Home » 2013 » Ապրիլ » 10 » "Յունայթեդ". խոցող կարմիր նետը
14:25
"Յունայթեդ". խոցող կարմիր նետը
 Երկուշաբթի օրը Երևանի ժամանակով 23:00-ին տեղի ունեցավ անգլիական "Պրեմիեր լիգայի" 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը` Անգլիայի ամենատիտղոսակիր և ընթացիկ մրցաշրջանի առաջատար "մանկունիացիները" հարազատ "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում ընդունեցին իրենց վաղեմի ախոյանին` Անգլիայի գործող չեմպիոն "Մանչեսթեր Սիթիին":
  Մրցաշարային աղյուսակի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող այս երկու թիմերին բաժանում էր ամբողջ 15 միավոր. "Մանչեսթեր Յունայթեդը" ուներ 77 միավոր, իսկ "Մանչեսթեր Սիթին"` 62 միավոր:
  Միավորների այս տարբերությունը դժվար թե այդ օրվա խաղում մեծ ինտրիգ առաջացներ, բայց, ամեն դեպքում, այս երկու թիմերի հանդիպումները բոլոր ժամանակներում եղել են ամենադիտարժաններից: Մրցաշրջանի ընթացքում վաստակած միավորները գրեթե 100 տոկոսով ապահովել են "կարմիրների" չեմպիոնական տիտղոսը: Նշենք, որ այս տիտղոսը "Մանչեսթեր Յունայթեդի" համար կլինի հոբելյանական 20-րդը. Անլգիայի "Պրեմիեր լիգայում" "մանկունիացիները" նախկինում հաղթել են 19 անգամ` (1908 | 1911 | 1952 | 1956 | 1957 | 1965 | 1967 | 1993 | 1994 | 1996 | 1997 | 1999 | 2000 | 2001 | 2003 | 2007 | 2008 | 2009 | 2011):
  Մրցաշրջանի ավարտից մեկուկես ամիս առաջ "Մանչեսթեր Յունայթեդի" չեմպիոնությանը չէր կասկածում անգամ "Մանչեսթեր Սիթիի" մարզիչը: Մանչեսթերյան դերբիից հետո (Խմբ. այդ խաղում "կապույտներն" ուղղակի հիանալի գործեցին` հաղթելով 2-1 հաշվով) Ձեզ ենք ներկայացնում, 7 պատճառ, որոնք նպաստել են "կարմիր սատանաների" չեմպիոնությանը.
 1. Ռոբին վան Պերսիին ձեռք բերելը
Ռոբերտո Մանչինին այս մասին խոսում էր ողջ մրցաշրջանում, իսկ եթե Դուք լսել եք, ապա գիտեք` իտալացու կարծիքով` հենց վան Պերսիի տրանսֆերը "Յունայթեդին" հաղորդեց այն թեթևությունը, որով նրանք առաջ անցան "Սիթիից": 24 մլն ֆունտ արժեցած այս գործարքը շատերին ամռանը թվում էր չարդարացված, բայց վան Պերսին ցույց տվեց այն մարդկանց անիրավացիությունը, ովքեր փորձում էին այդ գումարով գնել կենտրոնական կիսապաշտպանի "Յունայթեդի" համար: Վան Պերսիի գոլերը "Յունայթեդին" բերել են շուրջ 30 միավոր, հենց նա խփեց հաղթական գոլը նախորդ քաղաքային դերբիում, և "Յունայթեդի" ոչ մի ֆուտբոլիստ նրանից ավելի ներդրում չի ունեցել մրցաշրջանի առաջին կեսի բազմաթիվ հաջողություններում: Գարնան մեկնարկի հետ վան Պերսին համարյա դադարեց գոլեր խփել, ինչը, կարծես, նրան կթողնի առանց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման, բայց հարձակվողի գործն արդեն արված է. Ռոբինի հետ "Մանչեսթեր Յունայթեդը" դարձավ ավելի ուժեղ երկրի մյուս բոլոր թիմերից:
  2. Ամենաուժեղ կազմը տարիներ շարունակ
1999թ.-ին և 2008թ.-ին "Մանչեսթեր Յունայթեդի" կազմը, հավանաբար, գերազանցում էր այժմյան կազմին, բայց այսպիսի ուժեղ հայտացուցակ Ալեքս Ֆերգյուսոնը դեռ չէր ունեցել: Անգլիական "Պրեմիեր լիգայի" 20 թիմերից մոտ 15-ը թույլ կտային Քրիս Սմոլլինգին և Ֆիլ Ջոնսին աճել մեկնարկային կազմում, իսկ Նանիի և Խավյեր Էրնանդեսի շուրջ կկառուցեին ամբողջ հարձակվողական խաղը: Իսկ Սըր Ալեքսի մոտ այս ֆուտբոլիստները նույնիսկ իրենց դիրքերում փոխարինողների շարքում առաջինը չեն, Սինձի Կագավան հանգիստ կարող է մրցաշրջանն անցկացնել ապաքինումների և հարմարվելու համար, Ուեյն Ռունին՝ ներքին բազմաթիվ դևերի դեմ պայքարելու համար: "Մանչեսթեր Յունայթեդը" դադարել է վախենալ վնասվածքներից, որովհետև, դուրս թողնելով Պատրիս Էվրային, այս թիմում չկա այնպիսի ֆուտբոլիստ, որին Ֆերգյուսոնը չկարողանա փոխարինել համարժեք խաղացողով: Եվ իզուր չէ, որ Ջո Հարտը վերջերս "Մանչեսթեր Յունայթեդը" անվանեց մահվան մեքենա:
 3. Ֆերգյուսոնի` ռեսուրսները ճիշտ բաշխելու հմտությունը
Արժի, որ Ռաֆել Բենիտեսը Ալեքս Ֆերգյուսոնից սովորի ռոտացիայի արվեստը. հազիվ թե որևէ մեկը շոտլանդացուց ավելի լավ իմանա, թե երբ պետք է ֆուտբոլիստին թողնել պահեստայիններին, որպեսզի նա չվիրավորվի և չկորցնի մարզավիճակը: Թիմում Ռոբին վան Պերսիից բացի ուրիշ ֆուտբոլիստ չկա, որ այս մրցաշրջանում այդքան երկարատև հոգնածություն ունենա, իսկ այն, թե ինչպես է Ֆերգյուսոնը մրցաշրջանի ընթացքում տնօրինում թույլ Ռիո Ֆերդինանդին և համարյա 40-ամյա Ռայան Գիգզին, Սըր Ալեքսի կոլեգաների համար կատարյալ մաստեր-կլասս է: "Մանչեսթեր Յունայթեդը" վաղուց այսքան էներգետիկ և կենսուրախ չէր եղել, և դա մեծ առավելություն է գլխավոր մարզչի և այն մարդկանց հաշվին, ովքեր «Մանչեսթր Յունայթեդում» պատասխանատու են ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության համար:
  4. Մրցակիցների թուլությունը
"Մանչեսթեր Յունայթեդին" հարգելով հանդերձ` հարկ է նշել, որ "կարմիր սատանաների" մրցակիցները նույնպես ջանք չխնայեցին, որպեսզի այս մրցաշրջանը "Յունայթեդի" համար դառնար հարմարավետ ուղևորություն դեպի չեմպիոնությունը: "Տոտենհոմը", ինչպես պարզվեց, դեռ պատրաստ չէ, "Չելսին" հայտնվեց այնպիսի մարդու ձեռքում, որի մարզչական մեթոդները նաև իր լավագույն մրցաշրջաններում են անարդյունավետ եղել` չեմպիոնության հասնելու համար: Իսկ "Մանչեսթեր Սիթիի" խնդիրների մասին կարելի է ամբողջ օրը խոսել. Ջո Հարթի խաղամակարդակի անկումը և Վենսան Կոմպանիի վնասվածքները, Մանչինիի փորձերը` սովորեցնել թիմին խաղալ 3-5-2 մարտավարությամբ և անընդհատ դժվարությունների մեջ ընկնելու նրա սովորությունը, անարդյունավետ աշխատանքը ամառային տրանսֆերային շուկայում և "Սիթիի" հավակնություններին հզոր հարված հասցրած ձախողումը "Չեմպիոնների լիգայում": 15 միավորը, որ ընկած էր անգլիական առաջին և երկրորդ թիմերի միջև, խորհրդանշում է ոչ միայն "Յունայթեդի" բարձր կարգը, այլև այն բոլոր թերությունները, որ կան այս տարի "Չելսիում" և "Սիթիում", իսկ "Արսենալի", "Տոտենհեմի", ինչպես նաև "Լիվերպուլի" մասին խոսելն այս պահին տեղին չէ:
5. Մայքլ Քարիկ և Թոմ Քլևերլի
Արդեն 3 տարի է` շատ նորաձև է դարձել քննարկել "Յունայթեդի" կիսապաշտպանության թուլությունը, և, այո՛, մրցաշրջանի սյուժեն վերապատմելիս դժվար կլինի շրջանցել այն պահերը, երբ "Յունայթեդին" չէր բավականացնում ֆիզիկապես ուժեղ կենտրոնական կիսապաշտպանը, ինչպիսին Դեբելեն է (Խմբ. "Տոտտենհեմի" և Բելգիայի ազգային ընտրանու կիսապաշտպանը): Բայց յուրաքանչյուր նմանատիպ պահ ոչինչ է տասնյակ այնպիսի պահերի դիմաց, երբ Քարիկը և Քլևերլին իրենց դրսևորում էին գրեթե իբրև իդեալական զույգ: Կիսապաշտպան, որ կայունացնում է խաղը դաշտի կնետրոնում, և կիսապաշտպան, ով խաղին տեմպ և ուղղաձիգ ուղղություն է հաղորդում: Նա, ով պահպանում է, և նա, որ ռիսկի է դիմում: "Կարմիրների" կիսապաշտպանների հիմնական զույգը տասնյակ գոլեր չի խփում, ինչպես մի ժամանակ Պոլ Սկոուլզն էր անում, և չեն ծվատում մրցակիցներին, ինչպես սիրում էր անել Ռոյ Քինը, բայց այս զույգը ունի բավական ներուժ, որպեսզի նրա շուրջը հնարավոր լինի կառուցել Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը:
  6. Դավիդ դե Խեայի առաջընթացը
Իհարկե, նա իդեալական չէ: Սըր Ալեքսը "Ֆուլհեմի" հետ խաղից հետո (Խմբ. մրցաշրջանի երկրորդ հանդիպումը) նրան նստեցրեց պահեստայինների նստարանին և բարձրաձայն հայհոյեց "Տոտենհեմի" հետ խաղից հետո: Բայց դե Խեան աճում է, ընդ որում, առանց կորցնելու հայտնի ռեակցիան, որը մշտապես փրկում է "Յունայթեդին": Եվ ահա Ֆերգյուսոնը գրեթե դադարել է ժամանակ վատնել դարպասապահների ռոտացիայի վրա: Դե Խեան առաջվանից ավելի լավ է գլուխ հանում օդային գնդակներից, հեռահար հարվածներ ընդունելիս այլևս չի սխալվում, և, "կարմիրների" դարպասապահների մարզիչ Էրիկ Ստիլի խոսքերով, բացարձակ չի տառապում սխալների պատճառով, որոնք, ի դեպ, պատահում են ավելի հազվադեպ: Հայտնի պաշտպանները հաճախ կրկնում են, թե պաշտպանության ֆուտբոլիստների համար որքան կարևոր է զգալ դարպասապահի վստահությունը. դե Խեայի հարցում տարակուսելու առիթները Ֆերդինանդի, Էվանսի և Վիդիչի համար ավելի ու ավելի են նվազում:
 7. Հանձնվելու "անկարողութունը"
Մրցաշրջանի առաջին կեսում միակ բանը, որ անում էր "Մանչեսթր Յունայթեդը"` փրկվելն էր այն խաղերում, որոնք սկսվում էին բաց թողած գնդակներով: Սա կարելի է համարել "Յունայթեդի" պաշտպանության խնդիրները քննարկելու առիթ, բայց կարելի է նաև ամեն ինչ վերագրել հարձակվողներին, սակայն ավելի լավ է ուշադրություն դարձնել հաղթողի հոգեբանությանը, որը Ֆերգյուսոնը տարին տարվա վրա ներմուծում է իր ֆուտբոլիստների գիտակցության մեջ: "Մանչեսթեր Յունայթեդի" հետ խաղը չի ավարտվում, քանի դեռ մրցավարի սուլիչը չի ազդարարում խաղավարտը. չեմպիոնական մրցաշրջանում "կարմիրները" այս մասին առաջվանից ավելի հաճախ են հիշեցնում:

Նյութը թարգմանեց և պատրաստեց՝ Հռիփսիմե Գալստյանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0