտանեկան մարզադաշտ է, և ֆուտբոլային հանդիպումներին կարելի է հաճախել ընտանիքներով: Լուսանկարների վրա ֆուտբոլիստները ու երկրպագուները լինելու են ընտանիքների ու երեխաների հետ: Այդպիսի պատկեր ենք ցանկանում տեսնել մարզադաշտում ապագայում",- նշել է "Շախտյորի" մարքետինգի բաժնի տնօրեն Յուրի Սվիրիդովը:
   Գովազդային նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել "Դոնբաս Արենայում"` ֆուտբոլիստների համար նախատեսված այս նախավարժանքի սենյակում: "Շախտյորի" առաջատար Հենրիխ Մխիթարյանին, ով թիմակիցներից առաջինն էր հագել սև-նարնջագույն համազգեստը, առաջարկեցին ցույց տալ էմոցիաները թե՛ խփած գոլից ու թե՛ բաց թողած գոլային հնարավորությունից հետո: Հենրիխը, մի փոքր մտածելուց հետո, ինքնաքննադատաբար հայտարարեց. "Ավելի լավ է, որ ցուցադրեմ բաց թողած գոլային հնարավորությունից հետո եղած էմոցիաները: Այն ինձ մոտ ավելի "լավ" է ստացվում": Սակայն ուրախությունը ևս Հենրիխի մոտ պակաս հաջող չստացվեց` էմոցիոնալ, ուրախության վանկարկումներով, մի խոսքով, ամեն ինչ կարծես իրական լիներ:
   Հետո եկավ թիմի ավագի ուրախանալու հերթը: Սակայն, եթե շարժումները Դարիոյի մոտ լավ էին ստացվում, ապա նրա ուրախության ճիչերն ավելի ցածր էին: "Դարիո, գոռա՛ իսկական տղամարդու պես",- թիմի ավագին ոգևորեց Մխիթարյանը, ով արդեն ավարտել էր իր առաքելությունը: Եվ Դարիոն գոռաց այնպես, որ իսկական օրինակ ծառայեց իրենից հետո նկարահանվող Ալեքս Տեյշեյրային: Վերջինս այնպես էր մտել իր դերի մեջ, որ նրանից հետո նկարահանվող Ռազվան Ռացը ստիպված էր անհանգստանալ:
   - Այստեղ սպանությո՞ւն է տեղի ունենում,- հարցրեց ռումինացի ֆուտբոլիստը:
   Իսկ ականատեսները մի լավ ծիծաղում էին, ինչից Ալեքս Տեյշեյրան էլ ավելի էր ոգևորվում ու ավելի բարձր էր գոռում: Լուսանկարիչը շարունակում էր իր աշխատանքը, իսկ Սռնան այդ ամենը նկարահանում էր հեռախոսով: Դե ինչ, փնտրե՞նք վիդեո YouTube-ում:

 
 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 737 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0