Home » 2011 » Հոկտեմբեր » 9 » Տպավորիչ հաղթանակը մեծացրեց մեր շանսերը
16:34
Տպավորիչ հաղթանակը մեծացրեց մեր շանսերը
Հաջորդ "զոհը" կարող է լինել Իռլանդիայի ընտրանին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Մակեդոնիայի ընտրանու հետ կայացած հանդիպման ժամանակ իր ցուցադրած խաղով եւ հանդիպման վերջում գրանցված հաշվով ցույց տվեց, որ իրոք ուժեղ թիմ է, ունի թիմային ու լավ կառուցված խաղ եւ միտված է դեպի ԵՎՐՈ 2012 մրցաշարի եզրափակիչ փուլը: Եթե հաշվի առնենք նաեւ մեր հավաքականի հիմնական կազմի խաղացողների երիտասարդ տարիքը, ապա ներկայիս թիմը նաեւ գալիք հաղթանակների կերտողը կարող է լինել:
Երեկ Հայաստանի հավաքականը, թեեւ հանդես էր գալիս իր ոչ լիարժեք կազմով, 4-1 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տոնեց առանց իր առաջատար Գորան Պանդեւի խաղադաշտ դուրս եկած մակեդոնացիների նկատմամբ: Մեր հավաքականի ցուցադրած արդյունավետ ու գեղեցիկ խաղն այսօր դարձել է հայ ֆուտբոլասերների խոսակցության միակ թեման: Երեկվա խաղից հետո մինչեւ այսօր` վաղ առավոտ, հայ ֆուտբոլասերները եւ Հայաստանի ազգային հավաքականի ճակատագրով հետաքրքրված մարդիկ չէին դադարում ցնծալուց. նրանք խմբերով շրջում էին քաղաքի փողոցներում` ծածանելով հայոց եռագույնն ու վանկարկելով «Հայաստան… Հայաստան…»:
Հայ ֆուտբոլիստների խաղով տպավորված էր նաեւ մակեդոնացիների գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը, ով հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ անկեղծորեն նշեց, որ Հայաստանի ներկայիս հավաքականը բավական լավ կազմ ունի եւ թիմային գերազանց խաղ է ցուցադրում, ինչը մերօրյա ֆուտբոլում հաջողության հասնելու հիմնական գրավականն է:
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ նշեց, որ թիմը փորձելու է արագ վերականգնվել եւ պատշաճ կերպով ներկայանալ Իռլանդիայի դեմ կայանալիք վճռորոշ խաղին: Ըստ մեր մարզչի` հավաքականում դեռեւս մի շարք խնդիրներ կան, եւ դրանց լուծումն է առաջնայինը, իսկ թե արդյոք թիմը կկարողանա հանդես գալ ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլում, դա արդեն երկրորդային է ու կախված է առաջինի լուծումներից:
Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը, իրոք, տպավորիչ էր. մանավանդ աչքի զարնեց, որ մեր ֆուտբոլիստները լավ էին պատրաստվել թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Առաջին լարված րոպեներից հետո Հայաստանի ընտրանին կարողացավ ցույց տալ, որ լուսավոր ապագա ունեցող թիմ է: Թիմ, որն ունի նաեւ հավատարիմ երկրպագուներ, ովքեր հանդիպման ամբողջ 90 րոպեների ընթացքում պատրաստ են երգել ու աջակցել խաղադաշտում հայտնված ցանկացած ֆուտբոլիստի:
Հատկապես տպավորիչ էին մեր ընտրանու կազմակերպած գրոհները, որոնք արագ էին ու կտրուկ, ինչի արդյունքում մրցակիցը չէր կարողանում ճիշտ կողմնորոշվել, իսկ պաշտպանությունում կրկին խնդիրներ նկատվեցին, որոնք դեռեւս չեն լուծվել ու անհանգստացնող են: ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ, որ դրանք շատ շուտով կկարգավորվեն, եւ մեր ազգային ընտրանին հաղթական խաղեր կանցկացնի նաեւ Իտալիայի, Դանիայի եւ Բուլղարիայի դեմ առաջիկայում կայանալիք խաղերի ժամանակ:
Այսքանից հետո կարելի է հանգիստ ասել, որ երեկվանից մինչեւ այսօր հայերն ապրում էին ֆուտբոլով, նրանց խոսակցության միակ թեման ֆուտբոլն էր, Հայաստանի հավաքականի հաղթանակը, ցուցադրած հաճելի ֆուտբոլը, մեր ֆուտբոլիստների գեղեցիկ հնարքները:
Կարծում ենք, որ այսօր էլ կշարունակվեն այդ խոսակցությունները, թեեւ Հայաստանի` ԵՎՐՈ 2012 ընտրական մրցաշարի B խմբում 1-ին հորիզոնական գրավելու նույնիսկ տեսական շանսերն այսօր հավասար են զրոյի, քանի որ երեկ` ուշ երեկոյան, Ռուսաստանի ընտրանին կարողացավ մրցակցի հարկի ներքո 1-0 հաշվով հաղթել Սլովակիայի ընտրանուն եւ խմբում գրեթե ապահովել 1-ին հորիզոնականը:
Այսպիսով` մեր ընտրանու եւ Իռլանդիայի հավաքականի միջեւ հոկտեմբերի 11-ին կայանալիք խաղը կվճռի, թե որ թիմն է իրավունք ստանալու անցումային փուլում վիճարկելու ԵՎՐՈ 2012 մրցաշարի եզրափակիչ փուլի 4 ուղեգրերից մեկը:
Հավելենք, որ ներկայումս իռլանդացիները Հայաստանի հավաքականից ընդամենը 1 միավոր են ավելի վաստակել ու դեռեւս տեսական շանսեր ունեն խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցնելու եւ միանգամից ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլին առանց անցումային խաղերի մասնակցելու համար:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 485 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0