Home » 2011 » Փետրվար » 25 » "Բավարիան" ռևանշի հասնելու ճանապարհին է
09:32
"Բավարիան" ռևանշի հասնելու ճանապարհին է
 Անցած տարի մայիս ամսին Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում կայացած "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ խաղում իտալական "Ինտերը" խաղային առումով զգալիորեն գերազանցեց իր մրցակից "Բավարիային" ու նվաճեց բաղձալի գավաթը: Այս անգամ "Բավարիան" ռևանշի հասնելու հնարավորություն է ստացել: Թիմերը հանդիպեցին "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում: Առաջին հանդիպումն անցավ "Ինտերի" հարկի տակ` լեգենդար "Ջուզեպպե Մեացա" մարզադաշտում, որը լեփ-լեցուն էր հանդիսականներով:
Հանդիպումն անցավ հենց այն սցենարով, որին սպասում էր հանդիսատեսը. իհարկե, դժվար է նման խաղերում գոլային հրավառությունների սպասել, բայց այ անզիջում պայքար դաշտի ամեն մի սանտիմետրի համար, կիրք ու մեծ նվիրվածություն, անշուշտ, կարելի էր ակնկալել:
Առաջին խաղակեսն անցավ աշխույժ ու դիտարժան պայքարում. երկու թիմերն էլ ցանկանում էին արագ գոլի հեղինակ դառնալ, բայց հիանալի էին գործում թիմերի դարպասապահները, որոնք կարողանում էին ճիշտ կառուցել իրենց պաշտպանությունը: "Ինտերը" որպես դաշտի տեր միանգամից առաջ նետվեց` փորձելով ցույց տալ, որ կրկին հզորացել է, սակայն ոչինչ չստացվեց: Իսկ "Բավարիան" շատ գրագետ էր պաշտպանվում, հարկ եղած դեպքում էլ Ռոբենի ու Ռիբերիի միջոցով արագ հակագրոհներ ձեռնարկում: "Ինտերն" ամեն կերպ ցանկանում էր գոլի հեղինակ դառնալ, բայց "Բավարիան" էլ իտալացիների` արագ գոլ հեղինակելու անհագ տենչը փշրեց` գնդակի վերահսկումն իր ձեռքը վերցնելով: Առաջին խաղակեսի միջնամասում իտալացիները կրկին աշխուժացան. նախ Էտո'ոն հիանալի ճեղքում ձեռնարկեց, բայց նրան շատ կոպիտ կանգնեցրեց Տիմոշչուկը, իսկ մրցավարը այդ դրվագում խախտում չնկատեց, ապա Էտո'ոյի հոյակապ փոխանցումից հետո այս անգամ էլ Կամբիասոն դանդաղեց, իսկ Կրաֆտն էլ շատ արագ կողմնորոշվեց` շտապ տիրելով գնդակին: Իր հերթին "Բավարիան" էլ գոլեր խփելու հնարավորություն ստացավ. նախ Ռիբերիի գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, ապա րոպեներ անց գլխով հարվածեց նաև Ռոբենը. գնդակը սլացավ դեպի երկրպագուների կողմը: Առաջին կեսի ավարտին կրկին հիանալի պահ կորցրեց Էտո'ոն, իսկ մյունխենցիների պատասխանը չուշացավ. Մարիո Գոմեսը Լամի փոխանցումից հետո չկարողացավ ճիշտ հարվածել գնդակին: 0-0 հաշվով թիմերը գնացին ընդմիջման:
Երկրորդ խաղակեսն էլ ավելի դիտարժան ստացվեց: Այս անգամ արդեն գրոհողի դերում վան Գալի սաներն էին, իսկ ահա Լեոնարդոյի թիմը ստիպված էր պաշտպանվել: "Բավարիան" վերջնականապես հարմարվեց "Ջուզեպպե Մեացա" մարզադաշտին ու սկսեց անդադար գրոհել, իսկ "Ինտերն" էլ հույսը դրեց արագ հակագրոհների վրա: Հանդիպման 47-րդ րոպեին վտանգավոր հարվածեց Ռոբենը, 10 րոպե անց մյունխենցիները պարտավոր էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Ռոբենի հարվածց հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Խաղի 75-րդ րոպեից իտալացիներն ուշքի եկան ու սկսեցին ավելացնել խաղի տեմպը. այժմ էլ նրանք էին փորձում գրոհել: Նախ Էտո'ոյի հարվածից հետո գնդակին հանգիստ տիրեց Կրաֆտը, մի քանի րոպե անց էլ արգենտինացի Կամբիասոն անհասկանալիորեն չկարողացավ գրավել Կրաֆտի պաշտպանած դարպասը. գնդակը շեղ ընթացավ:
Հանդիպման վերջում "Ինտերի" ֆուտբոլիստներն ուղղակիորեն պաշարեցին "Բավարիայի" դարպասային հրապարակը. հարվածները հետևում էին միմյանց, սակայն կամ Կրաֆտն էր հիանալի խաղում, կամ էլ պաշտպաններն էին ժամանակին հասցնում փակել գնդակի ճանապարհը: Թվում էր, թե ուր որ է միլանցիները գոլ կխփեն, բայց կատարվեց անհասկանալին. մրցավարի ավելացրած ժամանակի վերջին վայրկյաններին վան Գալի սաներն արագ հակագրոհ ձեռնարկեցին: Ռոբենն իր վրա վերցրեց խաղը և վտանգավոր հարված կատարեց, Ժուլիո Սեզարը չկարողացավ որսալ գնդակը, սակայն հետ մղեց այն ուղիղ Գոմեսի ոտքին, վերջինիս էլ մնում էր միայն գրավել դատարկ դարպասը. 1-0 "Բավարիան" առաջ է անցնում հաշվի մեջ: Իսկ ահա "Ինտերի" խաղացողներն այլևս ժամանակ չունեին խաղը փրկելու համար:
Մրցակցի հարկի տակ կարևոր հաղթանակ տոնելով` վան Գալի թիմը զգալիորեն մեծացրեց իր` հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:

Խաղի հերոսը. այս հանդիպման իրական ու լավագույն հերոսը "Բավարիայի" դարպասապահ Թոմաս Կրաֆտն է: Երիտասարդ տղան իրեն հիանալի դրսևորեց` հետ մղելով "ներաձուրիների" ֆուտբոլիստների իրականացրած բոլոր հարվածները, ու իր թիմին օգնեց հասնելու այսքան բաղձալի հաղթանակին: Պատահական չէ, որ խաղից հետո բոլորը նախևառաջ շնորհավորում էին հենց Կրաֆտին, ապա նոր մնացած խաղընկերներին:
Հ.Գ. Թոմաս Կրաֆտի ցուցադրած խաղը ստիպեց մեզ մտածել, թե արդյո՞ք Նոյերի տեղը Գերմանիայի ազգային հավաքականում անսասան է ու հիմնական: Այս տղան ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում կարող է դառնալ լեգենդար Օլիվեր Կանի արժանի հետևորդը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 566 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0