Home » 2011 » Փետրվար » 17 » Կամային հաղթանակ վենգերյան ոճով
10:00
Կամային հաղթանակ վենգերյան ոճով
 Երեկ Լոնդոնի "Էմիրեյթս" մարզադաշտում իրար բախվեցին ֆուտբոլային գրեթե միևնույն փիլիսոփայությունն ունեցող թիմեր` Արսեն Վենգերի "Արսենալը" և Պեպ Գվարդիոլայի "Բարսելոնան": Խաղն անցավ անչափ հետաքրքիր պայքարում: "Զինագործները" խաղադաշտ էին մտել բարձր տրամադրությամբ ու մոտիվացիայով, թեպետ առաջին խաղակեսի գոլային ամենավտանգավոր պահերը ստեղծում էին "կապտանռնագույնները": Վերհիշելով անցած տարի կրկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Լոնդոնում տեղի ունեցած առաջին հանդիպումը (խաղն ավարտվել էր մարտական 2-2 հաշվով)` ֆուտբոլասերներից շատերը կարծում էին, թե այս անգամ կատալոնական գրանդը հեշտությամբ կտապալի Վենգերի երտասարդներին, քանի որ խաղից ժամեր առաջ դեռևս պարզ չէր, թե ովքեր են լինելու "Արսենալի" մեկնարկային կազմի խաղացողները: Վերջին 5 հանդիպումները երկու թիմերն էլ միանման կերպով էին անցկացրել` 4-ական հաղթանակ և մեկական ոչ-ոքի, և սա լրացուցիչ հետաքրքրություն էր ավելացրել այս հույժ կարևոր հանդիպմանը:
Առաջին խաղակեսում կատալոնացիները փորձում էին իրենց ֆուտբոլը ցուցադրել. վերցնել գնդակը ու ձեռք բերել տարածքային առավելություն մրցակցի նկատմամբ: Շատ լավ հնարավորություն կորցրեց "Բարսելոնայի" առաջատար Լեո Մեսսին, ում հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: Մեսսիին պատասխանեց լոնդոնցիների հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին, ում հարվածից հետո Վալդեսը փրկեց իր թիմին: Հանդիպման 26-րդ րոպեին Մեսսին կտրող գեղեցիկ փոխանցում կատարեց Դավիդ Վիլյային, իսկ վերջինս էլ, մեն-մենակ հայտնվելով դար- պասապահ Շչեսնիի դիմաց, սառնասրտորեն գրավեց դարպասը` 1-0 հօգուտ կատալոնական թիմի: Երբ կատալոնացիները գոլ են խփում, շատ հաճախ նրանց մրցակիցներն ընկճվում են ու այլևս չեն ցանկանում պայքարել, բայց նման բան այս հանդիպման ժամանակ տեղի չունեցավ:
Բաց թողած գոլից հետո "Արսենալը" Ֆաբրեգասի և Ուիլշերի ջանքերով մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն "կապտանռնագույնների" պաշտպանությունն առաջին խաղակեսում անթերի գործեց` փակելով "զինագործների" արագավազ եզրայիններին` Սամիր Նասրիին ու Թեո Ուոլքոթին: Վենգերի սաների մոտ շտապողականություն էր զգացվում, մինչդեռ "Բարսելոնան" ոչ մի տեղ էլ չէր շտապում ու այդպես կարողացավ առաջին խաղակեսն իր օգտին ավարտել:

Երկրորդ կեսը սկսվեց այնպես ինչպես առաջինը. "Բարսելոնան" պրեսինգի էր դիմում դաշտի յուրաքանչյուր հատվածում, որտեղ հայտնվում էր գնդակը: Առաջին վտանգավոր պահը, սակայն, ստեղծեցին "կանոնիրները". Ջեկ Ուիլշերը բավականին ուղիղ հարված կատարեց, ավելին` այդ հարվածն այնքան ուղիղ էր, որ հայտվեց ուղիղ Վալդեսի ձեռքերում: Մինչև 55-րդ րոպեն Վենգերի սաների մոտ գրեթե ոչինչ չէր ստացվում, բայց դրանից հետո "Արսենալն" ուղղակի պայթեց. Ֆաբրեգասն ու Ուիլշերն իրենց վրա վերցրին խաղընկերներին փոխանցումներով մատակարարելու պարտականությունը, իսկ Նասրին, Ուոլքոթն ու վան Պերսին չէին կարողանում օգտագործել ընձեռված հնարավորությունները:
