Home » 2011 » Փետրվար » 28 » "Չելսին" և "Յունայթեդն" ավետում են գարնան գալուստը Անգլիայում
19:09
"Չելսին" և "Յունայթեդն" ավետում են գարնան գալուստը Անգլիայում
 Գարնան առաջին օրն Անգլիայում կայանալու է անգլիական երկու գրանդ ակումբների սուպերմենամարտը. "Սթեմֆորդ Բրիդջ" մարզադաշտում հանդիպելու են Սըր Ալեքսի "կարմիր սատանաները" և Կարլո Անչելոտտիի "արիստոկրատները": Ֆուտբոլային այս ներկայացմանը մենք պետք է ականատես լինեինք դեռևս դեկտեմբերին, սակայն եղանակային վատ պայմաններն այն ժամանակ խանգարեցին հանդիպման կայացմանը:
Որքան էլ անսովոր է, բայց այս անգամ չեմպիոնության համար "Չելսին" ռեալ պայքար մղել չի կարող: "Արիստոկրատներն" այժմ գտնվում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում, իսկ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին էլ վերջերս հայտարարեց, որ իրենց նպատակն այս անգամ լավագույն քառյակ մտնելն է: Լոնդոնյան ակումբի ավագ Ջոն Թերրին էլ օրերս հայտարարեց, որ իրենք պայքարում են միմիայն չեմպիոնության համար, թեև վստահ են, որ այդ ուղին շատ դժվար է լինելու:
Ի՞նչ ունի Անչելոտտիի թիմը. բազմամիլիոնանոց Ֆեռնանդո Տորես, ով երկրորդ պլան է ուղարկել ի ծնե գոլահար Դիդյե Դրոգբային, սակայն Տորեսն առայժմ չի արդարացնում Ռոման Աբրամովիչի ծախսած միլիոնները: Բայց կասկած չկա, որ Էլ Նինյոն վաղ թե ուշ սկսելու է փայլել, և բոլորը նրանից առավելագույնն են սպասում հենց "Յունայթեդի" դեմ հանդիպման ժամանակ: Բայց դե ինչքան էլ Տորեսը գոլային լավ արդյունք ունենա "Յունայթեդի" դեմ հանդիպումներում, նա դեռևս այնքան նշանակություն չունի "Չելսիի" համար, որքան Անչելոտտիի թիմի իրական առաջատար Ֆրենկ Լեմպարդը: Լեմպարդը համարվում է "Չելսիի" իսկական առաջատարը, և հենց Ֆրենկի լավ խաղալու դեպքում լոնդոնյան ակումբն իրական հնարավորություններ կունենա Սըր Ալեքսի թիմին հաղթելու համար:
Անդրադառնանք "Մանչեսթերին". "Յունայթեդը" շաբաթ օրն առանց դժվարությունների հաղթեց "Ուիգանին" 4-0 հաշվով: Անգլիական "Պրեմիեր լիգայի" առաջնության ներկայիս առաջատարը լավ է խաղում հատկապես առաջատար ակումբների դեմ հանդիպումներում, սակայն պետք է նաև նշել, որ "Յունայթեդն" Անգլիայի առաջնության ներկայիս ուժեղ ակումբներին հաղթել է միայն իր ամրոցում` "Օլդ Թրաֆֆորդում". "Սիթի", "Արսենալ", "Տոտենհեմ", "Լիվերպուլ": Մրցակցի հարկի տակ Սըր Ալեքսի թիմը շատ հաճախ ոչ-ոքի է խաղում: Ոչ-ոքին "Յունայթեդի" համար ցանկալի արդյունք չի համարվի, քանի որ երկրորդ տեղում ընթացող "Արսենալն" այսօր "Մանչեսթերին" զիջում է ընդամենը մեկ միավորով:
"Յունայթեդը" նորից կորուստներ ունի, սակայն կարծես թե Ռայան Գիգզն արդեն պատրաստ է հանդիպմանը: Առանց Գիգզի "Յունայթեդի" խաղը ձախ եզրում անկասկած թուլանում է: Վերջին երկու հանդիպումներում "Մանչեսթերը" խաղում էր ընդամենը մեկ եզրային կիսապաշտպանով` ի դեմս պորտուգալացի վինգեր Լուիշ Նանիի: Ռունիի խաղադաշտ դուրս գալու հնարավորությունն առայժմ հարցականի տակ է` կապված Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշման հետ: Հուսանք, որ Ռունին կխաղա "Չելսիի" հետ հանդիպման ժամանակ. դրանից խաղն էլ ավելի կգեղեցկանա, բայց առայժմ հարցական է, թե ով կխաղա Ուեյնի հետ հարձակման սուր ծայրում: Էրնանդեսի տարբերակը ամենևին էլ վատը չէ, սակայն Ֆերգյուսոնի փիլիսոփայությունը խոսում է նրա մասին, որ ամենակարևոր հանդիպումներում Սըր Ալեքսը հույսը դնում է փորձառու խաղացողների վրա. այդ պատճառով էլ ամենայն հավանականությամբ խաղադաշտում առաջին րոպեներից կխաղա բուլղարացի հարցակվող Բերբատովը:
Վերջում նշենք, որ անգլիական ֆուտբոլի վերջին տարիների սուպերհանդիպումը կկայանա մարտի 1-ին` Երևանի ժամանակով 23:45-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 1004 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0