13:28 Արսեն Վենգերի կյանքի օրենքները. մաս 2 | |
Կյանքի ամենակարևոր դասերից մեկը ես յուրացրել եմ Ճապոնիայում: Հանդիպման ավարտին դժվար է հասկանալ` ով է պարտվել և ով` հաղթել: Նրանք ցույց չեն տալիս իրենց էմոցիաները, քանի որ չեն ցանկանում վիրավորել հակառակորդին: Հենց այդ պատճառով ես սովորեցնում եմ թիմիս քաղաքավարի լինել: Ես էկստրավերտ չեմ: Չեմ սիրում արտահայտել էմոցիաներս: Աշխատանքիս բերումով սովորել եմ զսպել ինձ: Ճապոնիայում կան մարդիկ, ովքեր, կորցնելով առավոտյան կնոջը, գալիս են աշխատանքի և ոչ ոքի չեն ասում այդ մասին: Նրանք չեն ցանկանում անհանգստացնել շրջապատող մարդկանց իրենց խնդիրներով: Մտահոգությունները թաքցնելը վնասակար է: Հոգեբանները խորհուրդ են տալիս չթաքցնել էմոցիաները, դուրս թողնել դրանք: Վստահեցնում եմ, երբեմն շատ թանկ եմ վճարում ինքս իմ մեջ պարփակվելու պատճառով: Երբ պարտություն ես կրում, սկսում ես մտածել բոլոր այն ընտանիքների մասին, որոնց հանգստյան օրերը փչացրեցիր: Դա ծանր բեռ է և մեծ պատասխանատվություն է պահանջում: Երբեմն պետք է եսասիրաբար մոտենաս այդ հարցին, որովհետև եթե անընդհատ մտածես այդ մասին, ապա կխելագարվես: ՀԱՀ-ում ես զրուցեցի մի քենիացու հետ: Նա ասաց, որ նրա երկրում բոլորը երկրպագում են "Մանչեսթերին" և "Արսենալին": Այնուհետև նա ասաց, որ "Արսենալի"` "Մանչեսթեր Յունայթեդից" կրած պարտությունից հետո նրա եղբայրը ինքնասպան է եղել: Ես կարծեցի, թե նա կատակում է, բայց, պարզվեց, որ դա ճիշտ էր: Ինձ համար շատ կարևոր է տիտղոսներ նվաճել, բայց կա մի բան, որ ավելի ուժեղ ու խորն է. այն, թե ինչպես ենք մենք խաղում և ինչպիսի մարտավարությամբ ենք առաջ ընթանում: Մենք մեծ գումարներ չենք կորզում սեփականատիրոջից, և դա հարգում են ողջ աշխարհում: Կողքից օբյեկտիվ կարծիքն ավելի իրատեսական է: Բայց ոչ մի հզոր նվաճում կյանքում չի տրվել առանց խենթ հավատի: Բոլոր նման նվաճումները պատկանում են այն մարդկանց, ում խելագար են համարել: Սակայն առանց նրանց մտքերի աշխարհն ավելի թերի կլիներ: "Տոտենհեմի" երկրպագուների համար միևնույնն է` ինչ ենք անում մենք և ինչպես, նրանց միակ նպատակն է հաղթել մեզ: Նույնը վերաբերվում է "Մանչեսթեր Յունայթեդին", բայց "Արսենալը" մեծ նշանակություն ունի այն մարդկանց համար, ովքեր իսկապես սիրում են ֆուտբոլ: Անգլիան պետք է ընտրություն կատարի. կամ "Պրեմիեր լիգան" պետք է, որպեսզի ուժեղ հավաքական ունենանք, կամ "Պրեմիեր լիգան" պետք է աշխարհում առաջինը լինելու համար: Այս պահին մենք մեջտեղում ենք, և դա վտանգավոր է: "Արսենալում" մենք նոր աշխարհ ենք ստեղծում: Շատ կարևոր է, որ մեր ուղին չընդհատվի. այն անհրաժեշտ է երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման համար: Հարաբերությունները այն մարդկանց հետ, ում դու հանդիպում ես 16-20 տարեկան հասակում վարժարանում, սովորաբար շատ երկար են տևում: Դա մեր առավելությունն է` ի տարբերություն այն ակումբների, որտեղ խաղացողները միասին չեն մեծանում: Հաջողակ թիմերի ընդհանուր գիծը խելացի ֆուտբոլիստների առկայությունն է: Եվ խոսքը վերաբերվում է ոչ թե կրթությանը, այլ նրանց կարողությանը վերլուծել խնդիրը և ճիշտ լուծում գտնել: Թոփ-մակարդակի ֆուտբոլիստների ընդհանուր հատկանիշը իրենց իսկ խաղը օբյեկտիվ գնահատելն է: Նրանք, ովքեր օբյեկտիվ են գնահատում իրենց