Home » 2011 » Փետրվար » 18 » Կառլեն Մկրտչյանը հույս ունի մասնակցել Ռուսաստանի հետ հանդիպմանը
22:39
Կառլեն Մկրտչյանը հույս ունի մասնակցել Ռուսաստանի հետ հանդիպմանը
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մի քանի ամիս առաջ Կրասնոդարի "Կուբանի" կազմում փորձաշրջան  անցնելու ժամանակ վնասվածք է ստացել  և դրա ապաքինման համար վիրահատության անհրաժեշտություն է առաջացել: Գերմանիայում կատարված հաջող վիրահատությունից հետո Հայաստանի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստը մեկնել է Կիպրոս, որտեղ "Փյունիկն" անցկացնում էր ուսումնամարզական հավաք:
Նշենք, որ Մկրտչյանը ներկա է գտնվել նաև Կիպրոսում կայացած Հայաստան-Վրաստան ընկերական հանդիպմանը և երեկ փյունիկցիների հետ վերադարձել  է Երևան և հանդիպում ունենալով ArmSport.am կայքի լրագրողի հետ` պատասխանել է նրա հարցերին։
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն տեղեկացրել էր, որ վիրահատությունը հաջող է անցել...
Իրոք, այն բարեհաջող է ընթացել: Դա բարդ վիրահատություն չէր,  և արդեն մի քանի օր հետո Կիպրոսում սկսեցի մարզումներս: Ճիշտ է, դրանք դեռևս ծանրաբեռնված բնույթ չէին  կրում, և ես անհատական ծրագրով էի մարզվում: Մի քանի օրից  արդեն հնարավորություն կունենամ  անցնելու լիարժեք մարզումների:
Փորձաշրջանը Կրասնոդարի "Կուբանում" անավարտ մնաց: Հնարավո՞ր է, որ ռուսական թիմից հրավեր ստացվի:
Այս հարցում անորոշ վիճակ է: Տեղյակ եմ, որ մարզիչների վրա դրական տպավորություն եմ թողել, իսկ  թե կցանկանա՞ն նրանք օգտվել իմ ծառայություններից, դժվարանում եմ ասել:
Եթե այդ տեղափոխությունը, այնուամենայնիվ, չկայանա, շա՞տ կվհատվես:
Չեմ վհատվի, այլ պարզապես կափսոսամ:  Չարաբաստիկ վնասվածքը ստացա շատ անհարմար ժամանակ, սակայն ոչինչ անել չես կարող. ոչ մի ֆուտբոլիստ ապահովագրված չէ վնասվածքներից: Եթե չկայանա տեղափոխությունս, կշարունակեմ հանդես գալ "Փյունիկում": Այժմ առավել կարևորում եմ այն,  որ որքան հնարավոր է շուտ լավ մարզավիճակի մեջ մտնեմ:
Իսկ կհասցնե՞ս պատրաստ լինել մարտի 26-ին  Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը:
Ամեն ինչ ինձնից է կախված: Հուսով եմ` մինչև այդ կարևորագույն հանդիպումը ձեռք կբերեմ լավագույն մարզավիճակ և կմասնակցեմ խաղին: Փետրվարի 21-ին "Փյունիկը" մեկնում է Անթալիա, որտեղ կանցկացվի մեր վերջին հավաքը: Այդտեղ էլ  կձգտեմ մարզումների միջոցով վերադարձնել վնասվածքի հետևանքով բաց թողածը:
Կիպրոսում  Վրաստանի հավաքականի հետ հանդիպմանը հետևում էիր որպես հանդիսական: Ինչպե՞ս կգնահատես մեր թիմի խաղը:
Հավաքականը երկար ժամանակ չէր խաղացել և դա չէր կարող իր ազդեցությունը չթողնել: Կարծում եմ, որ  ի տարբերություն առաջին խաղակեսի, երկրորդում մեր թիմը լավ խաղաց: Ճիշտ է, պարտվեցինք, սակայն այն օգտակար էր, քանի որ բացահայտվեց մեր հավաքականի ուժեղ և թույլ կողմերը:
Խաղային այն դիրքում, որտեղ դու ես հանդես գալիս, խաղաց Արտակ Եդիգարյանը: Ինչպիսի՞ն է տպավորությունդ Արտակի խաղից:
Արտակը շատ լավ խաղաց: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է և այդ խաղում կրկին ապացուցեց, որ տարբեր դիրքերում կարող է բարձր մակարդակով հանդես գալ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 412 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0