09:06 Չեմպիոնների լիգա. Ռաուլի ռեկորդը և "Վալենսիան" | |
Իր աստղային հարձակվող Ռաուլի օգնությամբ ու նվիրական ջանքերով գերմանական "Շալկեն" բարեհաջող հանձնեց "Վալենսիայի" "Մեստալիա" մարզադաշտում կայացած "քննությունը"$CUT$: Գելզենկիրխենյան թիմը Իսպանիայից հեռացավ բարձր պահած գլխով. իր ցուցադրած խաղով "Շալկեն" շատերին ցույց տվեց, որ լուրջ մտադրություններ ունի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, թեպետ Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանը Մագաթի թիմի համար շատ անհաջող ստացվեց: Մադրդյան "Ռեալի" նախկին առաջատար Ռաուլն արդեն մերվել է գերմանական թիմի խաղաոճին ու գերազանց խաղ է ցուցադրում: Մի քանի անգամ Ռաուլը վտանգավոր ճեղքումներ կատարեց "չղջիկների" պաշտպանությունում, սակայն դրանք վերածել գոլերի այնքան էլ դյուրին չէր, քանի որ "Վալենսիան" էլ բավականին ամուր թիմ է` համալրված երիտասարդ կատարողներով:
Առաջին խաղակեսի 17-րդ րոպեին "Վալենսիան" եզրային գրոհ կազմակերպեց: Ժերեմի Մատյեն եզրից գնդակը ցածրից ուղարկեց դեպի "Շալկեի" տուգանային հրապարակ, որտեղ պաշտպան Մեթսելդերից ավելի արագ գտնվեց "չղջիկների" հարձակվող Ռոբերտո Սոլդադոն` գնդակը մխրճելով Նոյերի պաշտպանած դարպասը: Խփված գոլից հետո խաղի դիտարժանությունն ավելացավ, սակայն այդպես էլ առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց գերմանական թիմը, որը հանդիպման 64-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը. ձախ եզրում ստանալով գնդակը` Խուարդադոն այն փոխանցեց Ռաուլին, վերջինս էլ իր վարպետության շնորհիվ նախ ապակողմնորոշեց պաշտպանին, հետո էլ կարողացավ գրավել Գուայիտայի պաշտպանած դարպասը` 1-1: Խաղի նման սցենարը ձեռնտու էր միայն Մագաթի թիմին, որը սկսեց խաղալ ժամանակի վրա, մինչդեռ "Վալենսիան" ամբողջ թիմով նետվել էր հարձակման` հաղթական գոլ խփելու ակնկալիքով: "Չղջիկների" գրոհների տարափը կասեցնելու համար "Շալկեի" խաղացողները դիմում էին ամեն քայլի, դա էր պատճառը, որ արդեն մրցավարի կողմից ավելացված վերջին րոպեին պաշտպան Լուկաշ Շմիտցը հեռացվեց խաղից, թեև "Վալենսիայի" թվային առավելությունը տևեց ընդամենը մի քանի վայրկյաններ, որոնց ընթացքում ոչինչ անել չհաջողվեց: Խաղի հերոսը. մեր կողմից այս հանդիպման լավագույն խաղացող ենք ճանաչել իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլին, ով ամբողջ խաղի ընթացքում և պաշտպանական գործողություններին էր մասնակցում, և հարձակվողական` երկրպագուներին հիշեցնելով իր երիտասարդական տարիների խաղը: Ռաուլը մի քանի հիանալի փոխանցումներ կատարեց իր խաղընկեր Հունտելարին, դարձավ նաև կարևոր գոլի հեղինակ և ռեկորդ սահմանեց. եվրոգավաթներում իսպանացին խփեց իր 70-րդ գոլը, որը մեկ գնդակով ավելի է, քան գերմանացի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերինախկինում արձանագրված ցուցանիշը: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |