Home » 2011 » Հունիս » 24 » Խոսենք Բոաշի մասին
20:13
Խոսենք Բոաշի մասին
Լոնդոնի "Չելսիի" պաշտոնական կայքը վաղուց տեղեկացնում է պորտուգալացի մասնագետ 33-ամյա Անդրե Վիլաշ-Բոաշի` ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին: Փորձենք կարճ ներկայացնել այն մարդուն, որն, ըստ մասնագետների, համարվում է աշխարհի ապագա լավագույն մարզիչը, Մոուրինյոյի փոխարինողը և սանը:
Անդրե Վիլաշ-Բոաշը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 17-ին Պորտուգալիայի Պորտու քաղաքում: Բոաշի կյանքում մեծ դեր է խաղացել Բոբի Ռոբսոնը (նույն մարդը, ով զարգացրեց Մոուրինյոյին), հենց նա է պորտուգալացու մեջ նկատել մարզչական տաղանդը և նրան 17 տարեկան հասակում ուղարկել մարզչական որակավորման դասընթացների:
Մարզչական որակավորում ստանալուց հետո Բոաշը 19 տարեկան հասակում սկսել է մարզել "Պորտուի" երիտասարդական կազմը: 2000 թվականին 21-ամյա Անդրեն նշանակվել է Վիրջինյան կղզիների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ` այդպիսով դառնալով ազգային հավաքականների պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը: 2003 թվականին "Պորտուի" ղեկավարումը ստանձնեց այն ժամանակ անհայտ մի մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոն և Բոբի Ռոբսոնի խորհրդով իրեն օգնական վերցրեց պատանի Բոաշին: Մինչև 2009 թվականը Անդրեն գնաց Մոուրինյոյի հետևից նախ` "Չելսի", այնուհետև` "Ինտեր":
Այսքան փորձ կուտակելով` միայն 2009 թվականին Բոաշն իր ուսերին վերցրեց մեծ պատասխանատվություն` ստանձնելով պորտուգալական "Ակադեմիկայի" գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ ժամանակ "Ակադեմիկան" գտնվում էր վտանգավոր գոտում և պայքարում էր բարձրագույն լիգայում մնալու համար:
Բոաշը նախ առաջնությունն ավարտեց 11-րդ հորիզոնականը զբաղեցնելով, այնուհետև ակումբի հետ հասավ մինչև երկրի գավաթի կիսաեզրափակիչ:
2010 թվականին Վիլաշ-Բոաշն առաջարկ ստացավ "Պորտուից" և ընդունեց այն: Ինչպես ցույց տվեց ապագան "վիշապների" ղեկավարությունը չէր սխալվել գլխավոր մարզչի ընտրության հարցում: Նախ "Պորտուն" հաղթանակեց ներքին առաջնությունում և գավաթում, այնուհետև տիրացավ Եվրոպայի լիգային:
Անդրե Վիլաշ-Բոաշը դարձավ եվրոպական ֆուտբոլի պատմության ընթացքում ամենաերիտասարդ մարզիչը, որը հաղթել է եվրագավաթներում:
Եվ ահա արդեն այսօր Բոաշը վերադարձավ "Չելսի", սակայն այս անգամ արդեն որպես գլխավոր մարզիչ` կնքելով 3 տարվա պայմանագիր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 2