14:38 Եզրափակչում "Սուպերկլասիոկոյի" ականատես կլինենք | |
Երեկ ուշ երեկոյան որոշվեցին Իսպանիայի "Թագավորական գավաթի" խաղարկության եզրափակչի մասնակիցները: Նախ իր հանդիպումն անցկացրեց կատալոնական "Բարսելոնան", որն առաջին խաղում գրեթե ապահովել էր իր տեղը եզրափակչում` 5-0 հաշվով առավելության հասելով կիսաեզրափակչի իր մրցակից "Ալմերիայի" նկատմամբ: Պատասխան խաղին "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել էր հանգստի հնարավորություն տալ իր թիմի առաջատարներին` Խավիին, Ինյեստային ու Մեսսին: Չնայած կատալոնական ակումբի կրած կադրային մտածված կորուստներին, այնուամենայնիվ այս խաղում էլ թիմը հաղթանակ տոնեց խոշոր` 3-0 հաշվով:
Եզրափակչի 2-րդ մասնակիցը որոշվում էր Մադրիդի "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում, որտեղ Ժոզե Մոուրինյոյի թիմին դիմակայելու էր եկել անդալուզյան "Սևիլյան": Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր "գալակտիկոսների" արտագնա, նվազագույն հաղթանակով (հանդիպման միակ գոլի հեղինակ էր դարձել "Ռեալի" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման): Իսպանիայի մայրաքաղաքում կայացած հանդիպումն անցավ հետաքրքիր ու դիտարժան, հավասար ու անզիջում պայքարում, սակայն ֆուտբոլային բախտն այդ օրը "Ռեալի" օգտին էր, որն էլ կարողացավ հանդիպման վերջնամասում 2 գոլ խփել ու կարևոր հաղթանակ տոնել: Այսպիսով` ապրիլի 20-ին կկայանա "Արքայական գավաթի" եզրափակիչը, որտեղ միմյանց հետ կմրցեն հավերժական մրցակիցներ "Ռեալն" ու Բարսելոնան": Գալիք եզրափակչի մասին իսպանական Marca պարբերականի լրագրողների հետ խոսել են երկու թիմերի մարզիչները: Մոուրինյոն կարճ է արտահայտվել. "Մեր` եզրափակչի հակառակորդը շատ յուրահատուկ թիմ է: Հունվարն իմ թիմի համար շատ ծանր էր ու հագեցած, իսկ ահա եզրափակիչը լինելու է հեռավոր ապրիլի 20-ին, մինչ այդ մենք շատ անելիքներ ունենք: Դեռ շուտ է նախնական եզրահանգումներ անելը": Իսկ ահա Գվարդիոլան ավելի մանրամասն է խոսել իր ապագա մրցակցի մասին. "Մեր` եզրափակիչ դուրս գալն օրինաչափ էր. սա դժվարին աշխատանքի արդյունք է: Էլ ավելի ծանր կլինի "Ռեալի" հետ եզրափակչում կայանալիք խաղը: Կարծում եմ` Մոուրինյոյի թիմը դեռ չի մոռացել այն ծանր պարտությունը, որը կրեց առաջին խաղաշրջանի ժամանակ, այդ պատճառով էլ շատ ավելի վճռական տրամադրված կլինի: Շատ կարևոր է, որ մենք չկորցնենք մեր խաղային ռիթմը և ապրիլի 20-ին ցուցադրենք մեր ֆուտբոլը": | |
|
Total comments: 0 | |