23:17 Եվրոպական խճանկար | |
**Իսպանական մի շարք պարբերականներ տեղեկացնում են, որ կատալոնական "Բարսելոնայի" առանցքային կիսապաշտպան Չավի Հերնանդեսն Իսպանիայի առաջնության Բիլբաոյի "Ատլետիկի" հետ հանդիպման ժամանակ փոքր վնասվածք է ստացել: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստի բուժզննումից հետո պարզ է դարձել, որ "Ոսկե գնդակի" հավակնորդներից մեկի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի կտրվածք: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վերականգնման համար կպահանջվի մոտ մեկ շաբաթ: Այսպիսով, Չավին կկարողանա մասնակցել "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում Լոնդոնի "Արսենալի" հետ Լոնդոնի "Էմիրեյթս" մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպմանը, սակայն բաց կթողնի "Մալյորկայի" և "Վալենսիայի" հետ խաղերը: ** Գերմանական Դորտմունդի "Բորուսիան" վեց շաբաթ ժամկետով կորցրել է թիմի ավագ, հիմնական դարպասապահ Ռոման Վայդենֆելերին: Նա վնասվածք է ստացել գերմանական "Բունդեսլիգայի" առաջատարների մարզման ժամանակ` պաշտպան Մատս Հումելսի հետ բախվելիս: Ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը, բժիշկները հայտնաբերել են նրա մոտ ծնկի կապանի կտրվածք, իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլիստը լավագույն դեպքում բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու հանդիպումները, որոնք կլինեն Մյունխենի "Բավարիայի" և "Քյոլնի" հետ: Նշենք, որ այդ խաղերում նրան կփոխարինի 22-ամյա ավստրիացի դարպասապահ Միտչել Լանգերակը, ով "Բորուսիա" է տեղափոխվել 2010թ.-ին "Մելբուրն Վիկտորիայից", բայց ակումբի կազմում առայժմ ոչ մի հանդիպում չի անցկացրել: **ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ 2010թ.-ի ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման շնորհիվ նրա գլխավորած կազմակերպությունը 1,2 մլրդ. դոլար պահուստային ֆոնդ ունի: Ընդ որում Բլատերն ընդգծել է, որ 2010թ.-ի ֆինանսական արդյունքները գերազանցել են 2006թ.-ի ցուցանիշը, երբ ֆուտոլի աշխարհի առաջնությունն անցկացվում էր Գերմանիայում: **Մադրիդյան AS պարբերականը տեղեկացնում է, որ իսպանական Մադրիդի "Ատլետիկոյի" ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մարզումը ձախ ծնկի վնասվածքի պատճառով: Նշենք, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ մադրիդցիների կիսապաշտպան Խուան Վալեռայի հետ բախման արդյունքում: Թիմի բժիշկների զննումից հետո ֆուտբոլիստը փորձել է վազել, սակայն արդյունքում լքել է դաշտը և վերադարձել հանդերձարան: Ավելացնենք, որ շուտով հարձակվողը մանրակրկիտ բուժհետազոտություն կանցնի, ինչից հետո պարզ կդառնա վնասվածքի բարդության աստիճանը և վերականգնման համար նախատեսված ժամկետը:
| |
|
Total comments: 0 | |