Հանդիպման 78-րդ րոպեին, երբ Վենգերը ձախ եզրից աջ էր տեղափոխել Նասրիին, խաղադաշտ մտցրել Անդրեյ Արշավինին, "զինագործները" վտանգավոր հակագրոհ կազմակերպեցին: Արշավինը նախ փորձեց ինքնուրույն ճեղքել "Բարսելոնայի" բետոնե պաշտպանությունը, բայց տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, գնդակն ուղարիկեց հետ Գայել Կլիշիին, վերջինս էլ այն փոխանցեց առաջ վան Պերսիին: Հայտնվելով աննպաստ դիրքում` հոլանդացին որոշեց այնուամենայնիվ հարված կատարել: Թվում էր, թե Վալդեսը հեշտությամբ հետ կմղի գնդակը, բայց այդ ամենը միայն թվում էր, քանի որ խաղի հաշիվ դարձավ 1-1: Ոգևորված ձեռք բերածով` "Արսենալը" շարունակեց ռիսկի դիմել. կատալոնացիների դեմ կիրառվում էր ճնշիչ պրեսինգ դաշտի յուրաքանչյուր սանտիմետրում, թեև կար վտանգ, որ մեկ կտրող փոխանցման միջոցով "Բարսելոնան" կարող էր ամեն ինչ խառնել լոնդոնցիների պաշտպանական կառույցներում:
Խաղի 83-րդ րոպեին Ուիլշեր-Ֆաբրեգաս-Նասրի եռակողմ համագործակցությունից հետո, վերջինս հայտնվեց նպաստավոր դիրքում և գնդակը փոխանցեց Արշավինին, ով էլ 23 մետրից գեղեցիկ հարված կատարեց` Վալդեսի ցանցում մխրճելով գնդակը. 2-1 հաշվով այժմ հաղթում էր "Արսենալը":
Գվարդիոլան հանդիպման նման զարգացման չէր սպասում, այդ իսկ պատճառով էլ չկարողացավ ճիշտ փոխարինումների միջոցով
հետագա 10 րոպեների ընթացքում փրկել խաղը:
2-1 հաշվով հաղթանակ տոնեց Վենգերի թիմը, սակայն այս դիմակայության ֆավորիտը դեռևս Կատալոնիան ներկայացնող "Բարսելոնան" է:

Խաղի հերոսը. մեր կարծիքով խաղի հերոս կարելի է ճանաչել "Արսենալի" բոլոր խաղացողներին` և նրանց, ովքեր դուրս եկան փոխարինման, և նրանց, ովքեր խաղադաշտում խաղացին ողջ 90 րոպեն: Այնուամենայնիվ, լավագույն խաղացող կարելի է համարել մեկին, իսկ այդ մեկը մեր կարծիքով "զինագործների" ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին է: Պատահական չէր, որ խաղից առաջ լրատվամիջոցների համար թիվ մեկը խնդիրը Նասրիի խաղալու-չխաղալու հանելուկն էր: Ֆրանսիացին թեև վնասվածքից նոր էր ապաքինվել, սակայն խաղադաշտում անցկացրեց 90 րոպե, կատարեց գոլային փոխանցում, մասնակցեց իր թիմի պաշտպանական գործողություններին, առաջին խաղակեսում օգնեց Կլիշիին փակել Դանի Ալվեշին. մի խոսքով նա դաշտում լավագույնն էր:
Հ.Գ. Հետաքրքիր է, բայց փաստ. մենք հանդիպման հենց նման սցենար էինք մտածել, այդ պատճառով էլ գուշակել էինք խաղի հաշիվ հանդիպումից մի քանի օր առաջ:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 561 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 1