Home » 2011 » Փետրվար » 23 » Անելկան ծնկի է բերում "Կոպենհագենին"
09:59
Անելկան ծնկի է բերում "Կոպենհագենին"
Երեկ ուշ երեկոյան կայացան "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի հերթական հանդիպումները: Դանիայում իրար հետ մրցեցին դանիական "Սուպերլիգայի" վերջին տարիների անփոփոխ չեմպիոն "Կոպենհագենը" և անգլիական "Պրեմիեր լիգայի" անցած տարվա չեմպիոն "Չելսին": Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երկու թիմերի մարզիչներն էլ կարևորել էին խաղային զգուշավորությունը:
Դանիացիների համար արդեն հաղթանակ կարելի է համարել "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչում
հայտվելը, սակայն, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Այս հանդիպումն անցավ տրամաբանական սցենարով. անգլիացիները գրոհում էին, իսկ դանիացիները` պաշտպանվում, հարկ եղած ժամանակ էլ` հակագրոհների անցնում: Անչելոտտիի սաներն այնուամենայնիվ կարողացան առանց մեծ ջանքեր ծախսելու հասնել ցանկալի արդյունքի:
Առաջին խաղակեսում մոտ 10 րոպե մրցակցին հետախուզելուց հետո "Չելսին" անցավ բուռն գրոհների` ողջ խաղի ընթացքում տիրելով և խաղային, և տարածքային առավելությանը: Լոնդոնցիները գործում էին դաշտի ողջ երկայնքով: Առաջին վատնգավոր պահը ստեղծեցին "Չելսիի" ֆուտբոլիստները. Լեմպարդի փոխանցումից հետո Տորեսը կարող էր առաջ մղել իր թիմին, սակայն նրա հարվածից հետո գնդակը սլացավ ուղիղ "Կոպենհագենի" դարպասապահի վրա, իսկ վերջինս էլ հեշտությամբ որսաց այն: Հանդիպման 17-րդ րոպեին Անելկան, գնդակը ստանալով մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ու խոչընդոտների չհանդիպելով, առաջ շարժվեց ու անվերպ հարված կատարեց. 1-0 հօգուտ լոնդոնցիների: "Կոպենհագենը" փորձեց արագորեն պատասխանել մրցակցին, սակայն չստացվեց: Մինչև առաջին խաղակեսի ավարտը լոնդոնյան "արիստոկրատները" մի քանի հիանալի հնարավորություն ստացան խաղի հաշիվը կրկնապատկելու համար, սակայն Ֆեռնանդո Տորեսը նպաստավոր դիրքերից զարմանալիորեն չկարողացավ խոցել մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսը սկսվեց առաջինի պես. "Կոպենհագենի" մոտ ոչ մի կերպ չէր ստացվում սեփական գրոհների կառուցումը, մինչդեռ Անչելոտտիի սաները շարունակում էին ճնշել մրցակցին: Հանդիպման 54-րդ րոպեին Լեմպարդից հոյակապ փոխանցում ստանալով` Անելկան, առանց վազքի արագությունը նվազեցնելու, գնդակով առաջ շարժվեց ու անվրեպ հարված կատարեց` փրկության ոչ մի հնարավորություն չընձեռելով "Կոպենհագենի" դարպասապահին: 2-0 հաշվով մրցակցի հարկի տակ հաղթանակը, անշուշտ ձեռնտու էր "Չելսիին", այդ պատճառով էլ լոնդոնյան թիմը սկսեց գցել խաղի տեմպը` հանդիպումը հասցնելով իր տրամաբանական ավարտին:
Խաղի հերոսը. մեր կարծիքով այս հանդիպման լավագույն խաղացողի ընտրության հարցում ոչ մի դժվարին խնդիր չի ծագում: "Չելսիի" 32-ամյա ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան ևս մեկ անգամ ապացուցեց, որ դեռ կարող է օգնել "արիստոկրատներին": Անելկան երեկ ուղղակիորեն փայլեց: Նա ամենուր էր. թե պաշտպանվում էր, թե գրոհում: 
Հ.Գ. Ցավոք, պետք է նշել, որ "արիստոկրատների" կազմում դեռևս իրեն չի կարողանում գտնել թիմի աստղային հարձակվող Ֆեռնանդո Տորեսը. այս խաղում նա մի քանի 100 տոկոսանոց պահ կորցրեց: Հուսանք, որ մոտակա ժամանակներում Էլ Նինյոն կհարմարվի Անչելոտտիի խաղային փիլիսոփայությանը և կսկսի գոլեր հեղինակել` ուրախացնելով "արիստոկրատների" երկրպագուներին: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0