ելույթները, կատարելագործվելու մեծ հնարավորություն ունեն: Մնացածի ճակատագիրը մտահոգիչ է: Շատ արդարացի է, և ոչ միայն ֆուտբոլում: Ֆուտբոլային թիմը նման է գեղեցիկ կնոջ: Եթե դուք չեք հիշեցնում նրան այդ մասին, նա մոռանում է, որ գեղեցիկ է: Մենք պետք է հաղթենք առաջնությունը: Գիտեմ, որ սա բավականին անզգույշ հայտարարություն է, բայց ինչ կարող եմ ասել: Եթե ես ասեմ, որ մենք կարող ենք զբաղեցնել երկրորդ տեղը, մարդիկ կմտածեն, թե ինձ չի հետաքրքրում հաղթանակը: Եթե թույլ տաս վախին տիրել քեզ, այն կսկսի ղեկավարել քո գործողությունները, իսկ դու նույնիսկ չես գիտակցի դա: Առավոտյան արթնանալով` դու բարի և վատ նշաններ ես տեսնում, և դա ազդում է քո տրամադրության վրա: Վախենալով սխալից` սկսում ես այլ կերպ մտածել: Կյանքի զգալի մասը մենք ընկճված վիճակում ենք անցկացնում` երբեմն չգիտակցելով դա, երբեմն առանց որևէ պատճառի: Անհեթեթություն է այդքան երկար ժամանակ հատկացնել վատ էմոցիաներին: Երբ դու դա հասկանաս, դժվար չի լինի սթափվել: Մարզչի համար, ում յուրաքանչյուրը ձգտում է մեղադրել, շատ կարևոր է լինել կայուն և վստահ: Գնահատում են ոչ թե մարդուն, այլ այն արդյունքները, որոնց նա հասել է, իսկ մարդուն գնահատում են` ելնելով սեփական հիասթափությունից: Իմ հանդիպած ամենահաճելի մարդկանցից մեկը Ժիլբերտու Սիլվան է եղել: Դա չխանգարեց նրան հաղթել աշխարհի առաջնությունը և մի շարք այլ տիտղոսներ: Դաշտում նա կենդանի էր դառնում: Մեզ ևս շատ դժվար է: Ռունին չի կարող նույնիսկ միզել գոլֆի դաշտում առանց համընդհանուր ուշադրության: Դա նորմալ չէ: Ֆուտբոլիստները սուրբ չեն: Պետք է հասկանալ, որ նրանք մեծ ճնշման տակ են ապրում: ԶԼՄ-ների խնդիրը նրանում է, որ նրանք անընդհատ վատի մասին են մտածում: Մարզիչների խնդիրը նրանում է, որ նրանք միշտ մտածում են լավի մասին: Լոնդոնում հանրավոր չէ վերահսկել ֆուտբոլիստներին: Մնում է միայն լավատես լինել: Ես մինչև հիմա ֆուտբոլում եմ, քանի որ սիրում եմ առավոտյան վայելել թարմ խոտի բույրը, շրջել դաշտում, կրկին ինձ զգալ երեխա, որը խաղում է գնդակով: Եթե ես ստիպված լինեի անընդհատ նստել աշխատասենյակում, այսպիսին չէի լինի: Ինձ դուր է գալիս տեսնել, թե ինչպես է ֆուտբոլիստը առաջադիմում, դուր է գալիս ծրագրել մարզումները և նկատել, թե ինչպես է թիմն ավելացնում: Երբ ես դադարեմ հաճույք ստանալ այս ամենից, ամենայն հավանականությամբ, կավարտեմ կարիերաս: Ուզում եմ ավարտել աշխատանքս "Արսենալում": Ես կառուցել եմ այս թիմը և ցանկանում եմ հաջողության հասնել, եթե ես գնամ, ինքս իմ հույսերը չեմ արդարացնի: Մի խոսքով, ամեն ինչ շատ պարզ է: Ես չեմ կարող միշտ բարձունքում լինել` որպես մարզիչ: Այդ աշխատանքը կատարելու համար մեծ ֆիզիկական ուժ է հարկավոր և կենդանական բնազդ: Այդ ամենը աստիճանաբար լքում է քեզ, սակայն դրան փոխարինելու է գալիս մեծ փորձը. դու սկսում ես ավելի խորը վերլուծել խնդիրը, ավելի իմաստուն ես դառնում ֆուտբոլիստների հետ քո հարաբերություններում: Ամեն դեպքում ես կմնամ ֆուտբոլում, միգուցե, որպես նախագահ կամ…չգիտեմ: Ես հոգեպես այդքան էլ ամուր չեմ, որքան Սըր Ալեքս Ֆերգյուսոնը: 65 տարեկան հասակում ես հաստատ ինձ այլ աշխատանք չեմ գտնի, եթե, իհարկե, այնպես չզգամ ինձ, ինչպես հիմա: Այո, ինձ վախեցնում է կյանքը ֆուտբոլից հետո: Հղումը` ArmSport.am-ին:
| |
|
Total comments: 0 | |