Home » 2011 » Փետրվար » 1 » Անգլիան ապրեց տրանսֆերային խելագարություն
09:01
Անգլիան ապրեց տրանսֆերային խելագարություն
Այժմ եղեք ավելի ուշադիր, քանի որ մենք գտնվում ենք խելահեղ Անգլիայում: Ձեզ ենք ներկայացնում անգլիական "Պրեմիեր Լիգայի" ամենահետաքրքիր ու աղմկոտ բոլոր տրանսֆերային լուրերն իրենց ամենայն մանրամասնություններով:
Սկսում ենք ամենաաղմկոտներից, որոնք մեծավ մասամբ տեղի ունեցան այսօր ուշ կեսգիշերին:
Լոնդոնյան "Արսենալը" մի քանի սաների վարձավճարային հիմունքներով ուղարկեց այլ թիմերում փորձ ձեռք բերելու, այդ իսկ պատճառով էլ Վենգերի թիմին հենց սկզբից հանում ենք տրանսֆերային սենսացիաների ցուցակից:
Վատ համալրումներ չունեցավ "Սթոք Սիթին", որի շարքերը համալրեց Ջոն Քարյուն:
Շատ ծախսեց "Ասթոն Վիլան", իր կազմում ընդգրկելով Ժան Մակունին ու Դարեն Բենտին: Այս երկու ֆուտբոլիստների համար բիրմինհեմյան թիմը ծախսեց ավելի քան 23 մլն ֆունտ ստեռլինգ:
Լոնդոնյան "Տոտենհեմը" մեծ տենչով աստղային հարձակվող էր փնտրում, բայց այդ փնտրտուքների արդյունքում "խթանների" կազմում ոչ ոք էլ չհայտնվեց: Ամեն դեպքում Բեյլի թիմը համալրվեց "Էվերտոնի" հարավաֆրիկացի կիսապաշտպան Սթիվեն Պիենարով:
"Մանչեսթեր Սիթին" կրկին քաջագործություններ էր գործում: "Քաղաքաբնակները" գերմանական "Վոլֆսբուրգին" 32.5 մլն ֆունտ վճարեցին բոսնիացի  հարձակվող Էդին Ջեկոյին գնելու համար, իսկ տրանսֆերային վերջին օրը չցանկացան 20 մլն ֆունտի դիմաց ազատվել պահեստային պաշտպան Միկա Ռիչարդսից:
Դեկտեմբերի 31-ին մի քանի ռեկորդային տրանսֆերներ եղան: Նախ "Լիվերպուլը" 26.5 մլն եվրոյի դիմաց գնեց "Այաքսի" առաջատար Լուիս Սուարեսին, ով ակումբի հետ 5.5 տարվա պայմանագիր կնքեց ու վերցրեց 7 համարի մարզաշապիկը, ապա մերսիսայդյան ակումբն իր պատմության մեջ ռեկորդային 35 մլն ֆունտի դիմաց ձեռք բերեց "Նյուքասլի" 21-ամյա անգլիացի հարձակվող Էնդրյու Քերոլին: Անգլիացու հետ ևս 5.5 տարվա պայմանագիր կնքվեց: Քերոլը, ով Անգլիայի ընթացիկ առաջնությունում անց է կացրել 19 խաղ և դարձել 11 գոլի հեղինակ, վերցրեց 9 համարի մարզաշապիկը:
Իսկ Ֆեռնանդո Տորե՞սը... կհարցնեն շատեր: Նա այսուհետ "Արիստոկրատ" է: 26-ամյա իսպանացու համար "Չելսին" 50 մլն ֆունտ ստեռլինգ վճարեց, այդ թվում պետք է ասել, որ լոնդոնցիները Տորեսին շաբաթական 175 հազար ֆունտ աշխատավարձ պետք է վճարեն: Իսպանացու հետ պայմանագիր է կնքվել 5.5 տարով: Հավելենք, որ իսպանացի Էլ Նինյոն հասավ իր ուզածին` հայտվեց մի ակումբում, որը պայքարում է միայն տիտղոսների համար, ինչպես նաև "Լիվերպուլին" մեծ եկամուտներ բերեց, որի շնորհիվ այսուհետ  կարմիր մարզաշապիկով կարող ենք տեսնել Սուարես-Քերոլ հարձակվողական զույգին: Բացի այս աղմկոտ տրանսֆերից, "կապույտները" պորտուգալական "Բենֆիկայի" հետ վերջնական համաձայնության եկան բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզի շուրջ: Լուիզի համար "Չելսին" վճարել է 20 մլն եվրո, բայց սպասվում է, որ այն կարող է աճել ևս 5 միլիոնով, եթե Լուիզը "Չելսիում" հասնի որոշակի արդյունքների, որոնք դեռ գաղտնի են պահվում:
Իսկ ահա Լիգայի առաջատար "Մանչեսթեր Յունայթեդը" համալրվեց միայն Անդերս Լինդեգարդով, սակայն կորցրեց Ֆեդերիկո Մակեդային, ով վարձավճարային հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտը կխաղա հարազատ "Սամպդորիայում":
Հավելենք նաև, որ ռուսական "Զենիթի" բելոռուս հարձակվող Սերգեյ Կորնիլենկոն տեղափոխվել է համեստ "Բլեքպուլ":
Հ.Գ. Այսպիսի մեծ գումարներ դեռևս երբեք Անգլիայում ձմեռային տրանսֆերների վրա չէին ծախսվել, ու դա է պատճառը, որ "Կարմիր սատանաների" անգլիացի պաշտպան Ռիո Ֆերդինանդը զարմանք է հայտնել, թե արդյոք իրականում նման գումարներ արժե վճարել խաղացողների համար: Ֆերդինանդն ասել է. "Կատալոնական "Բարսելոնան" Վիլյայի համար 35 մլն ֆունտ է վճարել, բայց տղան Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն է, հասուն ֆուտբոլիստ, իսկ ահա Քերոլը դեռ 21 տարեկան է ու Անգլիայի հավաքականում դեռ 1 խաղ է անցկացրել: Արդյո՞ք արժե նման տղաների համար այդքան մեծ գումարներ ծախսել": Իսկ ահա "Արսենալի" 19-ամյա խաղացող Ջեկ Ուլշերն էլ իր միկրոբլոգում հեգնական գրել է. "Ես նույնպես տեղախոխվում եմ. բազմոցից անցում եմ կատարում դեպի մահճակալ":
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 407 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0